«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ

Երկուշաբթի օրը մոտ երեսուն չեխահայեր բողոքի ակցիա կազմակերպեցին Պրահայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց` տուրք մատուցելով սումգայիթյան զոհերի հիշատակին եւ Ադրբեջանից պահանջելով ընդունել եւ դատապարտել Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի, Մարաղայի հայոց ջարդերը:

«Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն դատապարտեն այդ վայրագությունները, այլեւ պատասխանատվության ենթարկեն դրանց կազմակերպիչներին: Պետք չէ Խոջալուի ողբեգական դեպքերը, որում մեղավոր են այն ժամանակվա Ադրբեջանի ղեկավարներն ու ժողովրդական ճակատը, բարդել հայերի վրա: Ավելի հեշտ է ընդունել սեփական մեղքը եւ ապաշխարել, քան այն բարդել հարեւանների վրա», բարձրախոսով հնչեցրին հայ ցուցարարները:

«Մենքՙ Չեխիայում ապրող հայերս, Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել հակահայկական հիստերիան եւ ատելություն սերմանելու փոխարեն, ճշմարտությունն ասել սեփական ժողովրդին», սա էր մասնակիցների վերջնական կոչը:

Խաղաղ ցույցի ընթացքում դեսպանության երկրորդ հարկի պատշգամբից միացրին ադրբեջանական երաժշտություն, իսկ մեկ տասնյակ երիտասարդներ դեսպանության սահմաններից վանկարկում էինՙ «Ղարաբաղ»:

Հայ երիտասարդները, որ բռնել էին Սումգայիթում զոհված հայերից 27-ի լուսանկարներն ու սումգայիթյան ցեղասպանությանը նվիրված պաստառներ, հակառակ վանկարկումներով հակադարձում էին ադրբեջանցիներին: Զավեշտականն այն էր, որ երբ նանք գոչում էինՙ «ահաբեկիչ», հայերը տալիս էին Ալիեւի անունը: Ադրբեջանցիներին թվում էր, թե իրենց պատրաստած ներկայացմամբ կհակադարձեն հայերին, սակայն հայտնվեցին ավելի ծիծաղելի վիճակում: Իսկ երաժշտությունը միացնում էին «հայկական կողմի» պատվերով:

Վերջումՙ մոմավառությունից հետո, հայ ցուցարարները երթով անցան այդ փողոցում գտնվող այլ դեսպանությունների առջեւով:

Եվս մեկ զուգադիպություն: Չեխ լրագրող Միլան Վոդիչկան այսօրվա «Մլադա ֆրոնտա Դնես» չեխական ազդեցիկ օրաթերթում գրել է ծավալուն հոդված հայկական շախմատի մասին, հայերը այնքան են տարված շախմատով, որ իրենց երկիրը կարելի է անվանել Շախմանիա, հոդվածը վերնագրելով` «Մատ Շախմանիայի թագավորից»: Մեզ թվում էՙ այդ մատը միակը չէ:

«ՕՐԵՐ» եվրոպական ամսագիր, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4