«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ՆԱ ԿԻՆ Է, ՄԱՅՐ, ԶԻՆՎՈՐ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ...

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուզաննա Թովմասյանը զենքը վերցրեց 1992-ին: Պահը օրհասական էր, պետությունը նաեւ իր կարիքն էր զգում: 1991-ին Քարինտակ գյուղում տեղի ունեցած մարտերի ժամանակ եղբայրը պատանդ ընկավ: «Հանուն եղբորս կամավոր մեկնեցի ռազմի դաշտ, պետք է գնայի պաշտպանելու մեր հայրենիքը»: 20 տարվա հեռավորությունից այժմ Ռուզաննան իրերին այլ կերպ է նայում: Խոստովանում է, որ կնոջ համար ռազմի դաշտը դժվար փորձություն էր, բայց այն ժամանակ խոսում էր ոչ թե միտքը, այլ` սիրտը: «Այսօր էլ պատրաստ եմ կանգնել տղամարդկանց կողքին, նրանց հետ կիսել նույն դժվարությունները, ահն ու սարսափը: Եթե ընտրելու հնարավորություն տրվեր` կընտրեի նույն ճանապարհը: Վայրկյան անգամ չեմ զղջացել, որ մեկնել եմ ռազմի դաշտ», ասում է տիկին Ռուզաննան:

Պատերազմից հետո Ռուզաննան վերադարձավ բնականոն կյանքի, աշխատանքին, սակայն պատերազմն իր հետքը թողել էր: «Ռազմի դաշտում շատ ընկերներ եմ կորցրել, նրանցից յուրաքանչյուրի կորուստն ինձ համար սարսափելի էր, մինչ այդ ես մահ չէի տեսել: Մարդիկ հենց ռազմի դաշտում են գնահատում կյանքը: Իմ ընկերները հեռանում էին, իսկ ես դեռ ողջ էի, պայքարում էի թշնամու դեմ: Դա մի զգացում է, որ դժվար է բացատրել, դու ուրախ ես, որ դեռ ողջ ես, բայց խելագարվում ես ընկերոջ կորստի ցավից: Պատերազմն ինձ փոխեց: Ես այսօր էլ զինվոր եմ», ասում է նա: Այսօր արդեն նրա գործը շարունակում է որդին` 10-ամյա Հարությունը: Նրա ապագան արդեն գծագրված է: «Փոքր Մհեր» կրթահամալիրում սովորելուց հետո կմեկնի ազգային բանակ` պաշտպանելու հայրենիքի սահմանները, սահման, որ տարիներ առաջ պաշտպանում էր մայրը:

Արմենուհի Ավագյանին շրջապատում անվանում են «հերոս մայր»: Երկու որդիները` Հենրիկն ու Հարությունը ծառայում են Շուշիում, երրորդ որդին` Հայկը, Վարդենիսում, չորրորդն էլ բանակ կգնա աշնանը: «Դժվար է որդիներից հեռու ապրելը: Հպարտություն եմ զգում, որովհետեւ Աստված ինձ չորս անգամ է օրհնել, պարգեւել չորս որդի, նվիրել հայրենիքի չորս պաշտպան», ասում է նա:

Երբ 1988-ին Մովսես Գորգիսյանը «Ազատության» հրապարակում Արցախի փրկության կոչեր էր անում` դառնալով ժամանակի հերոսն ու իր հետեւից տանելով մի ամբողջ ազգ, թիկունքում զգում էր աջակցություն ու հզոր ուժ: Իր բոլոր նախաձեռնություններում Մովսեսի կողքին էր կինը` Ռուզաննա Գորգիսյանը: «Մովսեսը ազգային-քաղաքական գործիչ էր: Երբ 1988-ին Ազգային ինքնորոշում միավորումը հիմնադրեց, ես էլ անդամագրվեցի այդ կազմակերպությանը: Քաղաքական դաշտում միասին ենք եղել, բայց Մովսեսը թողեց քաղաքական գործչի կարգավիճակն ու առաջնորդ լինելը եւ ազգի օրհասական պահին զենք վերցրեց` ապացուցելու, որ ոչ միայն խոսքով, այլեւ զենքով պետք է պաշտպանել հայրենիքը: Նա զենք վերցրեց, որ ապագայում այլեւս ոչ ոք զենքից չնահատակվի: Երբ Մովսեսն ասաց, որ գնում է ռազմի դաշտ, անհամաձայնության որեւէ խնդիր չեղավ, որովհետեւ երբ վտանգված է հայրենիքը, միայն զենքով կարելի է փրկել: Երբ մարդ կռվի դաշտ է գնում, չի գնում զոհվելու, գնում է հաղթելու: Ես հենց այդ գաղափարով Մովսեսին ճանապարհեցի ռազմի դաշտ», հիշում է Ռուզաննա Գորգիսյանը:

Կին ազատամարտիկներ, զինծառայողներ, զինվորների մայրեր, զոհված ազատամարտիկների մայրեր, կանայք: Երեկ նրանք պաշտպանության նախարարությունում էին: Պարգեւներ, մեդալներ, պատվոգրեր, ծաղիկներ հայրենիքի պաշտպանության ու հայրենասիրության համար ու բազմաթիվ մաղթանքներ անձամբ նախարար Սեյրան Օհանյանից: Բարձր գնահատելով կանանց դերը բանակի կյանքում` նախարարը հորդորում է առաջին հերթին հպարտ լինել. «Այսօրվա խաղաղությունն իրականություն է դարձել ձեր որդիների շնորհիվ: Դժվար, բայց պատվաբեր է զինվորի մայր լինելը: Հպարտացեք նրանցով», ասում է նախարարը:

Օհանյանը խոստովանում է, որ կինը ոչ միայն օջախի պահպանողն է, այլեւ տղամարդուն սատարողը, նրա տաք շունչը, թիկունքը: «Դա ապացուցվեց Արցախյան գոյապայքարի ժամանակ, երբ տղամարդու հետ կողք կողքի զենքը ձեռքին պայքարում էին նաեւ կանայք»: «Լսիր կնոջը, կատարիր հակառակը» կարգախոսը նախարարի համար ընդունելի չէ: «Եկել է պահը, երբ տղամարդն ու կինը պետք է հավասարաչափ ներգրավվեն: Կինը պետք է կառավարչական բոլոր ոլորտներում իր խոսքն ասի: Կան բազմաթիվ պաշտոններ, որտեղ կին զինծառայողներն ավելի պատասխանատվությամբ են աշխատում եւ բարեխիղճ են իրենց պարտականությունների կատարման ժամանակ», ասում է նախարարը:

Կանանց պարտադիր ժամկետային զինծառայության վերաբերյալ էլ նախարարի խորհուրդը հետեւյալն է. «Թող կանայք շատ տղաներ ունենան, որ բանակը միշտ համալրված լինի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4