Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Անցկացված 3 տուրից հետո Հայաստանը ներկայացնող 5 շախմատիստուհիներից 4-ըՙ Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը վաստակել են 1,5-ական միավոր, իսկ Աննա Հայրապետյանի օգտին գրանցված է 1 միավոր:
Մեկնարկային տուրում Դանիելյանը հաղթեց Լիլիա Դրլջեւիչին, Մկրտչյանը պարտության մատնեց Միխայելա Սանդուին, Գալոյանը շահեց պարտիան Էմել Կայայի հետ մրցավեճում, իսկ Կուրսովան առավելության հասավ Միսլինա Բոզկուրտի նկատմամբ: Միակ պարտությունը կրեց Աննա Հայրապետյանըՙ զիջելով Նինո Խուրցիձեին:
2-րդ տուրում միակ հաղթանակը տոնեց Հայրապետյանըՙ պարտության մատնելով Ալյոնա Մարտինկովային: Գալոյան-Դանիելյան, Մկրտչյան-Սեդինա, Գապոնենկո-Կուրսովա պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Մրցաշարի 3-րդ տուրն իսկական մղձավանջ էր Հայաստանի ներկայացուցիչների համար, որոնք բոլորն էլ պարտվեցին: Էլինա Դանիելյանը զիջեց Տատյանա Մոլչանովային, Լիլիթ Գալոյանը պարտվեց Ֆրանսիան ներկայացնող հայազգի գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկոյին, Լիլիթ Մկրտչյանն էլ անհաջող խաղաց Նաստասիա Զյազուլկինայի հետ պարտիայում: Անդրանիկ պարտությունը կրեց նաեւ Մարիա Կուրսովան Տրանգ Հոանգի հետ պարտիայում: Աննա Հայրապետյանը 2-րդ պարտությունը կրեց Բահիրա Կովանովայի հետ մրցախաղում:
3 տուրից հետո նույնքան միավորով աղյուսակը գլխավորում են լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն, ֆրանսիացի Մարիա Սեբագը եւ ռումինացի Քրիստինա Ֆոյսորը: Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկոն ունի 2,5 միավոր: Ռուսաստանցի Նելլի Ալեքսանյանի օգտին գրանցված է 2 միավոր: