«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ԱՐԱ ՍԱՆՃՅԱՆ. ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌԱՋ*

- Ի՞նչ մարտահրավերների առջեւ է կանգնած այսօր Սիրիայի հայ համայնքը, եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ սիրիահայ գաղութի համար Բաշար ալ Ասադի վարչակարգի հնարավոր փոփոխությունը:

- Սիրիայում քաղաքական եւ անվտանգության ոլորտներում տիրող անհանգիստ իրավիճակը մի քանի ամիս է, ինչ շարունակվում է, եւ դեռեւս դժվար է կանխագուշակել, թե ինչպես կհանգուցալուծվեն դեպքերը: Համենայն դեպս, մտավախություն ունեմ, որ զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները` թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ, անդառնալի հետեւանքներ ունենան սիրիահայության համար:

2011-ի մարտ ամսից ի վեր Սիրիայի քաղաքական խճանկարը բաժանված է երկու հակամարտ ճամբարների: Արձագանքելով «արաբական գարնան» համատեքստում ժողովրդական պահանջներին` ավելի քան 40 տարի իշխանության մեջ գտնվող Ասադ ընտանիքի գլխավորած Բաաս կուսակցության վարչակարգն իր հրապարակային հայտարարություններում ընդունեց քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը: Նախՙ վերացվեց 1963-ից ի վեր անընդմեջ գործող արտակարգ դրությունը, ապա` սահմանադրության, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների մասին օրենքում եւ ընտրական օրենքում փոփոխություններ մտցվեցին: Սակայն նշված բարեփոխումները կյանքի են կոչվում շատ դանդաղ, եւ դեռեւս հստակ չէ, թե դրանք ի վերջո որեւէ որակական փոփոխություն մտցնելո՞ւ են Սիրիայի քաղաքական համակարգում:

Միաժամանակ, Սիրիայի իշխանությունները շարունակում են պնդել, թե իրենց երկրում տեղի ունեցածը միջազգային դավադրության հետեւանք է` Ամերիկայի Միացյալ Նահանգների, արեւմտաեվրոպական մի շարք պետությունների, արաբական կամ Պարսից ծոցի միապետական վարչակարգերի եւ Թուրքիայի հովանավորությամբ: Ըստ Սիրիայի կառավարության եւ Մերձավոր Արեւելքում նրա համակիրների` այդ երկրները ձգտում են տապալել նախագահ Ասադի վարչակարգը, որովհետեւ վերջինս արմատական կեցվածք ունի Իսրայելի հանդեպ եւ դաշնակցում է Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այս մեկնակետից ելնելով` սիրիական իշխանությունները կանոնավորաբար ուժ են կիրառում հակակառավարական շարժման մասնակիցների նկատմամբ: Իսկ նման կոշտ դիրքորոշում հնարավոր եղավ հետապնդել, որովհետեւ սիրիական բանակի ղեկավարությունն ու զինվորականության ջախջախիչ մեծամասնությունը հավատարիմ մնացին նախագահ Ասադին եւ նրա անմիջական շրջապատին` ի տարբերություն Թունիսի եւ Եգիպտոսի:

Սիրիական ընդդիմությունը, որի հիմնական մասն արտասահմանում է, բարեփոխումների հարցում թերահավատ է: Ընդդիմադիրները Բաշար ալ Ասադին հանցավոր են համարում մարտ ամսից Սիրիայում թափված արյան համար, իսկ իշխանությունից նրա հեռանալը համարում են կարեւոր նախապայման` երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելու ճանապարհին:

Այսուհանդերձ, Սիրիայի ընդհանուր բնակչության կես տոկոսից էլ պակաս թվաքանակ ունեցող հայության մեծամասնությունը, ինչպես նաեւ համեմատաբար ավելի մեծաթիվ արաբախոս քրիստոնյաներն ու իսլամադավան, բայց ոչ սուննի փոքրամասնությունները, չեն հավատում սիրիական ընդդիմության քաղաքական լոզունգներին ու խոստումներին: Նրանք դեռեւս նախընտրում են հավատալ նախագահ Ասադի վարչակարգի վերջնական հաղթանակին: Հետաքրքրական է նաեւ, որ նույնիսկ սիրիահայության կառավարամետ ընթացքը քննադատող սակավաթիվ հայ ձայները (սոցիալական ցանցերում գրառումներ կատարող սիրիահայ առանձին երիտասարդներ, երկրից հեռացած նախկին սիրիահայեր եւ Երեւանում մի քանի երիտասարդ արաբագետներ) իրենց մեկնաբանություններում շեշտը դնում են ո՛չ թե ընդդիմադիր հոսանքների ժողովրդավարական ներուժի, այլ այն վտանգների վրա, որոնց սիրիահայությունը կարող է բախվել ընդդիմության հնարավոր հաղթանակի դեպքում, եթե վերջիններս ձգտեն վրեժխնդիր լինել Ասադի վարչակարգի համակիրներից:

Սիրիական ընդդիմության նկատմամբ հայության տարբեր հատվածների այս վերապահ կեցվածքը կարելի է բացատրել այն մտավախությամբ, որ գոյություն ունի սիրիական խայտաբղետ ընդդիմության կարեւոր բաղադրիչ համարվող «Մուսուլման եղբայրներ» սուննիական քաղաքական հոսանքի նկատմամբ: Վերջինիս իշխանության գալու դեպքում հնարավոր է, որ սահմանափակվեն Սիրիայի ոչ սուննի փոքրամասնությունների կրոնական ու մշակութային ազատությունները:

Այս իրողությունն, ի դեպ, մտավախություն առաջացրեց թե՛ սիրիահայության եւ թե՛ Մերձավոր Արեւելքի այլ քրիստոնյաների շրջանում: Վատ նախադեպ է նաեւ Իրաքի պարագան, ուր Սադդամ Հուսեյնի բաասական վարչակարգի տապալումից հետո շեշտակի ավելացան քրիստոնեական հաստատությունների, ինչպես նաեւ քրիստոնյա հոգեւորականների եւ անհատների դեմ բռնարարքները` խթանելով Իրաքից քրիստոնյաների (ներառյալ` հայերի) մեծածավալ արտահոսքը:

Այսուհանդերձ, պետք է նկատի ունենալ, որ սիրիահայերը որեւէ լուրջ լծակ չունեն իրենց երկրում քաղաքական զարգացումների վրա ազդելու համար: Նրանք, ի վերջո, պիտի դառնան այդ զարգացումների դրական կամ բացասական արդյունքների կրողները:

Ներկա դրությամբ, անհնար է պատկերացնել Սիրիայի իշխանությունների եւ արմատական ընդդիմության միջեւ փոխզիջումային որեւէ համաձայնության ձեւավորում: Երկու ճամբարներն էլ նպատակադրված են կործանելու իրենց հակառակորդին: Փոխզիջումային լուծում սիրիացիներին կարող են պարտադրել միջազգային մակարդակում ազդեցիկ պետությունները (առաջին հերթին` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը)` նախ իրենց միջեւ համաձայնության գալով, եւ ապա այն պարտադրելով սիրիական հակամարտ կողմերին: Նույնիսկ այս դեպքում շատ սիրիահայեր փոխհամաձայնությունը պիտի դիտարկեն որպես փխրուն կամ ժամանակավոր եւ ցանկանան երկրից հեռանալ` նախքան հնարավոր արյունահեղության նոր հանգրվանի սկիզբը:

Փաստ է, որ սիրիական ընդդիմությունը վերջին ամիսներին կարողացավ գոյատեւել` հակառակ կառավարության կոշտ քաղաքականության: Իսկ սիրիական բանակից հեռացած ընդդիմության համակիր զինվորականները կարողացան կազմել իրենց զորամիավորումները: Եթե վերջիններս շարունակեն դրսից անհրաժեշտ ռազմամթերք եւ տեխնիկական օժանդակություն ստանալ, Սիրիան կարող է կամաց-կամաց գլորվել դեպի քաղաքացիական պատերազմ, ինչպես դա տեղի ունեցավ Լիբանանում 1975 թվականին:

Դժվար է կանխատեսել, թե ինչ հետագա ընթացք կարող է ունենալ այս ճգնաժամը: Բացառված չէ, որ հարեւան Լիբանանի 1975-1990 թվականների փորձը մասամբ կրկնվի եւ ժամանակի ընթացքում կենտրոնական կառավարությունը թուլանա, ներկայումս կուռ թվացող սիրիական երկու հակամարտ ճամբարները կամաց-կամաց տարրալուծվեն, դրանցում գտնվող տարբեր հոսանքները դառնան ավելի ինքնուրույն եւ Սիրիայի ամբողջ տարածքը վերածվի այլազան, «փոքր պատերազմների» թատերաբեմի: Այդ պարագայում եւս սիրիահայության նշանակալից արտագաղթ տեղի կունենա, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Լիբանանում:

- Ինչպե՞ս եք տեսնում Մերձավոր Արեւելքում հայ համայնքների (այդ թվումՙ Սիրիայի) հեռանկարը 21-րդ դարին բնորոշ իրողությունների համատեքստում:

- Արաբական աշխարհի հայ գաղութները մեր այսօրվա ընկալումներին համապատասխան կերպարանք ստացան 1915 թվականի Ցեղասպանության եւ 1921-1922-ին Կիլիկիայի հայաթափման հետեւանքով: Չնայած սկզբնական շրջանի բազմաթիվ դժվարություններին, հայ գաղթականները համեմատաբար հեշտությամբ համակերպվեցին հյուրընկալ միջավայրին եւ շուտով արաբական աշխարհը նախընտրեցին տարածաշրջանի այլ երկրներից որպես հայապահպանության համար հարմարավետ տեղ: Ասվածի լավագույն ապացույցը Ալեքսանդրեթի սանջակի եւ 1948-ի սահմաններով Իսրայելի հայության ճակատագիրն էր: Երբ այս երկրամասերը դադարեցին արաբական լինել, այնտեղ բնակվող շատ հայեր լքեցին իրենց տները եւ տեղափոխվեցին մոտակա շրջաններ, որոնք սահմանային փոփոխություններից հետո պիտի շարունակեին արաբական գերիշխանության տակ մնալ: Այս մթնոլորտում, երկու աշխարհամարտերի միջեւ ընկած ժամանակաշրջանում եւ դրանից անմիջապես հետո, արաբական աշխարհի հայության ընդհանուր թվաքանակը շարունակաբար աճ էր արձանագրում:

Իրադրությունը փոխվեց 1950-ական թվականներից: 1948-49 թթ. Իսրայելի դեմ պատերազմում արաբների կրած պարտությունից հետո արաբական աշխարհում ծավալվեց հեղաշրջումների ալիք, որ սկսվեց Սիրիայից` 1949-ին եւ իր վերջնակետին հասավ Լիբիայում եւ Հարավային Եմենում` 1969-ին: Հասարակության միջին ու ցած խավերից սերած բանակային սպաների կազմակերպած այս հեղաշրջումներն արմատական փոփոխության ենթարկեցին տվյալ պետությունների իշխող վերնախավերի սոցիալ-դասակարգային դիմագիծը: Միաժամանակ, վերջիններիս իրականացրած սոցիալ-տնտեսական բարեփոխումները կրեցին հեղափոխական բնույթ: Սակայն այս հեղաշրջումներն իրականում ճանապարհ հարթեցին կենտրոնացված ու ավտորիտար քաղաքական համակարգերի արմատավորմանը, ուր համարյա տեղ չկար բազմակարծության, ժողովրդավարության եւ ազատ ընտրությունների համար:

Հեղաշրջումների այս շղթան իր ազդեցությունն ունեցավ Եգիպտոսի, Սիրիայի, Իրաքի եւ Սուդանի հայ գաղութների վրա: Հեղափոխական նոր վարչակարգերի իրագործած բարեփոխումների շրջանակից դուրս մնաց պետության ու կրոնի իրավական փոխհարաբերության հարցը, եւ նշված երկրներում հայությունը շարունակեց պահպանել Օսմանյան կայսրությունից ժառանգված իր կրոնական ու համայնքային կառույցներն ու հավաքական իրավունքները: Սակայն պետական գաղափարախոսություն դարձած արաբական ազգայնականության ոգով կատարված վարչական, կրթական ու մշակութային նորամուծությունները, ինչպես նաեւ պետական կապիտալիզմին ու մասամբ սոցիալիզմին բնորոշ վերափոխումները տնտեսության ոլորտում պատճառ դարձան Եգիպտոսում, Իրաքում եւ ավելի քիչ չափով` Սիրիայում հայության կրթական, հրատարակչական ու մշակութային ազատությունների սահմանափակմանն ու արտագաղթի նոր ալիքի ձեւավորմանը (փոքր ծավալներով` դեպի Խորհրդային Հայաստան, բայց ավելի շատ` դեպի արեւմտյան երկրներ (հատկապես` ԱՄՆ, Կանադա եւ Ավստրալիա), իսկ Սիրիայի պարագայում` նաեւ դեպի հարեւան Լիբանան):

1950-ականները դարձան անկյունադարձային, քանի որ բնակչության այս տեղաշարժերը սկիզբ դրեցին մի նոր իրողության, արաբական երկրները դադարեցին սփյուռքահայերին համախմբող աշխարհագրական միջավայր հանդիսանալուց եւ, ընդհակառակը, վերածվեցին երկրագնդի տարբեր շրջաններ հայություն արտահանող մի երկրամասի: 1960-ականներից հետո վերաաշխուժացած ԱՄՆ-ի, Կանադայի եւ մասամբ` Ֆրանսիայի եւ Անգլիայի հայ գաղութները, ինչպես նաեւ Ավստրալիայի նորաստեղծ հայ համայնքը շատ բան պարտական են Եգիպտոսից, Սիրիայից եւ արաբական այլ երկրներից այնտեղ հանգրվանած հայությանը: Ավելի ուշ Լիբանանի հայ գաղութն էլ նոսրացավ երկրում 15 տարի տեւած քաղաքացիական պատերազմի հետեւանքով, եւ արտագաղթած լիբանանահայության մեծ մասը նույնպես հանգրվանեց Հյուսիսային Ամերիկայում, Ֆրանսիայում եւ Ավստրալիայում: Առավել եւս, ի տարբերություն նախապես հիշատակված Ալեքսանդրեթի ու Պաղեստինի նախադեպերի, Թուրքիայից, Իրանից եւ վերջապես հետխորհրդային Հայաստանից արտագաղթը, շատ չնչին բացառություններով, շրջանցեց արաբական աշխարհը: Արտագաղթողների համար արաբական աշխարհի անհրապուրիչ վայր դառնալու գլխավոր պատճառը վերջին տասնամյակներին այս տարածաշրջանի ավելի տնտեսական լճացումն է, քան արդեն հիշատակված արաբական ազգայնականության եւ իսլամական հոսանքների աճը կամ քաղաքական սահմանափակումները:

Դեռեւս շարունակվող նորագույն այս ճգնաժամի հետեւանքով սիրիահայության գլխին կանգնած վտանգը հնարավոր է, որ դառնա արաբական աշխարհի հայության շարունակական հայաթափման հերթական, բայց դժբախտաբար, կարեւոր մի նոր օղակը: Եթե իրականանա նախորդ հարցմանն ի պատասխան թվարկված տարբերակներից որեւէ մեկը, Հայաստանի տնտեսությունն այսօր ի վիճակի չի լինելու ընդունելու եւ տեղ տալու Սիրիայից մեծ թվով ներգաղթողների` մանավանդ միջին եւ ցածր խավերից: Նույնիսկ նրանք, ովքեր Հայաստան կգան, այնտեղից ի վերջո կփորձեն մշտական բնակության տեղափոխվել հյուսիսամերիկյան կամ արեւմտաեվրոպական որեւէ երկիր կամ Ավստրալիա:

Հատկապես Հալեպի հայ գաղութի նոսրացումը կարող է դեպի արեւմտյան երկրներ արտագաղթի նոր ալիք խթանել նաեւ հարեւան Լիբանանում, քանի որ Բեյրութի, Դամասկոսի եւ Հալեպի հայ համայնքներն իրար հետ կապված են բազմաթիվ` մշակութային եւ նույնիսկ ազգակցական կապերով: Այս դեպքում, Սիրիայից քրիստոնյա տարբեր համայնքների արտագաղթը բացասական ազդեցություն կարող է ունենալ Լիբանանի քրիստոնյա բնակչության (ներառյալ` հայերի) վրա` թուլացնելով նրա ինքնավստահությունը սեփական ուժերի նկատմամբ եւ կապվածությունն իր երկրին:

Սիրիահայ գաղութի նոսրացումը կարող է միաժամանակ թուլացնել վերջին մի քանի տասնամյակներում Քուվեյթի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քաթարի եւ Ծոցի արաբական այլ միապետությունների մեջ նորաստեղծ հայ գաղութներին: Այս համայնքները ստեղծվել են առավելապես Լիբանանից, Սիրիայից եւ Իրանից աշխատանքի ավելի լայն հնարավորություններ փնտրող հայերի մեկտեղումով, եւ քանի որ քրիստոնյաների համար գրեթե անհնար է այս երկրներում քաղաքացիություն ստանալ եւ վերջնականապես այնտեղ արմատավորվել, Ծոցի երկրներում հաստատված հայերը կանոնավոր կապ են պահում իրենց ծննդավայրերի հետ: Իսկ եթե հայաթափվի ծննդավայրը, ներկայումս Ծոցի շրջանում բնակվող եւ աշխատող հայերը եւս կարող են լրջորեն մտածել արաբական աշխարհը վերջնականապես լքելու մասին:

Ի վերջո, Սիրիայի հայության նոսրացումն ավելի պիտի ծանրացնի արեւմտահայերենի գոյատեւման եւ արեւմտահայ մշակույթի հետագա զարգացման հարցը: Հալեպը վաղուց եւ իրավամբ համարվել է ավանդական (այսինքն` գլխավորաբար արեւմտահայ) սփյուռքի թթխմորը, իսկ Սիրիայից հեռացողները եւ հատկապես նրանց զավակներն ու թոռներն աստիճանաբար պիտի դադարեն արեւմտահայերեն խոսելուց եւ արեւմտահայերենով ստեղծագործելուց` որդեգրելով իրենց հյուրընկալ երկրների լեզուները` անգլերենը կամ ֆրանսերենը եւ նույնիսկ Հայաստանի պարագայում` արեւելահայերենը... Արաբական աշխարհի հայաթափումով աշխարհի երեսին պիտի մնան շատ քիչ աշխարհագրական միջավայրեր, ուր հայերն ավանդաբար ու միասնաբար խոսում են արեւմտահայերեն:

(*) Միչիգանի (ԱՄՆ) համալսարանի (Դիրբոռն) հայագիտական հետազոտությունների կենտրոնի վարիչ, արեւելագետ-հայագետ պրոֆ. Արա Սանճյանի հետ այս հարցազրույցը, որը հրատարակում ենք որոշ կրճատումներով, վերցված է «Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ» գրքից (հեղ.ՙ Արաքս Փաշյան, Լիլիթ Հարությունյան):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4