Գարնան առաջին կիրակի օրը կայացավ «Հայսուպերսթար-5»-ի չորրորդ գալա-համերգը, որը ամբողջությամբ նվիրված էր գարնան ամենագեղեցիկ տոնինՙ մայրության եւ գեղեցկության մեկամսյակին: Յուրօրինակ այդ տոնական համերգը բացվեց հարգանքի տուրք մատուցելով օրեր առաջ կյանքից հեռացած հանրահայտ ամերիկուհի փոփ-երգիչ Ուիթնի Հյուսթոնի հիշատակին: Չորրորդ գալա-համերգին մասնակցող 9 երիտասարդները կատարեցին Հյուսթոնի լավագույն երգերից մեկըՙ «I Will Always Love You» եւ վառված մոմերը ձեռքներին հոտնկայս հարգեցին նրա հիշատակը: «Շանթի» համերգասրահում ներկա գտնվողները մեծ հաճույք ստացան ու հիացան նման խմբակային կատարումից:
«Ազգը» շարունակելով համագործակցությունը «Հայսուպերսթար-5» ծրագրի հետ, որպես ինֆորմացիոն գործընկեր, ներկա էր այդ տոնական համերգին, որի ընթացքում մասնակիցների բոլոր կատարումները նվիրված էին կյանքում ամենաթանկ էակինՙ մորը: Կային հուզումնալից կատարումներ: Քանի որ քվեարկությունը հեռուստադիտողների կողմից դեռ շարունակվում է, ուստի չենք ուզում որեւէ մասնակցի գովազդել, թողնելով յուրաքանչյուրին ճիշտ կողմնորոշվել ու իր ձայնը տալ իր իսկ հավանած թեկնածուի օգտին: Նշենք նրանց անունները ըստ հերթականությանՙ Էլիզաբեթ Ադիկյան, Ռիմա Ֆարսյան, Անահիտ Հարությունյան, Լիանա Արոյան, Արաքսյա Ամիրխանյան, Ջուլիետտա Սարգսյան, Արթուր Մացակյան, Սոնա Ռուբինյան, Երվանդ Մաթեւոսյան:
Քվեարկության մանրամասներին կարող եք ծանոթանալ նաեւ www.shanttv.com կայքէջից, որտեղից էլ մանրամասների կտեղեկանաք «Հայսուպերսթար-5»-ի օրագրերին: Իսկ թե մասնակիցներից ո՞վ դուրս կմնա եւ ո՞վ կհայտնվի վտանգավոր գոտումՙ կտեղեկացնենք քվեարկության արդյունքների ամփոփումից հետո:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ