Բժիշկները բուժել են աչքի հազվագյուտ խանգարումներ ունեցողներին` բուժման կուրս նշանակելով կրակոցներով տեսախաղերը: Զարմանալի արդյունքները վիճելի են դարձնում այն տեսակետը, թե տեսախաղերը անխուսափելիորեն վնաս են տեսողությանը:
Հետազոտողները հայտնաբերել են, որ այն չափահասները, ովքեր ամսական առնվազն 40 ժամ զբաղվել են նշված խաղերով, այնքան են բարելավել իրենց տեսողությունը, որ կարողացել են տեսողության ստուգման ստանդարտ աղյուսակում մեկ կամ երկու տող ավելի ներքեւ կարդալ:
Խաղերը, որոնք պահանջում են, որ խաղացողները պատասխանեն այն գործողություններին, որոնք ուղղակիորեն իրենց առջեւ են կատարվոմ եւ իրենց տեսադաշտում, եւ հետեւեն երբեմն աղոտ եւ տարբեր ուղղություններով շարժվող օբյեկտներին, ուժեղացրել են այն չափահասների տեսողական համակարգը, ովքեր ծննդյան օրից տեսողական լուրջ խնդիրներ են ունեցել:
Հետազոտողները հնարավոր են համարում, որ կարելի է վարժեցնել ուղեղը` հաղթահարելու որոշ հանգամանքներ:
«Բոլորի տեսողությունը էականորեն բարելավվել է», այսպես է ներկայացրել իր հետազոտությունը Հեմիլթոնի Մքմասթեր համալսարանի (Օնտարիո, ԱՄՆ) հոգեբան Դաֆնի Մորերը Գիտության առաջադիմության ամերիկյան ասոցիացիայի Վանկուվերում կայացած տարեկան ժողովի ժամանակ:
Աշխատանքի համար հիմք է ծառայել նախկինում կատարված մի ուսումնասիրություն` ըստ որի տեսախաղերը կարող են օգնել տեսողության խանգարումների ժամանակ: Հոկտեմբերին Կալկաթայի աչքի միկրովիրաբուժության կլինիկայի բժիշկ Սոմեն Ղոշը հայտարարել էր, որ Unreal Tournament խաղը բարելավել է 10-18 տարեկանների տեսողությունը, ովքեր ունեցել են ամբլիոպիա կամ ծույլ աչք»:
Մորերը աշխատել է 19-31 տարեկան վեց չափահասների հետ, ովքեր ծնված օրվանից ունեցել են զույգ աչքերի կատարակտ: Նրանց համար համարյա արգելափակված է եղել ամբողջ տեսողական աշխարհը` բացառությամբ լույսի եւ մթության ակնհայտ փոփոխությունների: Երեխաները, ովքեր ծնվել էին այդ հիվանդությամբ, իրենց կյանքի վաղ շրջանում վիրահատվել էին կատարակտը վերացնելու համար, կոնտակտային լինզաներ էին դրվել նրանց աչքերին` տեսողությունը ուղղելու համար: Բայց չնայած այս ամենին, նրանք ավելի թույլ տեսողություն ունեին, քան իրենց առողջ հասակակիցները:
«Նորածինները (նույն հիվանդությամբ) կարող են տեսնել, բայց միայն լավ տարբերակված խոշոր առարկաները: Նրանց տեսողությունը 40 անգամ ավելի վատ է, քան նույն խնդիրն ունեցող չափահասներինը: Սա զգալիորեն բարելավվում է առաջին վեց ամիսների ընթացքում, բայց մոտ յոթ տարի է պահանջվում չափահասների մակարդակին հասնելու համար», ասում է Մորերը:
«Նույնիսկ շատ վաղ` երկու ամսական հասակում կատարված բուժման դեպքում էլ տեսողության պակաս կլինի», ասում է նա: Խնդիրը չի վերանում, քանի որ կատարակտը խանգարում է երեխայի գլխուղեղի կեղեւի այն հատվածի նորմալ զարգացմանը, որը պատասխանատու է տեսողական ինֆորմացիայի մշակման համար: «Չնայած խնդիրը սկիզբ է առնում նրանց աչքերում, իր վերջին հանգրվանն է գտնում գլխուղեղի կեղեւի տեսողական հատվածում»:
Տեսախաղերը դրականորեն են ազդում հիվանդների գլխուղեղի կեղեւի տեսողական հատվածի վրա, որն էլ իր հերթին որոշ չափով վերականգնում է նրանց վնասված տեսողությունը: Խաղերը լավագույն արդյունք են ապահովել այն խաղացողների համար, ովքեր կարողացել են խաղի ավելի բարձր մակարդակների հասնել:
Մորերը ակնկալում է, որ տեսողության բարելավումը տեւական բնույթ կունենա, սակայն մոնիտորինգ է անցկացնում հիվանդների մեջ: Նա ասում է, որ կլինիկական փորձարկումը հաջորդ քայլն է լինելու` նախքան բժիշկները որպես բուժման միջոց կկիրառեն տեսախաղերը:
«Սովորաբար մենք կարծում ենք, որ տեսողական նմանատիպ խնդիրները հարատեւ են, բայց վերջին հետազոտության արդյունքները հնարավոր են համարում, որ դա կարող է եւ այդպես չլինել: Չափահասների ուղեղը կարող է բավական ճկուն լինել եւ հնարավորություն տալ բուժվելու», ասում է Մորերը, «այս տեսանկյունից, տեսախաղերը նրանց համար օպտիմալ տեսողական թերապիայի դեր են կատարում»:
Մորերը այժմ աշխատում է այլ հետազոտողների հետ` մշակելու այնպիսի համակարգչային խաղեր, որտեղ բռնություն չկա: «Ես կողմ չեմ այն բանին, որ ստիպենք մարդկանց խաղալու խաղեր, որտեղ իրենք կրակողների դեր են ստանձնում», ասում է նա:
guardian.co.uk