«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ՂԱԶԱՆՉԻ. ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ 20 ՏԱՐԻ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

20 տարի առաջՙ մարտի 4-5-ի երկօրյա հերոսական ինքնապաշտպանությունից հետո ադրբեջանական բանակային կազմավորումների, ոստիկանության հատուկջոկատայինների եւ հարակից գյուղերի ավարառուների գազանության զոհ դարձավ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղը:

Գյուղը պաշարման օղակի մեջ էր հայտնվել 1991 թ. տարեվերջին: Ճշտորեն եւ սառը գիտակցությամբ գնահատելով իրավիճակը, տեղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարությունը կայացնում է միակ հնարավոր որոշումը` տարհանել կանանց, երեխաներին եւ տարեցներին: 1992 թ. հունվարի 5-ին, նախապես ամբողջ երթուղու վրա պահակակետեր նշանակելով, Ղազանչիից Չլդրան է տարհանվում խաղաղ բնակչության հիմնական մասը: Գյուղում մնում են միայն ինքնապաշտպանության ջոկատի մարտիկները եւ աշխարհազորայինները, ինչպես նաեւ մի խումբ ծերեր, որ չէին ցանկացել լքել իրենց տները կամ մնացել էին` հարկ եղած դեպքում օգնություն ցուցաբերելու կռվող հարազատներին:

Միջանկյալ դիտարկում. Ղազանչիում այդ պահի դրությամբ ապրում էր խառը` հայ-ադրբեջանական ամուսնությամբ երկու ընտանիք: Նարիման Գուլիեւն ամուսնացած էր Թամարայի, իսկ Բարխուդար Հարությունյանը` Նուբարի հետ: Նարիմանը հարեւան Սրխավենդ, Նուբարը` Մանիքլու գյուղից էր: 1992-ի հունվարի առաջին օրերին Նարիմանը, գյուղում թողնելով կնոջն ու զավակներին, հեռանում է Սրխավենդ, իսկ Նուբարը` Մանիքլու: Գյուղի ինքնապաշտպանական ջոկատին անդամագրված էր Նարիմանի որդին` Յուրի Գուլիեւը: Մինչեւ վերջին օրը նա, մյուս մարտիկների հետ նույն շարքում, պաշտպանում է Ղազանչին, իսկ Բարխուդար Հարությունյանի ճակատագիրն արժանի է , թերեւս, որ դառնա գեղարվեստական մի հզոր գործի ֆաբուլա. ծերունազարդ մանկավարժը, որ տասնամյակներ ի վեր հարեւան Մանիքլու գյուղի երեխաներին ադրբեջաներեն եւ ռուսերեն էր դասավանդել, անդամագրվում է աշխարհազորին, մարտնչում մինչեւ վերջին փամփուշտը: Գյուղ ներխուժած թշնամին գերում է նրան, տանում Շահբուլաղ, որտեղ դաժանորեն ծեծում են, ապա հանձնում մի ադրբեջանցու, որի որդին զոհվել էր Ղազանչիում` որպեսզի «գյավուրին» սպանվածի գերեզմանի վրա մորթեն: Մարդը հրաժարվում է զավակի «գերեզմանը պղծել»: Եվ դահիճները Բարխուդար Հարությունյանին նետում են... վառվող կրահորը: «Շատ մեծ ջանքերի գնով հաջողվեց փոխանակել նրա անճանաչելիորեն այրված ու այլանդակված դիակը եւ հանձնել հայրենի հողին»,- գրում է ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Վլադիմիր Ավագիմյանն իր «Ղազանչի. դրախտի եւ դժոխքի միջով» գրքում (Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատարակչություն, 2011թ. էջ 61):

1992 թ. մարտի 4-ին Ղազանչին ենթարկվում է լայնածավալ հարձակման: Գյուղի աշխարհագրական դիրքն այնպիսին էր, որ ինքնապաշտպանական ուժերը չէին կարող անմիջական օգնություն ցուցաբերել նրա պաշտպաններին: Երկօրյա կատաղի մարտերից հետո, երբ սպառվում են զինամթերքի բոլոր պաշարները, ինքնապաշտպանական ջոկատն ստիպված է լինում դժվարանցելի, շրջանցիկ ճանապարհով նահանջել: Նրա հետ գյուղը թողնում են նաեւ կենդանի մնացած աշխարհազորայինները:

Այդուհանդերձ, հակառակորդին հաջողվել էր պատանդ վերցնել մի խումբ խաղաղ բնակիչների, որ ծեր մարդիկ էին: Ահա նրանք` ըստ Վլադիմիր Ավագիմյանի գրքի. Մանուշակ Աղաջանյան, Գյուլխաս Ասլանյան, Սոնա Ասլանյան, Ասյա Ավագիմյան (Վլադիմիր Ավագիմյանի մայրն է), Արուսյակ Գրիգորյան, Արշալույս Գրիգորյան, Բարխուդար Հարությունյան (ում մասին ասվեց վերեւում), Խուրմա Հարությունյան, Առուստամ Մեսրոպյան, Արփինե Մեսրոպյան, Արեւհատ Մինասյան, Նախշուն Պետրոսյան, Սերոբ Պետրոսյան: «Հասնելով մանկությունից հարազատ աղբյուրի մոտ, Ասյա Ավագիմյանը ընդվզեց ճակատագրի դեմ, հրաժարվեց քայլ անգամ առաջ գնալուց, գերադասելով մահը գերությունից... Ազերիները... նրան հեռացնում են (պատանդների խմբից - Վ. Ա.) եւ մի քանի մետր հեռացնելով` կրակում ուղիղ սրտին: Այնուհետեւ բերանքսիվայր պառկեցնում են... եւ ծածկում շորով ու ձյունով, որոնք անվնաս պահպանել էին մոր մարմինը, մինչեւ ինձ հաջողվել է բերել եւ հանձնել հայրենի հողին...»,- սրտի կսկիծը հանուն ճշմարտացի տարեգրության զսպած, գրում է Վ. Ավագիմյանը (նույն տեղում, էջ 92):

Շարունակությունն ավելի քան սահմռկեցուցիչ է: Շահբուլաղ է հասցվում 11 պատանդ: Օրեր անց հաջողվում է փոխանակության միջոցով ազատ արձակել Գյուլխաս եւ Սոնա Ասլանյաններին, Խուրմա Հարությունյանին, Առստամ Մեսրոպյանին եւ Արեւհատ Մինասյանին: Արուսյակ եւ եւ Արշալույս Գրիգորյաններին, Մանուշակ Աղաջանյանին, Բարխուդար Հարությունյանին, Նախշուն եւ Սերոբ Պետրոսյաններին... «ողջակիզեցին կրահորերի մեջ... մայր եւ որդի Նախշուն եւ Սերոբ Պետրոսյաններին նախ մեջք-մեջքի կապկեցին մետաղալարով եւ նոր միայն գցեցին կրահորը... հենց այդպես էլ կապկպված` տվեցին նրանց կիսով չափ այրված, ածխացած դիակները... մյուսների մարմինների վիճակը վկայում էր, որ նրանք եւս կենդանի ժամանակ երկար են աղերսել աստծուն` շուտափույթ մահ ուղարկելու համար... մի՞թե երբեւէ կմոռացվեն նրանց սահմռկեցուցիչ եւ վրեժի կոչող տեսքերը...»,- նկարագրում է ականատեսը, ով, լինելով ԼՂՀ ՆԳ նախարարութան աշխատակից եւ մորը կորցրած ղազանչեցի, մասնակցել է պատանդների եւ դիակների փոխանակմանը (տես` նույն տեղում, էջ 93):

Ինչպիսի՞ն կլիներ Ղազանչիի ճակատագիրը, եթե ինքնապաշտպանական ջոկատը ժամանակին չտարհաներ նրա խաղաղ բնակչության գերակշիռ մեծամասնությունը: Այդ են վկայում փաստերը. իրենց տներում ողջակիզվել են Աստղիկ Խաչատրյանը, Հեղինե Առստամյանը, Լազր Առուշանյանը, Մանուշակ Ավանեսյանը եւ Գյուլնազ Հայրապետյանը, «իսկ Գյուլխաս Մելիքսեթյանի աճյունից ոչինչ չգտան հողին հանձնելու համար» (նույն տեղում, էջ 85): Սրանք հորինվածքներ չեն, այլ` անառարկելի փաստեր: Փաստ է նաեւ, որ Ղազանչին պաշտպանվել է հերոսաբար: Գյուղի մատույցներում ադրբեջանական զինված ուժերը տվել են 127 զոհ, ավելի քան 150-ը վիրավորվել է:

Ղազանչին հետագայում ազատագրվեց: Այսօր այնտեղ հիշում են 20-ամյա վաղեմության հերոսամարտը: Հիշում են զոհվածներին եւ նահատակվածներին: Բայց Ղազանչիի խաղաղ բնակչության սպանդի, մանավանդ` պատանդների ողջակիզման մասին, ըստ երեւույթին, աշխարհը դեռ չգիտի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4