Ֆրանսիայի Սենատիՙ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի (որը հետագայում հակասահմանադրական ճանաչվեց) առնչությամբ ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի մտահոգություններին եւ հարցադրմանը, թե արդյոք որեւէ բան փոխվե՞լ է նրա դիրքորոշման մեջ (տես «Ազգի» մարտի 2-ի համարը), ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել էր, որ ոչ, դիրքորոշումը չէր փոխվել եւ ցեղասպանության ժխտումն էլ քրեականացնելու օրենք Ամերիկան չի պատրաստվում ընդունել: Նա նշել էր, որ տվյալ օրինագիծը «վտանգավոր քայլ էր» խոսքի ազատությունը սահմանափակելու տեսանկյունից: Նա թեեւ կրկնել էր, թե 1915-ի իրադարձությունները 20-րդ դարի «ամենաահավոր գազանություններից» էին, բայց խուսափել էր օգտագործելուց «ցեղասպանություն» բառը: Մինչդեռ 2008-ի Բարաք Օբամա-Հիլարի Քլինթոն նախագահական թեժ ընտրությունների նախօրյակին, այդ ժամանակ սենատոր Հ. Քլինթոնը հետեւյալ սիրալիր, համարձակ ու անբռնազբոս մտքերն էր շռայլորեն արտահայտել Մ. Նահանգներ-Հայաստան հարաբերությունների շուրջը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ստորեւ թարգմանաբարՙ նրա ելույթը.
«Նախագահական թեկնածուներից միակն եմ, որ երկար ժամանակ պաշտպանել եմ Հայոց ցեղասպանության բանաձեւը: 2002 թվականից ես այդ բանաձեւի հովանավորներից եմ եղել եւ պաշտպանում եմ այդ օրենսդրության անցկացումը Կոնգրեսի երկու պալատներում:
Հավատացած եմ, որ հայերի դեմ Օսմանյան կայսրության կատարած սարսափելի իրադարձությունները ցեղասպանության բացահայտ օրինակներ են (ընդգծումը մերն է): Ես երկու անգամ գրել եմ նախագահ Բուշինՙ խնդրելով, որ իր հիշատակի տարեկան ելույթներում հիշատակի Հայոց ցեղասպանությունը, եւ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչելու եմ Հայոց ցեղասպանությունը: Մեր ընդհանուր բարոյականությունը եւ, որպես մարդու իրավունքների ջատագովի, մեր երկրի հանդեպ ժողովուրդների տածած վստահությունը մարտահրավերներ են մեզ համար, որպեսզի Միացյալ Նահանգների Կոնգրեսն ու նախագահը ճանաչեն եւ հիշեն Հայոց ցեղասպանությունը:
Եթե 20-րդ դարի զանգվածային վայրագություններից դասեր պետք է քաղենք, ապա առաջին հերթին պատմության փաստերին ազնվորեն պետք է վերաբերվենք, որպեսզի վստահ լինենք, որ դրանք չեն կրկնվի: Դա չի վերաբերում միայն անցյալին, այլեւ մեր ապագային: Մենք պարտավոր ենք փակել խոսքերի եւ գործերի միջեւ եղած բաց տարածությունըՙ զերծ մնալու համար զանգվածային բռնություններից: Ահա թե ինչո՞ւ ես պաշտպանում եմ «պահպանելու պատասխանատվություն» գաղափարը: Որպես նախագահ աշխատելու եմ հիմնել եւ առաջ տանել Մ. Նահանգների եւ միջազգային հաստատությունների այն կարողությունը, որը ժամանակին եւ արդյունավետ կերպով կարձագանքիՙ կանխելու որեւէ զանգվածային գազանություն:
Բուշի վարչակարգի դատապարտական խոսքերը իշխանությունների կողմից բավականաչափ պաշտպանություն չգտան, որպեսզի կանխեին Դարֆուրի ցեղասպանությունը: Ես պաշտպանում եմ Դարֆուրը ոչ թռիչքային գոտի հայտարարելու գաղափարը: Ես առաջնորդել եմ միջազգային հզոր շարժումը, որի շնորհիվ Սուդանի կառավարությանը թույլ չի տրվի այսուհետեւ անպատիժ գործել կամ միջամտել միջազգային խաղաղարար ուժերի գործունեությանը, որն անհրաժեշտ է պաշտպանելու համար Դարֆուրի ժողովրդի անվտանգությունը:
Մեծապես գնահատում եմ մեր երկրի աշխույժ ամերիկահայ համայնքի հետ իմ բարեկամությունը: Դա համահունչ է այդ համայնքի շահերը պաշտպանելու իմ նվիրվածությանը:
Որպես առաջին տիկին ես առիթ եմ ունեցել ելույթ ունենալու 1994-ին առաջին անգամ Սպիտակ տանը կազմակերպված հավաքին, որին հրավիրված էին Հայաստանի եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներՙ նշելու Հայաստանի անկախության պատմական տոնը: Այդ ժամանակ ասացի, որ Ամերիկան պաշտպանելու է Ձեզՙ իրականացնելու Բուզանդ Կրանյան բանաստեղծի խոսքերով ասածՙ «Լեռներում խաղաղ ապրելու, երազելու եւ ստեղծագործելու ձեր երազանքը»:
Որպես նախագահ ես աշխատելու եմ ընդլայնել եւ բարելավել Մ. Նահանգներ-Հայաստան հարաբերություններըՙ մեր երկու երկրների համընդհանուր խնդիրներին անդրադառնալու պարագայում, ինչպիսիք են, օրինակ, տնտեսական կապերի եւ առեւտրի ամրապնդումը, ահաբեկչության դեմ պայքարը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը եւ տարածաշրջանային մտահոգությունների շուրջը համագործակցությունը, այդ թվումՙ արդար եւ ժողովրդավարական լուծում գտնելը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նախագահ ընտրվելու դեպքում խոստանում եմ մեծացնել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օժանդակության ծավալները:
Հուսով եմՙ կշարունակեմ, որպես նախագահ, աշխատել ամերիկահայկական համայնքի հետՙ հաղթահարելու ներքին եւ արտաքին, միջազգային մարտահրավերները, որ մեր առաջ կկանգնեն, եւ կառուցելու հարաբերություններ մեր դավանած արժեքների այն հզոր հիմքերի վրա, որոնք արդեն երկար ժամանակ միացրել են Ամերիկայի եւ Հայաստանի ժողովուրդներին:
Հ. Ծ.