Երեկ ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր գնահատականը տվեց Կիպրոսում ՀՀ հավաքականի անցկացրած ստուգողական 2 հանդիպումներին: Նա նշեց, որ ավելի շատ ուրախացել է սերբերի հետ խաղում մեր երիտասարդ ֆուտբոլիստների ելույթից, որոնք ջանք չխնայեցին ուժեղ մրցակցի հետ մրցավեճում: Նախագահը նաեւ իր դժգոհությունն արտահայտեց Էդգար Մալաքյանի, Գագիկ Դաղբաշյանի, Հովհաննես Համբարձումյանի եւ Վալտեր Պողոսյանի խաղից: Եթե առաջին երեքը գոնե պայքարում էին եւ իրենց հնարավորությունների չափով խաղացին, ապա Վալտեր Պողոսյանը խուսափում էր պայքարից: Ըստ Ռուբեն Հայրապետյանի, Պողոսյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է, մեծ ներուժ ունի ու հավաքականի մարզաշապիկը կրելով, չպետք է խուսափի պայքարից: Այսօր նրա հասակակիցները հայրենիքի սահմանն են հսկում, որպեսզի Պողոսյանը Կիպրոսում մարզվի ու լավ ֆուտբոլ խաղա:
ՀՖՖ նախագահն անդրադարձավ նաեւ դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, որի խաղամակարդակը վերջին 3 տարում չի աճել: Նրա կարծիքով, Մելիքսեթյանին այլեւս պետք չէ հրավիրել հավաքական, որը բացի սերբերի հետ խաղում սխալներ թույլ տալուց, չի համապատասխանում հավաքականին, ազդում է ստեղծված մթնոլորտի վրա: Նախագահի այդ տեսակետին ֆուտբոլասերներից շատերը համաձայն չեն ու սոցիալական ցանցերում քննադատել, նույնիսկ վիրավորել են Ռուբեն Հայրապետյանին: Վերջինս որոշել է դուրս գալ ֆեյսբուքից եւ այսուհետ իրեն ուղղված հարցերը պետք է ուղարկել ՀՖՖ մամուլի քարտուղարություն:
«Տարիներ առաջ հավաքականի անհաջող խաղերի համար բոլորն ինձ էին մեղադրում: Ես եմ պատասխանատու հավաքականի եւ նրա ֆուտբոլիստների, տիրող մթնոլորտի համար, ուստի նաեւ իրավունք ունեմ որոշումներ կայացնելու, հավաքականից հեռու պահելու այն ֆուտբոլիստներին, որոնք չեն համապատասխանում ստեղծված հիանալի մթնոլորտին: Այո, մարզիչն է ընտրում հավաքականի կազմը, տակտիկան, բայց մի մոռացեք, որ հենց ես եմ ընտրում մարզչին ու ես կարող եմ նրան հեռացնել վատ աշխատանքի դեպքում: Երբեք չեմ միջամտել մարզչի աշխատանքներին, թեեւ խաղերից հետո մշտապես Վարդան Մինասյանի հետ քննարկում ենք հավաքականի խաղը, տարբեր հարցեր: Լինում է նաեւ, որ մեր տեսակետները չեն համընկնում: Եթե Մինասյանը գտնի, որ Մելիքսեթյանին հետագայում հարկ է հրավիրել հավաքին, ապա ինձ թույլ չեմ տա արգելելու:
Այսօր մենք հիանալի հավաքական ունենք, հրաշալի երիտասարդ մարզիչ է Վարդան Մինասյանը: Շատերը թերահավատորեն էին վերաբերվում այն փաստին, որ Արազ Օզբիլիսը հանդես կգա մեր հավաքականում: Իսկ ես վստահ էի դրանում եւ տեսանք, թե նա ինչպիսի հիանալի խաղ ցուցադրեց: Անկասկած, Օզբիլիսը կուժեղացնի Հայաստանի հավաքականի խաղը: Մենք այսպիսի ջերմ մթնոլորտ ունեցող հավաքական դեռ չէինք ունեցել: Դուք չեք էլ պատկերացնի, թե հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ ինչ կարգի անհատական աշխատանք եմ կատարում. մեկին փայփայելով, մյուսինՙ սիրաշահելով, 3-րդի հետ ավելի խիստ վարվելով: Այնպես որ ոչ մեկին թույլ չեմ տա քիթը խոթել իմ աշխատանքի մեջ, որն, իմ կարծիքով, լավ եմ կատարում», նշեց Ռուբեն Հայրապետյանը:
Քանի որ ընկերական 2 խաղերից միայն Կանադայի հավաքականի հետ հանդիպումն էր վարկանիշային, ուստի այդ խաղում մեր ընտրանին խաղաց մարտական կազմով: Իսկ սերբերի հետ խաղում նախապես որոշվել էր փորձարկել երիտասարդական հավաքականի մի խումբ ֆուտբոլիստների: Ըստ նախագահի, այսօր այդ կազմից կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են համալրել ազգային հավաքականը:
ՀՖՖ նախագահը նշեց, որ այսօր էլ իրեն մտահոգում է 2-րդ դարպասապահի հարցը: Մի պահ ցանկանում էին հավաքական հրավիրել Ապուլա Բետեին, սակայն վերջինս ներկայումս իր թիմում չի խաղում: Բացի այդ էլ, Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Բետեն միայն փողի համար է խաղում: Իսկ մեր հավաքականի տղաները խաղում են երկրի պատվի համար: ՀՖՖ նախագահը ցուցում է տվել ակումբներին մեծ ուշադրություն դարձնել դարպասապահների հետ տարվող աշխատանքներին: Ֆեդերացիան էլ հրավիրելու է դարպասապահների մարզիչների տեղում դասընթացներ անցկացնելու համար:
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ նաեւ Նորայր Մամեդովի բացակայության փաստին: Նա նշեց, որ ֆուտբոլիստը չի ցանկանում այդ ազգանունով խաղալ հավաքականում, ինչը նաեւ մեծաթիվ ֆուտբոլասերների պահանջն էր: Նախագահի կարծիքով, Նորայրն արդեն այլ ազգանունով հանդես կգա մայիսի վերջին Հունաստանի հավաքականի հետ կայանալիք ընկերական խաղում: Ի դեպ, մայիսի կեսերին Վարդան Մինասյանը ցանկանում է 10-օրյա ուսումնամարզական հավաք կազմակերպել եւ չի բացառվում, որ մինչ հույների հետ խաղը, հավաքականն ընկերական հանդիպում անցկացնի: Իսկ օգոստոսի 15-ին Բելառուսի հավաքականի հետ հանդիպումը նախատեսվում է անցկացնել «Հրազդանում», քանի որ իտալացիների հետ ընտրական մրցախաղը պետք է կայանա նույն մարզադաշտում:
Ի դեպ, նախատեսվում է փոխել «Հրազդան» մարզադաշտի խոտածածկը, հիմնովին վերանորոգել հանդերձարանները, փոխել լուսարձակները, որպեսզի լուսավորությունը համապատասխանի միջազգային չափանիշներին: Իսկ մնացած աշխատանքները կկատարվեն հաջորդ տարիներին:
ՀՖՖ նախագահը նշեց, որ ֆեդերացիայի համապատասխան բաժինը հսկայածավալ աշխատանք է կատարում արտերկրի թիմերում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների ելույթներին հետեւելու եւ ուժեղագույններին ՀՀ հավաքական հրավիրելու համար: Օրինակ, անցյալ տարի մոտ 100 ֆուտբոլիստներ են արտերկրից փորձարկվել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
ՀՖՖ նախագահը տեղեկացրեց, որ արդեն ապրիլին ՀՀ հավաքականը հանդես կգա «Ադիդաս» ֆիրմայի մարզաշապիկով: Ռուբեն Հայրապետյանը շատ է ուրախացել Ռոման Բերեզովսկու Մոսկվայի «Դինամո» տեղափոխվելու փաստով: Նա իրեն վատ էր զգում, որ Բերեզովսկին խաղում էր «Խիմկիում»: ՀՖՖ նախագահը երազում է, որ ՀՀ հավաքականը տեղ զբաղեցնի աշխարհի 20 լավագույն ընտրանիների կազմում:
Խոսելով ՀՀ առաջնության ոչ բարձր մակարդակի մասին, ՀՖՖ նախագահը նշեց, որ դա ցավոտ հարցերից մեկն է: Նա առայժմ չի տեսնում առաջնության խաղամակարդակի բարձրացման հեռանկարները: Միգուցե 5-10 տարի անց հաջողվի իսկապես մրցունակ առաջնություն ունենալ: Ներկայումս ֆեդերացիայի առաջնահերթ խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման միջոցով ակումբների հզորացումն է, որոնք էլ պետք է կադրեր պատրաստեն հավաքականների համար:
Ասուլիսի ընթացքում հնչեցին նաեւ քաղաքական հարցեր: Նախկինում Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ Ազգային ժողովն իր տեղը չէ, ուստի չի ցանկանում մասնակցել խորհրդարանական առաջիկա ընտրություններին: Նա պարզաբանեց, որ իր կուսակցությունըՙ ՀՀԿ-ն որոշում է կայացրել, որ ինքը պետք է մեծամասնական ընտրացուցակով մասնակցի ընտրություններին: Առայժմ կոնկրետ ընտրատարածքը հայտնի չէ:
Վերջերս Ռուբեն Հայրապետյանի ընկեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ ամբողջությամբ զբաղվելու է քաղաքականությամբ, իսկ իր բիզնեսով զբաղվելու է կինը: ՀՖՖ նախագահը նշեց, որ իր դեպքում պատկերն այլ է. «Այդ հարցում իմ բախտը չի բերել եւ ես կնոջս վրա չեմ դրել այդ պարտականությունները: Իմ բիզնեսով տղաս է զբաղվում»: