«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2012-03-03 | #41, 2012-03-06 | #42, 2012-03-07


ՀԱՂԹԵՑ ՄԻԱՅՆ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

Թուրքիայում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրում հայաստանցի շախմատիստուհիներից հաղթեց միայն Աննա Հայրապետյանը: Հայաստանի այս տարվա փոխչեմպիոնուհին սպիտակներով առավելության հասավ Նիսա Սահինի նկատմամբ: 4 տուրից հետո Հայրապետյանը վաստակել է 2 միավոր:

Վիճակահանության քմահաճույքով Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան մրցեցին միմյանց հետ: Գրանցվեց ոչ-ոքի: Էլինա Դանիելյանն էլ հաշտություն կնքեց թուրք Բեթյուլ Յիլմիզի հետ: Իսկ ահա Լիլիթ Գալոյանը պարտվեց Մոնիկա Սեպսին: Դանիելյանը, Մկրտչյանն ու Կուրսովան ունեն 2-ական միավոր, Գալոյանի օգտին գրանցված է 1,5 միավոր:

4-րդ տուրն անհաջող էր Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկոյի համար, որն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Նաստասիա Զիազուլկինային: Սկրիպչենկոն ունի 2,5 միավոր: Տուրն անհաջող էր նաեւ ռուսաստանցի Նելլի Ալեքսանյանի համար, որը պարտվեց Օլգա Գիրյային: Ալեքսանյանը վաստակել է 2 միավոր:

Մրցաշարային աղյուսակը 4 միավորով գլխավորում է ֆրանսիացի Մարիա Սեբագը: 3,5-ական միավորով նրան հետապնդում են Նինո Խուրցիձեն, Վալենտինա Գունինան, Քրիստինա Ֆոյսորը, Նաստասիա Զիազուլինան, Տրանգ Հոանգը եւ Զոյա Շելենինգը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4