Հայկական կողմը հարցի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհովՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի շրջանակներում: «Եվ բանակցությունների այլընտրանքային ֆորմատներ ստեղծելու ոմանց փորձերը, ինչպես նաեւ ոչ հավասարակշռված ձեւակերպումներ պարունակող բանաձեւեր ընդունելու փորձերը միայն վնասում են բանակցային գործընթացը», մարտի 6-7-ի բրյուսելյան հանդիպումներում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը :
Ըստ պաշտոնական հաղորդագրության, նախագահը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:
«Անկախ Հայաստանում եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը եւ Հիմնարար սկզբունքների աշխատանքները ավարտելուն, դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջը բանակցություններն սկսելու մասին», ԵՄ շրջանակներում հանդիպումներում հավաստիացրել է Սարգսյանը:
Նրա խոսքերով, բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության եւ աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ: «Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը», ակնհայտ հասցեատիրոջը հիշեցրել է Հայաստանի նախագահը:
Նախագահն անդրադարձել է նաեւ փետրվարի 27-ին ԵՄ խորհրդում ընդունված Հարավային Կովկասին, նաեւ ԼՂՀ հարցին վերաբերող փաստաթղթին, շեշտելով. «Հայաստանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Եվրոպայի մաս է, կրողն է այն արժեքների, որոնք կրում է Եվրոպան, եւ վաղուց հասունացել է անմիջական շփումների պահը»: Հայաստանը մշտապես կարեւորել է նաեւ ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը:
Բրյուսելում անդրադարձել են նաեւ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նախագահ Սարգսյանը ուրախություն է հայտնել, որ ի թիվս այլ միջազգային դիտորդների, հայաստանյան ընտրությունները կդիտարկի նաեւ Եվրոպական խորհրդարանի դիտորդական առաքելությունը: «Հայաստանի իշխանությունները իրոք վճռական են 2012թ. մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կազմակերպելու եւ անցկացնելու միջազգային չափանիշներին համապատասխան»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ