«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2012-03-03 | #41, 2012-03-06 | #42, 2012-03-07


Ի՞ՆՉ ԿԱՐԻՔ ԿԱ ՆՈՐ «ՄԵՇԱԴԻԻԲԱԴ»-ՆԵՐ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ

Կամ` հերթական հիմարություն

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի նախօրերին Բաքվի լրատվամիջոցները «մի բերան» գրեցին, որ «Լեռնային Ղարաբաղ կայցելեն Միլլի մեջլիսի պատգամավորներ, մշակույթի գործիչներ եւ լրագրողներ»: Տպավորություն էին ուզում ստեղծել, թե «հաջողվել է իրականություն դարձնել «միջհամայնքային երկխոսությունը»»:

Ստեփանակերտում, իհարկե, այդ տեղեկատվությունը միայն խղճահարություն էր հարուցել: Քանի որ արցախյան կողմը որեւէ մտադրություն չուներ եւ չունի անկոչ «հյուրեր ընդունելու», մանավանդ` «նրանց հետ երկխոսելու»: Համանախագահներն այցելեցին Ստեփանակերտ, Արցախի նախագահից լսեցին իրավիճակի գնահատականը եւ ելքի հնարավորության մասին արցախյան կողմի պատկերացումները, այնուհետեւ շարունակեցին իրենց երթուղին:

Եվ հենց որ նրանք Բաքու հասան, հայտնի դարձավ, թե ինչի մասին էր աղմկում ադրբեջանական քարոզչությունը: Պարզվում է, Բայրամ Սաֆարովի առաջնորդությամբ Միլլի մեջլիսի որոշ պատգամավորներ, լրագրողներ «եղել են Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում»:

Այս բացարձակ հիմարությունը թերեւս թռուցիկ դիտարկման անգամ արժանի չէր լինի, եթե տեղեկատվության մեջ տեղ չգտներ «Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք» ձեւակերպումը: Դրա համար, անկեղծ ասած, Բաքվի «քաղտեխնոլոգներին» կարելի է նույնիսկ շնորհակալություն հայտնել: Այո, չէ՞ որ այդպիսով ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն առանձին է, Ադրբեջանինը` առանձին: Այսինքն, մի կողմում կա Ադրբեջան, մյուսում` Լեռնային Ղարաբաղ, որի տարածքի մի հատվածը «վերահսկում է Ադրբեջանը»: Այսինքն` մի երկիրն օկուպացիայի տակ է պահում մյուսի` ԼՂՀ տարածքի մի մասը:

Ադրբեջանի սահմանադրության մեջ ասված է, որ երկրի «տարածքը միասնական է, անօտարելի, անբաժանելի»: Եվ քանի որ այնտեղ հստակեցված չէ, թե խոսքն ի՞նչ տարածքի մասին է, մանավանդ ոչինչ ասված չէ Լեռնային Ղարաբաղի մասին, ի տարբերություն Նախիջեւանի, մնում է եզրահանգել, որ հիմնական օրենքով Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղի տարածքը չի ընդգրկվում: Հակառակ դեպքում Միլլի մեջլիսի պատգամավորները, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ են, ինչպե՞ս կարող էին լինել Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կողմից վերահսկվող, այն է` օկուպացված, տարածքում:

Իսկ վերնագրում նշվածը վերաբերում է Բայրամ Սաֆարովին, որը, գտնվելով Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքում, լրագրողների համար կարդացել է Իլհամ Ալիեւի աշխատակազմում հեղինակած` Ադրբեջանի «ազգությամբ հայ քաղաքացիներին հասցեագրված» հիմարությունը: Իսկ դա հիմարություն է ոչ միայն «բովանդակային», այլեւ ֆորմալ առումով: Սաֆարովը, գտնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` Ադրբեջանի կողմից օկուպացիայի տակ պահվող տարածքում, փաստորեն հանդես է գալիս որպես բռնազավթիչ պետության ներկայացուցիչ: Իսկ քանի որ ԼՂՀ տարածքի մնացած` մեծագույն մասը վերահսկվում է նրա զինված ուժերի եւ քաղաքացիական իշխանությունների կողմից, փաստ, որ Բաքվի «քաղտեխնոլոգներն» ընդունել են իրենց տեղեկատվության մեջ Ադրբեջանի եւ ԼՂՀ տարածքներն առանձնացնելով, ուրեմն ԼՂՀ ժողովուրդն էլ չի կարող լինել «Ադրբեջանի քաղաքացի»:

Սաֆարովն այս պարզ ճշմարտությունը չի հասկանում: Եվ դա նրա մարդկային թերությո՞ւնն է, թե՞ առավելությունը` մեր խնդիրը չէ: Մենք ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ Արցախում «կադիրովներ գտնելու» կամ «մոսկվաբնակ արմենսահակյանների» անունից «պրագմատիկ մոտեցումներ» շրջանառելու` պաշտոնական Բաքվի որեւէ փորձ որեւէ հետեւանք չի ունենում եւ չի էլ ունենա: Պրագմատիկն, ահա, «Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք» ձեւակերպումն է: Ամեն մի շփման հիմքում պետք է դրվի այդ իրողությունը: Միայն այդ ելակետից է հնարավոր առաջ տանել փոխադարձ ընդունելի լուծում գտնելու գործը: Բաքվի «քաղտեխնոլոգներին» դա հասու է դարձել: Մնում է, որ ադրբեջանական իշխանությունները ձեռնարկեն առարկայական քայլեր: Առաջին հերթին` փակեն «բայրամսաֆարովական կրկեսը»: Առանց այդ էլ մենք գիտենք, որ մարդն առաջացել է կապկից: Ի՞նչ կարիք կա նոր «մեշադիիբադ»-ներ ցուցադրելու:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4