«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2012-03-02 | #40, 2012-03-03 | #41, 2012-03-06


ՊԵՏԵՐ ՌՈԶԵՆԻ «ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ» ՖԻԼՄԸ ՓԱՐԻԶՅԱՆ ԿԻՆՈԱԿՈՒՄԲՈՒՄ

Փարիզի «Ռուբեն Մամուլյան» կինոակումբում տեղի է ունեցել Պետեր Ռոզենի «Արամ Խաչատրյան» (2003) ֆիլմի ցուցադրությունը: Հրապարակային դասախոսությամբ հանդես է եկել երաժիշտ եւ կոմպոզիտոր Ալեքսանդր Սիրանոսյանը :

Ժամանակագրական ֆիլմը հռչակավոր կոմպոզիտորի կյանքի պատմությունն էՙ կապված ԽՍՀՄ-ի, Վրաստանի, Հայաստանի պատմության հետ: Այդ կապերը, քաղաքական ու պատմական իրադարձությունները երբեմն նպաստել են կոմպոզիտորի փառքին, երբեմն էլ, ընդհակառակը, վտանգավոր եւ ապակայունացնող են եղել նրա ստեղծարար գործունեության եւ կյանքի համար:

Օրինակ, տպավորիչ զուգահեռներ են անցկացվում ստալինյան ժամանակաշրջանում կոմպոզիտորների «պսակազերծման» եւ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի միջեւ: Ի դեպ, ժամանակագրությունը բնավ չի խանգարում ֆիլմի ամբողջ ընթացքում ունկնդրելու նվագախմբերի եւ անհատ կատարողների կողմից Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտագետ, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երկարամյա տնօրեն Ալեքսանդր Սիրանոսյանը Խաչատրյանի երաժշտական ֆրազների ու մոտիվների միջոցով ներկաներին բացատրել է, թե կոմպոզիտորն ինչպես է կարողացել հայկական մեղեդիներ ներածել իր ստեղծագործությունների մեջ:

Զեկուցողն այնուհետեւ խոսել է շուտով հրապարակվելիք սեփական հետազոտությունների մասին: Փարիզի «Աշխարհ» թերթի տվյալների համաձայն, դրանք վերաբերում են եվրոպական մի շարք թատերախաղերում եւ օպերաներում (մանավանդ 17-18-րդ դարերում) առկա պատմական եւ մտացածին հայ կերպարներին:

Երեկոյի վերջում տեղի է ունեցել կարծիքների փոխանակություն:

Պ. Ք.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4