Շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Օրինաց երկիր» կուսակցության համագումարը հետաքրքրական էր մի շարք առումներով: Նախ` այդ կուսակցությունից առկա արտահոսքի ու նրա համակիրների փոշիանալու վերաբերյալ խոսակցությունների ֆոնին` մարզահամերգային համալիրում պատկառելի թվով (2 հազարից ավելի) պատվիրակների ներկայությունը եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարած 150 հազար կուսանդամների թիվը խոսում էին այն մասին, որ այս կուսակցությանը նվազ թվով տեսնելը ցանկություն է ավելի շատ: Եթե անգամ հեռացողներ եղել են, ապա նրանց փոխարեն անդամագրվողների պակաս չի եղել (այլ խնդիր` ի՞նչ ակնկալիքներով): Հաջորդ հետաքրքրական պահը գործընկեր կուսակցությունների ներկայություն-բացակայությունն էր. ասենք, որ հյուրերի թվում մեկ շարքով եւ իրար կողքի նստած էին Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Գալուստ Սահակյանը եւ համերաշխ ժպտում էին եւ ՕԵԿ-ի (իսկ ավելի շուտ` Արթուր Բաղդասարյանի) մասին պատմող ֆիլմը նայելիս եւ հատկապես Ա. Բաղդասարյանի` տեղ-տեղ նախընտրական պաթոսի շեշտադրումներ ունեցող ելույթի ընթացքում: Այսինքն` ՀՀԿ-ի մասով որ հաստատ ամենասերտ գործընկերը հենց ՕԵԿ-ն է լինելու, դա բացահայտ ցուցադրեցին նախ ՀՀԿ-ն` նախագահ Սարգսյանի եւ ՀՀԿ փոխնախագահի ներկայությամբ, եւ ապա Արթուր Բաղդասարյանը, որի ելույթը նման էր ամենաբարձր մակարդակով աջակցություն հայտնողի ելույթի («Մենք տրամադրված ենք արդյունքի վրա հենված քաղաքականության», կամ` «Նախագահական ընտրություններից հետո շատ բան ունեմ տալու, ստանալու եւ վճարելու»):
Մյուս կուսակցություններից ներկայացուցիչների լրագրողական երկար փնրտրտուքները հայտնաբերեցին «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանին ու կարծեմ էլ ոչ ոքի: Երրորդ առանձնահատկությունն այն էր, որ Արթուր Բաղդասարյանը մի շարք կշտամբանքներ ուղղեց ե՛ւ մրցակից քաղաքական ուժերին, ե՛ւ ՕԵԿ-ին քննադատող ԶԼՄ-ներին` առաջիններին շշպռեց, թե ուրիշի վատ լինելու հաշվին մի փորձեք լավ լինել, երկրորդներին (որոշ պատասխանատու լրատվամիջոցների` իր խոսքով) զգուշացրեց, որ ՕԵԿ-ի դեմ պատվիրված հոդվածներ չգրեն:
Արթուր Բաղդասարյանի ելույթը տեւեց մոտ 40 րոպե: Նա հետ նայեց նախ` կոալիցիա կազմելով կարողացավ երկիրը զերծ պահել ցնցումներից եւ արտաքին ագրեսիայից, առաջ նայեց` «սպառել ենք սխալների եւ պարտությունների ժամանակը», գնահատեց` Հայաստանի թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է եւ այդ ուղղությամբ պետք է աշխատել (շատ այլ գնահատականներ էլ հնչեցին): Համամասնական ցուցակ չբացահայտեց, բայց հայտնի դարձրեց սկզբունքը` մեծ թվով երիտասարդ մարդիկ կլինեն այնտեղ, ովքեր փոփոխությունների համար պատրաստ են պայքարել: «Վստահեք, որ կառուցենք օրենքի Հայաստան», բարձրաձայնեց նա ՕԵԿ-ի նախընտրական կարգախոսը` նշելով, թե ընտրություններում քաղաքական ազնիվ մրցակցության կանոններով են առաջնորդվելու, իսկ առաջիկա ամիսները քրտնաջան աշխատանքի ամիսներ են` խորհրդարան անցնելու համար, եւ ով լավ չաշխատի իր կուսակիցներից` չի պրծնելու կուսղեկավարի ձեռքից: ՕԵԿ-ի ընդդիմախոսներին էլ ասաց, թե չորս տարի քարեր են նետվել իր կուսակցության ուղղությամբ, աժմ եկել է դրանք հավաքելու եւ հարկավոր ուղղությամբ նետելու ժամանակը: Նա նշեց, որ ՕԵԿ-ն իր համակիրներին երբեք չի խաբել եւ «լույսի պես մաքուր է», սակայն «հաճախ հասկացված չի եղել», եւ կուզեին ավելի հասկացված լինել: Նա հայտարարեց, որ իր կուսակցությունը տարբեր ոլորտներում աջակցել է նախագահ Սարգսյանին եւ շարունակելու է աջակցել. «Մենք աջակցելու ենք Սերժ Սարգսյանին իր բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են Հայաստանն առաջ տանելուն, ուժեղ, մրցունակ եւ ազդեցիկ երկիր դարձնելուն»: Դիմելով ՕԵԿ-ի քննադատներին` Ա. Բաղդասարյանը նշեց. «Քննադատեք մեզ, բայց առողջ քննադատությամբ, ոչ թե չարախոսությամբ»: Մինչ այդ էլ ասել էր. «Մենք ոչ մեկի հացը չենք խլում, մենք մեր հաղթանակն ենք ուզում տանել»:
ՕԵԿ-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը համագումարի ընդմիջմանը լրագրողներին ասել էր, թե մեծամասնական կարգով 15 թեկնածուի են առաջադրելու:
Մ. Խ.