«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ` ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ պատասխանել է Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած «խորտակված նավ» որակմանը` որակողին հղելով, թե պետք է բացարձակապես զուրկ լինել առողջ բանականությունից` Ռոբերտ Քոչարյանին այդպիս բնորոշում տալու համար. «Երկար բացատրություններ չեմ տա, քանի որ բոլորն էլ ամեն ինչ գիտեն Քոչարյանի գործունեության մասին` ղարաբաղյան պատերազմի հաղթանակից մինչեւ ՀՀ տնտեսական սրընթաց զարգացում: Ռ. Քոչարյանը երբեք ընտրություններում պարտություն չի կրել` ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ ՀՀ-ում, եւ դեռեւս մեր հանրապետության միակ ղեկավարն է, ով երկու նախագահական ժամկետ է աշխատել, ընդ որում ակներեւ (ժամանակի հետ` ավելի ու ավելի ակներեւ) հաջողությամբ: Ինչ «խորտակման» մասին կարող է այստեղ խոսք գնալ` պարզ չէ», ասել է Սողոմոնյանը` նշելով, որ տերպետրոսյանական միանգամայն անհաջող փոխաբերությունը նոր գործածություն է պահանջում, հաշվի առնելով դրա հեղինակի անձը. «Եթե դիտարկենք Տեր-Պետրոսյանի քաղաքական կենսագրությունն այս փոխաբերության էության տեսանկյունից, ապա կարելի է պնդել, որ նա պարզապես «խորտակվելու» սովորություն ունի: Նա «խորտակվել է» 96-ին, երբ խայտառակ կերպով պարտվեց ընտրություններում: 98-ին, երբ ստիպված էր քաղաքական «հատակ» իջնել ազգային շահերի դավաճանի խարանով: Նա «խորտակված» վիճակում էր ուղիղ 10 տարի, ինչից հետո երկու անգամ «խորտակվեց» 2008-ին, սկզբում նախագահական ընտրություններում, իսկ ապա քաղաքապետի ընտրություններում, երբ հերթական քաղաքական մարտը տանուլ տվեց Գագիկ Բեգլարյանին: Թվում է, որ արդեն «խորտակվելու» տեղ չկա, նա վաղուց արդեն «հատակին» է: Մի խոսքով` ՀԱԿ-ի համամասնական ցուցակի միանձնյա հեղինակն ավելի լավ է հարձակման համար մեկ այլ համեմատություն մտածեր: Այս մեկը բումերանգի շատ ցավալի հարված է հասցնում իր իսկ ճակատին», ասել է Վ. Սողոմոնյանը:

Այս պատասխանից Ռոբերտ Քոչարյանը հնարավոր չէ, որ անտեղյակ լինի: Պարզ է, որ քաղաքական գործընթացներին ակնդետ հետեւող Քոչարյանը առայժմ հարկ է համարել Տեր-Պետրոսյանին պատասխանել, սակայն չի բացառվում, որ արդեն մարտի երկրորդ կեսերից նա իր խոսնակի միջոցով այլ իրողությունների եւս արձագանքի: Համենայն դեպս` այդպիսի եզրակացության կարող են հանգել նրա քաղաքական ընթացքին քաջատեղյակները:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4