Արվեստը միակ տիեզերական լեզուն է
ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ
Ռուդոլֆ Խառատյանը Հայաստան վերադառնալուց հետո շատ կարճ ժամանակահատվածում հայ բալետային արվեստը բարձրացրեց նոր մակարդակի: Նրան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր հրավիրեցին ու չսխալվեցին, քանզի անցած երկու տարում իրար են հաջորդում ոչ միայն բալետի փայլուն երեկոները, օպերաներում բալետային հատվածների կատարումներն ու յուրօրինակ պարերի բեմադրությունները: Մի խոսքով, բեմում տիրում են «մարմնի լեզուն» եւ զգացմունքները: Աշխարհում հայտնի խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի ստեղծագործական ուղուն «Ազգը» անդրադարձել է եւ գրեթե բոլոր նրա հաջողություններին արձագանքել: Աշխարհի շատ երկրներում նրան ճանաչում են նաեւ որպես գեղանկարիչ: Ռ. Խառատյանը 1991-ից սկսած չորս տասնյակ ցուցահանդեսների է մասնակցել Կանադայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Հնդկաստանում, Եգիպտոսում: Դրանցից բացի երկու տասնյակ անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել ԱՄՆ-ում (Վաշինգտոն, Նյու Յորք), Կանադայում (Մոնրեալ) եւ Հայաստանում:
Մեկ տարի առաջ Երեւանում բացվեց Ռուդոլֆ Խառատյանի անդրանիկ ցուցահանդեսը մայր հայրենիքում եւ բարձր գնահատվեց արվեստագետների ու հանրության կողմից: Հենց այդ գնահատանքին ու ջերմ բարեմաղթանքներին ի պատասխան, գարնան առաջին օրը հայ կանանց ու մայրերին, գեղեցկության մեկամսյակին նվիրեց նա իր 2-րդ անհատական ցուցահանդեսը: Գեղեցիկ, հանդիսավոր պայմաններում, Կամերային թատրոնի շենքում «Երկաթ» ակումբը կազմակերպել էր ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը բացեց ու գեղանկարիչ Ռուդոլֆ Խառատյանին ներկայացրեց ակումբի խմբագիր Սիլվա Կարապետյանը : Ցուցահանդեսը, որում ներկայացված են վերջին 10 տարիներին վրձնած Ռ. Խառատյանի 31 գեղանկարներ, կգործի երկու շաբաթ: «Խառատյանի գեղանկարներն առանձնանում են փայլող գունային գամմայով, ուր գերիշխում են ոսկին եւ դեղինը, հիշեցնում են Բյուզանդական սրբանկարներ կամ էջեր նկարազարդ ձեռագրերից...», այսպես է բնորոշել Մերիլենդի համալսարանի պրոֆեսոր, արվեստաբան Կլաուդիա Ռուսոն :
«Ազգի» այն հարցին, թե ի՞նչն է նկարներին հիմք ծառայել եւ ինչպե՞ս են դրանք ստեղծվել, Ռուդոլֆ Խառատյանն ասաց. «Ինձ համար հիմնականում երեք գործոն կա, որով ես առաջնորդվում եմ ստեղծագործելիս: Դրանք ենՙ գույն, կլոր գծերը եւ քառակուսիները: Կլորըՙ երկինքն է, քառակուսինՙ կազմակերպվածությունն է մտահղացման ու գունային գամմաները: Այս երեք կոմպոզիցիաները հիմքն են իմ ստեղծագործությունների»: Գեղանկարչի մոտ մինչ կտավի առջեւ նստելը, ծագում են գաղափարները, որոնք խմորվում են ու էմոցիոնալ վիճակի բերվում, որոնց հիմքում մարդկային մարմնի շարժումն է, ուրվագծերը, սիմվոլները, որոնք դառնում են կտավ, բացատրում է Ռուդոլֆ Խառատյանը: Նա իր ամբողջ ստեղծագործական կյանքով հաստաստում է այն միտքը, թե տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում, եւ նրա լուսավոր, բազմերանգ, դինամիկ գեղանկարչությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ նա փայլուն տիրապետում է Վարպետ Քոչարի հիշատակած տիեզերական լեզվի բոլոր նրբերանգներին եւ արտահայտչամիջոցներին:
Գարնանային վառ գույների շնչով էր ողողվել Կամերային թատրոնի ճեմասրահը, եւ Ռուդոլֆ Խառատյան գեղանկարչի աշխատանքներից հույսի, լույսի եւ ապագայի կայծեր էին ճառագում, որոնցից դժվար էր հեռանալ:
Մ. Մ.