«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2012-03-03 | #41, 2012-03-06 | #42, 2012-03-07


ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՐԻ ՏՈՆԻՆ

Մարտի 3-ը գեղեցիկ տոնական օր է Վրաստանում: Այն աշխարհի ամենասիրելի եւ ամենաբարի մարդկանցՙ մայրերի տոնն է: Ի նշանավորումն այդ գեղեցիկ օրվա, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Գալուստ Գյուլբենկյան» սրահում կայացավ դասական երաժշտության համերգ: Երեկոյին ներկա էին բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանը, վաստակաշատ մանկավարժներ Ռոզա Զոհրաբյանը, Ֆաթմա Սահակյանը, Աննա Սարիբեկյանը, Դավթյանների ընտանեկան տիկնիկային թատրոնի նվիրյալ տնօրեն Ժաննա Դավթյանը, «Ներսես Շնորհալի» երգչախմբի շնորհալի խմբավար Մարիաննա Մամաջանովան եւ այլք:

Բացելով երեկոն, «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը ողջունեց մշակույթի կենտրոնի հերթական միջոցառման մասնակիցներին, շնորհավորեց բոլոր կանանց եւ մայրերին նրանց տոնի եւ մեծարման օրվա կապակցությամբ: Սա այն օրն է, երբ մայրերը իրենց որդիներից հուզմունքով լսում են միայն եւ միայն երախտիքի եւ շնորհակալության ջերմ խոսքեր, առողջության եւ երկար ապրելու բարեմաղթանքներ, արժանանալով աշխարհի ամենաբերկրալից զգացմունքինՙ մոր հանդեպ որդիական սիրո արտահայտությանը:

Այնուհետեւ շնորհաշատ երաժիշտներ Կարեն Միրզոյանի, Եսայի Աբովյանի փայլուն կատարմամբ հնչեցին Ֆրանց Շուբերտի, Ֆրեդերիկ Շոպենի, Ալեքսանդր Սկրյաբինի, Օսկար Պիտերսոնի եւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Հանդիսականների վրա վառ տպավորություն գործեցին Իրինա Պլատոնովայի դաշնամուրային նվագակցությամբ ջութակահարուհի Մարիաննա Կիրակոզովայի կողմից Կրեյսների «Գնչուական սյուիտի» եւ Կոմիտասի «Կաքավիկի» կատարումները:

Բոլոր մայրերին հանրահայտ երաժիշտ Եսայի Աբովյանը նվիրեց «Ռուսական ռոմանսի» հեղինակային կատարումը:

Երեկոն ավարտվեց հանդիսատեսի օվացիայով եւ բավականության արտահայտություններով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4