«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2012-03-03 | #41, 2012-03-06 | #42, 2012-03-07


ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ «ՊԼԱՆ» ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով եռակողմ հանդիպումներ վերջին շրջանում մի քանիսն են եղել, ընդ որումՙ ամեն անգամ հայտարարություններ են արվել, թե այս կամ այն պետք է արվի: Հիմա էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարում, թե ինչ անել հայտարարվածներն իրականացնելու համար:

Ի մասնավորի, ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ, երեկ համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Ժակ Ֆորը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, Բաքվից հայտարարություն են տարածել, ըստ որի մարտի 2-6-ը տարածաշրջանային այցելության ժամանակ Երեւանում, Լեռնային Ղարաբաղում եւ Բաքվում «կողմերի հետ քննարկել են, թե ինչպես իրականացնել Սոչիի (նկատի ունեն այս տարվա հունվարի 23-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը - Ա.Հ.) հայտարարության պարտավորությունները` շարունակելու աշխատանքը շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ուղղությամբ»:

Թե երբ են խոսքից գործին անցնելու` նույնքան անհաստատ է, որքան դիպուկահարներին շփման գծից հեռացնելու մասին այդպես էլ սնանկ մնացած հայտարարությունները, քանի որ Ադրբեջանն, անտեսելով բոլոր առաջարկները, շարունակում է անլուրջ մոտեցումը համանախագահներին: Ու թերեւս անօգուտ լինի համանախագահների նոր նախաձեռնությունը, ըստ որի Մինսկի խմբի համանախագահները դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին, որպեսզի ԵԱՀԿ պլանավորման բարձրակարգ խմբի կողմից մշակվի այդ մեխանիզմը որպես կայունության ու վստահության ամրապնդման կարեւոր միջոց:

Համանախագահների հայտարարությամբ, տարածաշրջանային այցելությանը քննարկվել է նաեւ մարդկային եւ մարդասիրական շփումների հարցը, «ինչը պետք է օգտագործվի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների փոխըմբռնմանը` չքաղաքականացվելով կամ չշահարկվելով ի վնաս խաղաղ գործընթացի»: Այս խոսքերն էլ ուղղակիորեն եւ գոնե մեկ անգամ պետք է հասցեագրվել Ադրբեջանին, որտեղ վատ սովորություն է դարձել Արցախ այցելողներին «սեւ ցուցակում» ներառելը:

Եվ այս ամենը համանախագահներն առաջարկել են որպես հունվարի 23-ի Սոչիի հանդիպման հայտարարությունը գործողության մեջ դնելու ծրագիր, հայտարարություն, որ արվել էր Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի անունից: Սակայն որքանով «ադաթ» ձեռք բերած Ալիեւը հետամուտ կլինի վերջին շրջանում ամենայն հանգստությամբ ստորագրած, բայց այդուհետեւ հրաժարված հայտարարությունների առումով, նորույթ չի կարող լինել:

Այդուհանդերձ, համանախագահները նախ մարտի 22-ին կհավաքվեն Վիեննայում` տեղեկացնելու ԵԱՀԿ մշտական խորհրդին վերջին քայլերի մասին, ապա, ինչպես Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկ ամսից համանախագահները կրկին կկապեն ճամպրուկներն ու կայցելեն տարածաշրջան: «Հանդիպումներ կլինեն նոր ձեւաչափով», ասել է Մամեդյարովը, չպարզաբանելով, թե ինչ նկատի ունի նոր ձեւաչափ ասելով:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4