«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


«ՄԵՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՄԵԶ ԶՐԿԵԼ ԵՆ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ»

«Բանակը Վազգենի տունն էր, ես սիրում եմ մեր բանակը, տխրում եմ բացթողումների համար ու չեմ ուզում, որ բանակի մասին մի վատ բան ասեն: Այնպես արեք, որ Վազգենիս տան մասին վատ բաներ չգրեն»: Խոսքերը Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը` Գրետա Սարգսյանինն են:

Վազգեն Սարգսյանի 53-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները սկսվեցին առավոտյան Եռաբլուրում, այնուհետեւ շարունակվեցին նրա կիսանդրու մոտ ծաղիկներ դնելով եւ հարգանքի տուրք մատուցելով: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում նախարարի, սպարապետի ընտանիքի անդամների եւ մարտական ընկերների մասնակցությամբ:

«20-րդ դարի վերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով սահմանվեց Վազգեն Սարգսյանին: Նա կամավորականների համար սպարապետ եղավ, իսկ բանակի համարՙ պաշտպանության նախարար, բայց նա միայն նախարար չէր, այլեւ մեր ավագ ընկերը, դժվարին պահերին մեր ամենավստահելի աջակիցը: Նրան լսում էին, հավատում ու վստահում: Մեր զոհված ընկերները մեզ զրկել են սխալվելու իրավունքից, դա նշանակում է, որ եկել է պահը եւս մեկ անգամ մեր անցած ճանապարհը քայլ առ քայլ վերաիմաստավորելու եւ մեր ամենօրյա գործունեության մեջ քար առ քար իրար վրա դնելով Սպարապետի հպարտության առարկան` բանակի մարտունակությունը ամրապնդելու եւ բազմապատկելու», ասաց Սեյրան Օհանյանը եւ ի նշան երախտիքի սպարապետի հորը պարգեւատրեց որդու անվան` «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4