Մարտի 4-ին Ռուդոլֆ Խաչատրյանը կդառնար 75 տարեկան
1991 թվականին գեղանկարիչ Ռուդոլֆ խաչատրյանը Երեւան եկավ նոր ցուցահանդեսով: Այն բացվեց Հայաստանի ազգային պատկերասրահում: Բոլոր նրանք, ովքեր Ռուդոլֆ Խաչատրյանին գիտեին որպես գեղանկարիչ, զարմանքով նկատեցին սյուրռեալիստական ոճի այս նկարների ցուցադրումը: Նա դրա բացատրությունը տվեց այնպես, ինչպես իր նոր նկարներն էին, ինչպես իր նոր ոճն էր.
- Մենք իրականությունը սոսկ վկայող չենք. մենք ստեղծում ենք մի աշխարհ, որը նույնքան իրական է, որքան հենց ինքըՙ իրական աշխարհը: Նկարչությունն իրական աշխարհի ներդաշնակությունն էՙ պատկերների արտահայտությամբ: Դա հաճախ նկարչի համար հենց այնպիսին է, ինչպես փոխանցվում է կտավին, եւ պարզվում է, որ դա հենց բոլորիս իմացած աշխարհն էՙ ա՛յս անկյունից նայվող: Ես ամեն վայրկյան ուզում եմ նոր լինել, նորովի ներկայանալ եւ ամեն վայրկյան էլ փոխվել: Ոչ թե հերքելով իմ անցյալը, երեկվանը, ընդհակառակն, այդ կապը պահելովՙ միշտ նոր բան պիտի ստեղծեմ: Նկարչությունն իմ մեջ անընդհատ կա, ինքն իրեն շարունակվում է, եւ ես նկարչության մասին մտածելու ժամանակ չեմ ունենում, դրա կարիքը չկա էլ: Չկա ինձ մոտ թեմաների հասկացություն: Ես ներդնում եմ իմ իմացածը, իմ ստեղծածը, եթե կուզեքՙ նաեւ իմ ուղղությունը եւ բնավ չեմ զգուշանում համադրել ավանդական փորձն ու նոր ուղղությունները: Նկարչությունը շարունակ նորություններ բերող արվեստ է:
Ցուցահանդեսի բացման օրը ես նրան հարցրի. «Նկարիչները պետք է երկար ապրեն, որ մեր միջավայրում գեղեցկությունը չպակասի»:
Կատակեց. «Կարող էիր ուղիղ հարց տալ, թե ես ինչքան եմ ուզում ապրել: Պատասխանեմ. ես ուզում եմ առողջ լինել, որովհետեւ դեռեւս շատ ասելիք ունեմ, որին հավատում եմ: Հենց որ ասելիքս սպառվի, ես անօգտակար լինեմ նոր բան ստեղծելու, այն ժամանակ ես կմեռնեմ»:
Ծրագիր ուներ Հայաստանի հետ կապված` ստեղծել արվեստանոց, ուր ներդներ իր իմացածը, ստեղծածը, ուղղությունը, ավանդական փորձն ու նոր ուղղությունները: Այս վերջին մտքի առումով հավելեց. «Նկարչությունը շարունակ նորություններ բերող արվեստ է»:
Բացի այդ` «Մի պարտք ունեմ Երեւանինՙ ավարտեմ «Իմ Երեւանը» նկարների շարքը: Ես Երեւանում եմ ծնվել, հիշում եմ հին Երեւանը, մեր ծառաշատ բակը, ուր բնիկ երեւանցիները զրույցի էին հավաքվում մեր բակի մեծ թթենու տակ: Իմ մեջ շատ վաղուց է այդ ցանկությունըՙ մեծ քանակությամբ նյութեր ունեմ իմ ապրած տարիների Երեւանից, շատ Էսքիզներ կան մինչեւ հիմա պահպանված, որոնք նկար պիտի դառնանՙ երեւի մի 20-25 կտավ կստեղծվի: Պիտի նկարվի, որպեսզի կատարված տեսնեմ իմ տարիների երազանքը: Դա իմ պարտքի հատուցումը կլինի իմ Երեւանին»:
Զրույցը քանի որ մտերմական էր, ես հարցրի. «Ձեր կարծիքով քանի՞ տարի կապրեք»:
Ոչ նեղացավ, ոչ էլ մտահոգվեց այս հարցից, այլ` «Կարծում եմ 80-ին կհասնեմ, չնայած երկու ինֆարկտ եմ տարել»:
Չհասցրեց...
Չհասցրեց նաեւ Հայաստան գալ ու իր հրաշալի մտահղացումներն իրականացնել:
... Նա «եկավ» Հայաստան 2007-ի օգոստոսին, եւ մենք ոչ թե ողջունեցինք նրա գալը, այլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանից ուղեկցեցինք քաղաքային Պանթոն:
Ռուդոլֆ Խաչատրյանի ամեն այց Երեւան, լիներ ցուցահանդեսի բացում, թե պարզապես այց իր ծննդավայր, միշտ նրա շուրջն էր հավաքում իր վաղեմի ընկեր-բարեկամներին, նրա արվեստով հիացողներին: Ռուդոլֆն ասող-խոսող, կատակասեր, աշխարհում շատ բան տեսածի, շատ իմացողի համարումի տեր հետաքրքրական զրուցակից էր: Պատանեկան տարիներին Երվանդ Քոչարի արվեստանոցում արվեստի ու գրականության մեծերի հետ նրա հանդիպումները մեծ ազդեցություն էին թողել նրա աշխարհայացքի ձեւավորման ու աշխարհընկալման վրա: Այդ ամենի հանրագումարը եւ բնատուր շնորհների ճիշտ ու ժամանակին դրսեւորումը նրա մեջ ձեւավորել էր պրոֆեսիոնալ նկարչին, հասուն մարդուն ու քաղաքացուն:
... Այս ամգամ էլի շատ էին նրա մոտ հավաքվողները: Բայց այս մի հավաքը հրաժեշտ էր` վերջին հրաժեշտը:
Ի՞նչը մնաց որպես մխիթարություն: Այն, որ մեր հայրենակցի աճյունն ամփոփվեց հայրենի հողում, եւ տաղանդավոր նկարչի հետ մեր ներքին երկխոսության վայրն արդեն ունենք` քաղաքային պանթեոնը: Այն, որ պիտի մշտապես ունենանք ու փայփայենք նրա կտավների ցուցադրումները հաճախակի դարձնելու մեր ցանկությունը: Այն, որ մեկ տանիք գտնելու խնդիր պիտի լուծենք, որպեսզի այդ տանիքի տակ հավաքել կարողանանք նրա ցիրուցան կտավները, եւ մեր այցելությունները հաճախակի դառնան այդ (թանգարա՞ն ասենք, թե՞ արվեստանոց) վայրը, որ պիտի կոչվի Ռուդոլֆ Խաչատրյանի տուն:
Հիշատակի խնկարկումի նման դրսեւորումներին ինչ անուն էլ տանք, միշտ պիտի հիշենք, որ այդ ամենն ավելի շատ ու ավելի շուտ մեզ է պետք, քան իրեն` Խաչատրյան նկարչին: Որովհետեւ նա հասցրեց անել այն ամենը, ինչ հասցրեց, իսկ նրա մասին սերունդներին պատմելը, դեպի իր կտավները տանող ճանապարհը բանուկ պահելն արդեն մեր խնդիրն է:
Արվեստի հանդեպ երկրի ու սերունդների բարի հայացքի փայփայանքն ուներ ինքըՙ Ռուդոլֆը, երբ խոսում էր անկախության ճանապարհի դժվարությունների հաղթահարման համար անհրաժեշտ համբերության ու կամքի մասինՙ հորդորելով «անցումային» կոչվող այս շրջանում չմոռանալ արվեստի ու մշակույթի գործիչներին. «Մենք ինտելեկտուալ ժողովուրդ ենք, արվեստ ստեղծող եւ արվեստ հասկացող ժողովուրդ: Դա դարերով ապացուցված բան է: Դա մեր հարստության ահռելի բաժինն է, որով կարող ենք աշխարհին ներկայանալ, աշխարհի թանգարաններում եւ ցուցահանդեսներում Շագալի, Կանդինսկու, Մալեւիչի, մյուսների կողքին մե՛ր արվեստագետների գործեր տեսնել»:
Հիմա, որպես խնկարկումն անվանի նկարչի, հրաշալի հայի հիշատակի, ուզում եմ ընթերցողի հետ վերհիշենք այդ ուրախ, կայտառ մարդու հետ ունեցած իմ այն ժամանակվա զրույցից որոշ հատվածներ:
- Դու կարոտո՞ւմ ես Երեւանին:
- Երեւանն իմ ծննդավայրն էՙ այն միշտ ինձ հետ է: Միշտ էլ եղել եմ Հայաստանի քաղաքացի, եւ որտեղ էլ որ լինեմ, հայրենիքը իմ մեջ է: Ինչպես Աստված միշտ պետք է մարդու մեջ լինիՙ կամ կա, կամ չկա: Նույն կերպ էլ ծննդավայրն էՙ մարդու մեջ կամ կա, կամ չկա, որտեղ էլ որ լինես: Ես իմ ծննդավայրը, իմ հայրենիքը ման եմ ածում ինձ հետ: Սովորաբար ինչպե՞ս է լինումՙ երբեմն կպչում ես ռադիոընդունիչինՙ մի ձայն որսալու, հայերեն մի խոսք լսելու, երկրիդ այսօրվա մի նորությունով ուրախանալու կամ հուզվելու: Ասելիքս է, որ հայրենիքը իմ մեջ եմ պահում միշտ եւ ամենուր: Ես կարոտախտ չունեմ: Ինչու՞, որովհետեւ անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ եմ, եւ ով անընդհատ մեծ ասելիք ունի, նա չի կարող կարոտախտ ունենալ: Կարոտն առաջանում է, երբ ասելիքդ է վերջանում:
- Որո՞նք են Երեւանի հետ կապված Ձեր մշտարթուն հուշերը:
- Դրանք շատ են, այնքան են, որքան ես կամՙ Հայաստանում լինեմ, Մոսկվայում, թե Լոնդոնում: Ես երջանիկ եմ, որ 15 տարեկանում ծանոթացա Երվանդ Քոչարիՙ ինտելեկտուալ, նուրբ, մեծ արվեստագետի հետ: Քոչարն ինձ ծանոթացրեց մեր մշակույթի բոլոր մեծերի հետ: Նրանց բոլոր հանդիպումներին ես կայի: Դա մի ամբողջ աշխարհ էր, գեղեցիկ, իմաստուն, անմոռաց աշխարհՙ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան....
- Այսօրվա եւ վաղվա Հայաստանի մասին Ձեր պատկերացումները:
- Ես գտնում եմ, որ հիմա դեռ շատ դժվարին ժամանակներ ենք ապրում, բայց բավականին փոխվել է: Մեկ տարի առաջ եմ եղել Հայաստանում, հիմա ավելի շատ ժպիտներ եմ տեսնում, լույս կա, կյանքը շարժվում է, ապագան պիտի լավ լինի: Համբերություն իմ ժողովրդին, այս է ցանկությունս:
Ռուդոլֆ Խաչատրյանի այս ցանկությունն էլ դարձնենք անվանի նկարչի ծննդյան 75-ամյակին ասելիք մեր խոսքը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ