«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ԻՐԱՎԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ

Փաստաբանական պալատի 35 փաստաբաններ պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ տարածել են հայտարարություն, որտեղ, անդրադառնալով Մաշտոցի պողոտայի այգու խնդրին, գրում են, որ արձանագրել են իրավական նորմերի բազմաթիվ խախտումներ: Փաստաբանները ներկայացնում են Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որիՙ պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են հողերի օգտագործման սխեմաներին եւ գլխավոր հատակագծերին համապատասխան` ժամանակավոր օգտագործման համար: «Մեր համոզմամբ` Երեւանի գլխավոր հատակագծով եւ Կենտրոն վարչական շրջանի գոտեւորման նախագծով Գլխավոր պողոտայի կանաչ տարածքի Մաշտոց-Կողբացի հատվածում այլ վայրից տեղափոխված առեւտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրում ներառող կառուցապատման որեւէ ծրագիր նախատեսված չէ»: Փաստաբանները նշում են, որ վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով են տրամադրվում համայնքների ղեկավարներին: Նույն հոդվածի 3-րդ մասն էլ սահմանում է, որ պետության համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում են մրցույթով: «Հատկանշանական է, որ Մաշտոցի այգու կանաչապատ տարածքում քաղաքի մի վայրից տեղափոխված առեւտրային ուղղվածություն ունեցող տաղավարների տեղադրման կապակցությամբ հողի` վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ համապատասխան ակտ չի կայացվել: Սահմանված նախագծման առաջադրանքի կազմման, սխեմաների մշակման, փորձաքննության, համաձայնեցման ու հաստատման ընթացակարգերը որոնցով հաստատվել է Կենտրոնի գոտեւորման նախագիծը, այգում չի արվել: Խախտվել են քաղաքաշինության մասին, շրջակա միջավայրի մասին օրենքի հոդվածները: Այս եւ մի շարք այլ իրավական խախտումներ ներկայացնելովՙ փաստաբանները կոչ են արել քաղաքապետարանինՙ դադարեցնել այգում կառուցապատման աշխատանքներն ու ապամոնտաժել արդեն իսկ կառուցած շինությունները:

Երեկ հայտարարությամբ են հանդես եկել մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ եւ բնապահպան-բնապաշտպաններ, ովքեր արդեն 22 օր գիշերում են Մաշտոցի այգում եւ պայքարում հանուն այգու փրկության:

«Երեւանի կանաչ գոտիների ոչնչացումը հասել է գագաթնակետին, եւ դրա մասին է վկայում հանրային մեծ բողոքը Մաշտոցի պուրակի շինարարության դեմ»: Ստորագրահավաքի 5000 մասնակիցների անունից նրանք պահանջել են անհապաղ ապամոնտաժել հանրային պուրակում կառուցվող բոլոր շինությունները: Քաղաքապետարանից վերոնշյալ երկու կոչերին առայժմ չեն արձագանքել:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4