Ֆրանսիայում ընթացող շախմատի մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ավարտական տուրում նա սպիտակներով խաղալու է Դավիթ Ջոջուայի հետ, որն ունի 6 միավոր: 7-րդ տուրում Դավիթը հաշտություն էր կնքել իր հետ աղյուսակը գլխավորող Բասեմ Ամինի հետ, իսկ հաջորդ տուրում հաղթել էր Ալեքսանդր Ֆիեռին:
Առաջատարների խմբում են նաեւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն ու Գեւորգ Հարությունյանը, որոնք վաստակել են համապատասխանաբար 6 եւ 5 միավոր: 7-րդ տուրում Մխիթարյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Բարսովի հետ, իսկ հաջորդ մրցախաղում հաղթեց Դանիել Պուլվետին: Գեւորգը նախ հաղթեց Չի Մին Նգուենին, ապա պարտվեց Դավիթ Ջոջուային:
Նշենք, որ մրցաշարում հայտարարված հանգստյան օրն անցկացվեց կայծակնային մրցաշար, որին մասնակցեցին 48 շախմատիստներ: Դավիթ Հարությունյանն իրեն գերազանց դրսեւորեց: 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, նա դարձավ կայծակնային մրցաշարի հաղթող: Գեւորգ Հարությունյանը 8 միավորով գրավեց 3-րդ տեղը, իսկ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը 7 միավորով 8-րդն էր: