Երեկ ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որում նա անդրադարձավ Կիպրոսում անցկացված ստուգողական 2 հանդիպումներին:
«Ես դեռեւս ուսումնամարզական հավաքից առաջ էի հայտարարել, որ Կիպրոսում կայանալիք 2 խաղերում մեծ թվով ֆուտբոլիստների ենք փորձարկելու, խաղալու հնարավորություն ենք տալու նրանց, ովքեր ավելի քիչ են հանդես եկել հավաքականում անցյալ տարի: Դրա հետ մեկտեղ հարկ էր փորձարկել նաեւ նորեկներին: Քանի որ հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստներից ոմանք ուշ էին ժամանել Կիպրոս, ուստի նրանց հանգստանալու հնարավորություն տվեցինք: Այդ ամենը հաշվի առնելով, ավելի նպատակահարմար գտանք, որ Կանադայի հավաքականի հետ խաղում ասպարեզ դուրս գա մարտական կազմը:
Այն, ինչ նախատեսել էինք, կատարվեց: 2 խաղերը շատ հարցերի պատասխաններ տվեցին: Կարծիք կազմեցինք ինչպես հիմնական կազմի, այնպես էլ երիտասարդների ֆունկցիոնալ վիճակի, խաղային ունակությունների մասին», նշեց Վարդան Մինասյանը:
Հավաքականի գլխավոր մարզչին դուր էր եկել Արազ Օզբիլիսի խաղը: Ըստ մարզչի, Օզբիլիսը շատ շուտ մերվեց կոլեկտիվին, ինչը նաեւ տղաների շնորհիվ էր, որոնք ջերմ ընդունեցին հավաքականի նորեկին: Վարդան Մինասյանը հավատացած է, որ Օզբիլիսը շատ օգտակար կլինի հավաքականին ու կուժեղացնի թիմի խաղը:
Գլխավոր մարզիչը խոսել է Նորայր Մամեդովի հետ, որը շատ էր ուրախացել հրավերի համար: Նորայրը մի փոքր վնասվածք ուներ, ուստի ցանկանում էր ամրապնդվել իր թիմում: Բացի այդ էլ, նա մտադիր է փոխել ազգանունը եւ հայկական ազգանունով նորամուտը նշել ՀՀ հավաքականում: Մամեդովը կհրավիրվի հույների հետ մայիսի 31-ին կայանալիք ընկերական հաջորդ հանդիպմանը մասնակցելու: Ի դեպ, Վարդան Մինասյանը ցանկություն ունի եւս մեկ ընկերական խաղ կազմակերպել հունիսի 5-ին: Մայիսին կազմակերպվելիք հավաքի ժամանակ ավելի մեծ ուշադրություն կդարձվի տակտիկական հարցերին: Ընկերական վերջին հանդիպումը նախատեսված է օգոստոսի 15-ին Բելառուսի հավաքականի հետ:
Պատասխանելով այս կամ այն ֆուտբոլիստին հավաքական չհրավիրելու պատճառների մասին հարցին, Վարդան Մինասյանը նշեց, որ նրանց ընտրությունը կատարելիս ելնում է 3 չափանիշներից: Առաջինըՙ ֆուտբոլիստը պետք է իր խաղամակարդակով համապատասխանի հավաքականին, 2-րդըՙ իր խաղաոճով համապատասխանի ազգային ընտրանուն եւ 3-րդ ամենակարեւորըՙ լինի հայրենասեր:
Գլխավոր մարզիչը հավաստիացրեց, որ ներկայումս չկա հայազգի մի ֆուտբոլիստ, որ հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունից դուրս մնացած լինի: Մարզչական շտաբը մշտապես հետեւում է նրանց ելույթներին, հարկ եղած դեպքում մեկնում է արտերկիրՙ ներկա գտնվելու նրանց մասնակցությամբ հանդիպումներին: Օրինակ, առաջիկայում Վարդան Մինասյանը մտադիր է մեկնել Հոլանդիաՙ դիտելու Նորայր Մամեդովի խաղը:
Գլխավոր մարզչին շարունակում է հուզել 2-րդ դարպասապահի հարցը: Եթե Սարգիս Հովսեփյանին արժանի փոխարինող ներկայումս էլ կարելի է գտնել, ապա Ռոման Բերեզովսկուն համարժեք դարպասապահ դեռեւս չունենք: Ուստի առաջիկա հանդիպումներում էլ կփորձարկվեն դարպասապահներ: Ինչպես հայտնի է, Ռոմանը Մալթայի հետ աշխարհի առաջնության մեկնարկային ընտրական խաղում հանդես գալու իրավունք չունի:
Մինչեւ ընտրական մրցաշարի մեկնարկը շատ կարեւոր է, որ հավաքականի ֆուտբոլիստները զերծ մնան վնասվածքներից: Նաեւ կարեւոր է, որ մեր լեգեոնականները արտերկրի ակումբներում մշտապես խաղան ու խաղային զգալի փորձ կուտակեն, ինչը կօգնի հաջող հանդես գալու նաեւ ազգային հավաքականի կազմում: