«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2012-03-01 | #39, 2012-03-02 | #40, 2012-03-03


«ԱՐՏ-ԷՔՍՊՈ-2012»-Ըՙ ՄԱՐՏԻ 3-5-Ը

Ավանդույթի համաձայն, արդեն չորրորդ անգամ մշակույթի նախարարությունը Հայաստանի նկարիչների միությունում անցկացնում է արվեստների ավանդական «Արտ-Էքսպո» ցուցահանդեսը: Իր բնույթով հաշվետու ցուցահանդեսն իր ուրույն եւ հաստատուն տեղն է գտել հանրապետության մշակութային կյանքում: Պետք է նշել, որ տարեցտարի ցուցահանդեսներն առանձնանում են իրենց բնույթով, ներկայացման ձեւով, գաղափարական լուծումներով եւ միանգամայն նոր մեկնաբանությամբ:

Ցուցահանդեսի երկու հարկերում իրենց ողջ տարվա գործունեությունն են ներկայացրել մշակույթի ոլորտի հինգ տասնյակ կազմակերպություններ: Շուրջ 44 հատվածներում ներկայացված են ավելի քան 200 ծրագրեր, նախագծեր: Իսկ 35 շնորհանդեսների միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ անցած տարվա հայրենական մշակույթի արտադրանքին, մշակութային կյանքի հիշարժան դրվագներին, նաեւՙ առաջիկա ծրագրերին:

«Ազգի» հարցին պատասխանելով, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց. «Այս ցուցահանդեսը նաեւ նրա համար է, որպեսզի մենք ճիշտ գնահատենք կատարված աշխատանքները եւ նրանց գնահատենք ըստ արժանվույն: Հաշվի առնելով, որ հոբելյանական տարի է եւ մենք երկու խոշոր տոն ունենքՙ «Հայ տպագիր գրի 500-ամյակը» եւ «Երեւանը գրքի մայրաքաղաք, ողջ տարի գիրքը լինելու է օրվա հերոսըՙ բոլոր ձեւաչափերով»:

Նման ցուցահանդեսը այն հարթակն է, որից արված ցատկը շատ հաճախ վերածվում է գեղեցիկ ու բարձր թռիչքի, երբեմն նաեւՙ ճախրանքի: Հուսանք եւ սպասենք:

Ցուցահանդեսը դիտելու էր եկել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ հիացած տաղավարից-տաղավար էր շրջում, ծանոթանում ձեռքբերումներին, նաեւՙ վայելում ջազային հրաշալի երաժշտություն:

Նախագահը ցուցահանդեսից ստացած տպավորությունները գրառեց հատուկ գրքում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4