Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը կարեւորում է մասնագիտական կրթության հարցը
Հայաստանում հարկային օրենսդրությունում վերջերս կատարված փոփոխությունների, մեր երկրի բիզնես միջավայրի, պետության կողմից արտահանման աջակցության ծրագրի, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) կողմից ընկերություններին եւ անհատ ձեռնարկատերերին մատուցվող տարբեր ծառայությունների վերաբերյալ հարցերի շուրջը զրուցեցինք ՀԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանի հետ:
- Պրն Վարդանյան, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը ի՞նչ քայլեր է իրականացնում գործարարների գործունեությունը հեշտացնելու եւ ավելորդ ծախսերից ու խնդիրներից զերծ պահելու ուղղությամբ:
- Պալատն, իհարկե, տարբեր ձեւերով է աջակցում գործարարներին: Այս անգամ ես կցանկանայի առանձնացնել երկու կարեւոր ծառայություն, որ մատուցվում է ՀԱԱՊ անդամ ընկերություններին եւ անհատ ձեռնարկատերերին:
Առաջինը հուսալի գործընկերների ոչ պետական գրանցամատյանի վարումն է, որի նպատակներն են աջակցել ձեռնարկատիրական գործունեությանը, այդ թվումՙ արտաքին տնտեսական համագործակցությանը, տեղական ապրանքների, ծառայությունների մրցունակության բարձրացմանը, վստահություն ներշնչել հայկական ձեռնարկատերերին ներքին եւ հատկապես արտաքին շուկաներում: Պալատը նրանց տրամադրում է փաստաթուղթ` ապրանքների եւ ծառայությունների որակի մասին, որը հատկապես ցանկալի է համարվում արտերկրի, մասնավորապես Եվրոպայի եւ ԱՄՆ-ի նրանց գործընկերների կողմից: Դա լրացուցիչ վստահություն է ներշնչում արտաքին շուկայում հայկական ընկերությունների նկատմամբ: Այդ փաստաթուղթը տալուց առաջ մենք իհարկե ստուգում ենք այդ ընկերություների ապրանքներն ու ծառայությունները:
- ՀԱԱՊ-ն նաեւ ֆորսմաժորային իրավիճակների վերաբերյալ տեղեկա՞նք է տրամադրում:
- Այո՛: Ֆորս-մաժորը արտակարգ եւ անհաղթահարելի հանգամաքներն են` բնական աղետներ, ռազմական գործողություններ, հրդեհներ, ջրհեղեղներ, փոթորիկ, համաճարակ, գործադուլ, երկրաշարժ եւ այլն: Այդ դեպքերի վերաբերյալ վկայում եւ համապատասխան տեղեկանք է տրամադրում ՀՀ ԱԱՊ-ն` պայմանագրի շահագրգիռ կողմի ղեկավարի ստորագրած գրավոր դիմումի հիման վրա: Վկայագիրը տրամադրվում է մեկ շաբաթվա ընթացքում: Մենք համապատասխան կառույցի հետ անհրաժեշտ ճշտումներ ենք կատարում եւ տալիս ենք այդպիսի տեղեկանք, որպեսզի տնտեսվարողները տուգանքներ չկրեն ֆորս-մաժորի պատճառով պայմանագրային պարտավորությունների չկատարելու համար:
- Շա՞տ են եղել նման դեպքեր:
- Նման դեպքեր են եղել 2008-ին ռուս-վրացական պատերազմական գործողությունների ժամանակ: Կամՙ դարձյալ Վրաստանում, Վերին Լարսում անանցանելի ճանապարհների պատճառով: Հայաստանում նույնպես ճանապարհների անանցանելիության պատճառով եղել են դեպքեր, երբ ընկերությունները չեն կարողացել փոխադրումներ իրականացնել եւ նրանց տրամադրվել է տեղեկանք ֆորս-մաժորի վերաբերյալ:
- Առեւտրաարդյունաբերական պալատը որպես գործարարներին միավորող կառույց ի՞նչ տեսակետ ունի հարկային վարչարարության վերջին բարեփոխումների` մասնավորապես հասույթի եւ առաքման գրքույկների վերացման մասին:
- Մեր կողմից այդ հարցը բարձրացրել ենք 10-12 տարի: Դա համարում ենք դրական քայլ, որը հնարավորություն է տալիս մեր ձեռնարկություններին հանգիստ գործելու, քանի որ նրանք ավելի շատ թղթաբանությամբ էին զբաղվում, եւ մի տեխնիկական սխալը բերում էր տուգանքների կամ էլ կոռուպցիայի` հարկային ծառայության աշխատակցի կողմից:
- Մեր բիզնես միջավայրը վերջին 1 տարվա բարեփոխումներից հետո ինչպե՞ս եք գնահատում: Մենք դեռ հե՞տ ենք մնում տարածաշրջանում:
- Իհարկե դեռ հետ ենք մնում, որը որոշ չափով կախված է մեր հարեւանների հետ քաղաքական խնդիրներից: Մյուս կողմից էլ պետությունը դեռ շատ անելիքներ ունի այստեղ:
- Վերջերս անընդհատ քննարկվում էր կառավարության առաջարկած արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման ռազմավարությունը: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը դրան, դուք ի՞նչ առաջարկներ ունեք:
- Այդ մասին բոլոր քննարկումներին մասնակցել ենք: Մենք հատկապես կարեւորում ենք կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցը, որպեսզի կարողանանք ապահովել արտահանմանն անհրաժեշտ որակը: Առաջարկները ներկայացրել ենք կրթության եւ գիտության նախարարության կից մասնագիտական կրթության զարգացման աջակցության խորհուրդին: Կարծում ենք, որ այդ գործընթացը դանդաղ է առաջ գնում: Ձեռնարկությունները, որոնք զբաղվում են արտադրությամբ եւ արտահանմամբ, նոր սարքավորումներ են բերում, որոնք պետք է աշխատեցնեն համապատասխան որակավորում ունեցող մարդիկ: Մեծ ձեռնարկությունները վերապատրատում են իրենց աշխատակիցներին, իսկ փոքրերն ու միջինները չեն կարողանում դա անել:
- ՀԱԱՊ-ն ի՞նչ քայլեր է իրականացնում Հայաստանում տնտեսական զարգացումը խթանելու համար:
- Մենք երեք տարին մեկ անցկացնում ենք համահայկական ցուցահանդես` «Պանարմենիան էքսպո»: Այս տարի աշնանը նույնպես անց է կացվելու: Դա միջազգային ցուցահանդես է եւ արդեն մասնակցության առաջարկներ կան: Հայկական ապրանքների ցուցահանդեսներ ենք կազմակերպել Սիրիայում, Հնդկաստանում, Իրանում, Ռուսաստանի տարբեր բնակավայրերում, եւ այդ երկրների ընկերությունների ցուցահանդեսները` Հայաստանում: Ցանկանում ենք, որ մեր ընկերություններն ակտիվորեն մասնակցեն առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսներին Հայաստանում եւ արտերկրում` մեր ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու, ուրիշներինը տեսնելու, նոր գործընկերներ գտնելու համար: Շատ հաճախ մեծ ծախսերով իրենց անհրաժեշտ ապրանք են ներմուծում, առանց իմանալու, որ այդ ապրանքն ավելի որակով եւ էժան արտադրվում է նաեւ Հայաստանում: Կազմակերպում ենք նաեւ հանդիպումներ, սեմինարներ մեր անդամ ընկերությունների եւ պետեկամուտների կոմիտեի պատասխանատուների միջեւ, որպեսզի ստանանք նրանց պարզաբանումները մեր հարցերին, ներկայացվեն մեր առաջարկները:
Հարցազրույցըՙ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ