«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Պուտինը վերադառնում է Կրեմլ, որտեղից չէր էլ հեռացել

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Յուրաքանչյուր պայքար ավարտվում է երբեմն այսպես կոչված հաղթանակով, սակայն առավել հեռուն նայելու դեպքում շատերը նախընտրում են ասել, թե հաղթողներ չեն լինում, լինում են պարտվողներ: Ամեն դեպքում, պարզվում է` կան իրավիճակներ, երբ ոչ միայն հաղթում են, այլեւ «հաղթում համոզիչ»: Այսպիսի որակում մարտի 4-ից հնչում է Ռուսաստանիՙ նախագահական ընտրություններում առանց երկրորդ փուլի հաղթանակած Վլադիմիր Պուտինի մասին:

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով», այդ հաղթանակի կախակցությամբ Պուտինին շնորհավորել ու Հայաստան է հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանը` երեկվա իր շնորհավորական ուղերձով, որում Պուտինի հաղթանակը «համոզիչ» է նշվում:

Ըստ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների, «համոզիչ» գրեթե 64 տոկոս ձայների հետ մեկտեղ «տպավորիչ» էին նաեւ Վլադիմիր Պուտինի արցունքները, երբ քվեարկության օրն արդեն կեսգիշերին մոտ իր աջակիցների եւ դեռեւս նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ Պուտինը մասնակցում էր Մոսկվայում հավաքին: Ու թեեւ միջազգային դիտորդների ու նախագահի թեկնածուներից առնվազն մեկի` Գենադի Զյուգանովի գնահատմամբ «ոչ արդար» ընտրություններ են տեղի ունեցել, Հայաստանից դրանց ուղղված գնահատականներն ու մեկնաբանությունները փոփոխության կամ դիրքորոշման որեւէ տարբերության հեռանկարի մասին չեն խոսում:

Քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանն , օրինակ, գտնում է, որ Ռուսաստանը Պուտինի նախագահությամբ էլ չի փոխի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ: ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները, ըստ Իսկանդարյանի, չեն անդրադառնա նաեւ ղարաբաղյան հարցում Մոսկվայի դիրքորոշման վրա, եւ սա այն հիմնավորմամբ, որ քաղաքագետը չի կարծում, թե Դմիտրի Մեդվեդեւն ունի ինքնուրույն կարծիք որեւէ բանի առնչությամբ:

Այս ամենով հանդերձ, Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ հայտարարել է, որ ներքին խնդիրներից ելնելով Մոսկվան ստիպված է լինելու կրճատել իր հետաքրքրությունների վեկտորը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:

«Ազգի» հետ զրույցում ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւս կարծում է, որ Պուտինի ընտրությունը ուղղակի որեւէ ազդեցություն չի ունենա Հայաստանի կամ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վրա, քանի որ ռուսաստանյան քաղաքականությունը Մեդվեդեւի եւ Պուտինի միջեւ այդքան էլ տարբեր չէ:

Թե ինչպիսին էին ընտրությունները, Մանոյանը գտնում է, որ դա հենց ՌԴ քաղաքացիների խնդիրն է, իսկ Հայաստանի համար տվյալ դեպքում կարեւոր է Ռուսաստանում կայուն իշխանությունը: Հայաստանի ռազմավարական գործընկերը Ռուսաստան պետությունն է, այլ ոչ, ըստ Մանոյանի, այս կամ այն քաղաքական ուժը, ուստի կարեւորը մնում է կայունությունը:

Եվրասիական միությանն Ադրբեջանի հավանական անդամակցությունը

ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի ներկայացմամբՙ Պուտինը վերադառնում է Կրեմլ, որտեղից չէր էլ հեռացել: «Ռուսաստանի հեղինակության շեշտադրումը Պուտինի նախագահությամբ աշխարհաքաղաքական կայունության պահպանման իմաստ ունի», գտնում է Աթանեսյանը, ինչից ելնելով էլ կարծում է, որ այդպես չլինելու դեպքում բացառել չէր լինի մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական վակուումի զգացումը, ինչն էլ կարող էր լցնելու փորձ անել մեր անմիջական հարեւանը:

Աթանեսյանի մեկնաբանությամբՙ ղարաբաղյան խնդրի համատեքստում շատ բան կարող է որոշել այն, թե ինչպես Պուտինը կփորձի իրականացնել Եվրասիական միությանը նախկին խորհրդային երկրների անդամակցությունը: Ռուսաստանյան փորձագիտական որոշ շրջանակներ, ըստ Աթանեսյանի, ակնարկում են Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության մասին որպես ղարաբաղյան հարցի կարգավորման հուսալի հարթակ: Ամեն դեպքում, Վահրամ Աթանեսյանը գտնում է, որ պետք է սպասել, թե ինչ ազդակներ կհաղորդվեն ՌԴ-ից Ադրբեջանին այն դեպքում, երբ Ալիեւ կրտսերն առաջանցիկ տարբերակով արդեն իսկ հասցրել է շնորհավորել Պուտինին:

Ոչինչ չի փոխվի

«Բացի առողջ բանականությունից, պատմական փորձն էլ ցույց է տալիս, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը հայանպաստ է», կարծում է «Ինքնորոշում միավոր» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը : Իսկ թե Պուտինի ընտրությունը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վրա, Հայրիկյանը հայտարարում է, որ խոնարհվում է ամեն մի ժողովրդի իսկապես ընտրված ղեկավարի առջեւ, իսկ իսկապես ընտրված լինելու դեպքում ազդեցությունները դրական են:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա Հայրիկյանը «Ազգի» հարցին արձագանքեց, որ Պուտինը նոր երեւույթ չէ, ու պետք է հիշել, որ «Պուտինի վարչապետության օրոք 2 վարչական միավորներ (նկատի ունի Աբխազիան եւ Հարավային Օսիան-Ա.Հ.) ճանաչվեցին, Արցախը` ոչ»:

Մեդվեդեւ-Պուտին փոխատեղումից որեւէ փոփոխություն չի ակնկալում նաեւ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը , շեշտելով, որ Հայաստանը երկու նախագահների հետ էլ շփվել է: «Ընդհանրապես պետությունների հարաբերությունները պայմանավորվում են պետական շահերով, այլ ոչ անձերով», գտնում է Մանուկյանը, հավաստիացմամբ, թե, չնայած որոշ խախտումներին, «Պուտինը համոզիչ հաղթանակ է տարել»:

Մարտի 4-ին տեղի ունեցած ռուսաստանյան նախագահական ընտրություններին առաջին հերթին հենց ռուս հասարակության արձագանքն է կարեւորում «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանը : Եվ քանի առայժմ հստակ տեղեկություններ չեն ստացվում Ռուսաստանից, անհրաժեշտություն կա սպասելու 1-2 շաբաթ` հստակորեն հասկանալու, թե արդյոք անցած ընտրությունները խնդրահարույց էին: Ըստ Բեքարյանի, եվրոպական համատեքստում դեռեւս պետք է սպասել, սակայն ոչ թե արդյունքների, այլ ռուսաստանյան հասարակության եւ ընդդիմության արձագանքի առումով, թե ինչպես կընկալվեն, «կմարսվեն» այս ընտրությունները:

Նկար 2, 3. Ռուսաստանի նախագահի ընտրություն Հայաստանում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4