Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը մի քանի հետաձգումներից հետո երեկ վերջապես տեղի ունեցավ Նախիջեւանումՙ հաջորդն էլ այս տարվա սեպտեմբերին Վանում անցկացնելու պայմանավորվածությամբ: Ադրբեջանական գործակալությունները տեղեկացնում են, թե Ահմեդ Դավութօղլուն, Էլմար Մամեդյարովն ու Ալի Աքպեր Սալեհին հավաքվել էին քննարկելու էներգետիկային ու առեւտրին, ինչպես նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության ու ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Սակայն հանդիպումից հետո ասուլիսում ու հայտարարությամբ առավելապես անդրադարձել են հարավկովկասյան խնդիրներին, հատկապես ղարաբաղյան հարցին:
Այս ձեւաչափով եռակողմ, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումներից առաջինը 2011-ի ապրիլին էր Ուրմիայում, որտեղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ անգամ հանդիպել նույն տարվա հոկտեմբերին: Սակայն ոչ միայն 2011-ի հոկտեմբերին, այլեւ հետաձգված տարբերակով 2012-ի հունվարին: Երեկ վերջապես կայացած հանդիպումը նախ մեկնարկել է երկկողմ ձեւաչափում, ապա նաեւ եռակողմ, որն էլ արտաքին գերատեսչությունների ղեկավարներն ավարտել են նախիջեւանյան հռչակագրի ստորագրմամբ:
Թե ինչ է նշվում հռչակագրում, տեղեկություն չի հաղորդվում: Դրա փոխարեն համատեղ ասուլիսից ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են, որ Իրանի արտգործնախարար Սալեհին կրկին հիշեցրել է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը կողմնակից լինելու մասին: «Իրանը կողմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը` միջազգային նորմերի եւ սկզբունքների հիման վրա», ասել է Ալի Աքպեր Սալեհին, ավելացնելով, որ Իրանը խաղաղության վերականգնում ու կայունություն է ցանկանում տարածաշրջանում:
Հայաստանին աջակցության մասին հարցին Սալեհին Նախիջեւանում հայտարարել է, թե պետք չէ ամեն ինչում հավատալ մամուլին ու պետք չէ հենվել մամուլի տեղեկությունների վրա, հավելելով, թե Իրանի ու Ադրբեջանի նախագահները «եղբայրական հարաբերություններ ունեն»:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն էլ, իր հերթին, հույս է հայտնել, թե «բոլոր վիճելի հարցերը Հարավային Կովկասում լուծում կգտնեն, մասնավորապես, ադրբեջանական տարածքների օկուպացիան»: «Այդուհետեւ Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ մենք կկարողանանք անցնել հարաբերությունների զարգացման նոր մակարդակ», ասել է Դավութօղլուն, որի աշխարհագրական կամ քաղաքական պատկերացմամբ ոչ միայն Թուրքիան է «մտել» Հարավային Կովկաս, այլեւ Ռուսաստանը:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ