ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Ամեն տարի զարմանում, բայց նույնը կրկնում ենք: Շատերը գտնում են, որ այս օրը կանանցՙ միմյանց նվերներ փոխանակելը ճիշտ չէ, որ դա տղամարդկանց մենաշնորհը պիտի լինի: Նվերըՙ նվեր, վատ չէ: Իրականում, սակայն, կանանց շնորհավորանքները միմյանց շատ տեղին են: Ի վերջո, կանանց միությունն է այդ օրը որպես տոն հռչակել եւ դա փաստորեն կանանց իրավունքների, կյանքի տարբերՙ սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում իրավահավասարության համար եւ սեռային խտրականության դեմ կանանց տեւական պայքարի արդյունքն է: (Տղամարդիկ ինչո՞ւ պիտի ուրախ լինեն որ):
Իրականում սա մարդկության կարեւոր ձեռքբերումներից էՙ քաղաքակրթական առաջընթացի, հասարակության հումանիզացման եւ առհասարակ ազատագրման: Որովհետեւ ասենք ինչի է նման մի հասարակություն, որտեղ կնոջ կարգավիճակը սահմանափակվում էր միայն երեխա ունենալու, մեծացնելու, տնային կենցաղի սահմաններում: Կամ այն հեռավոր ժամանակաշրջանը միջնադարի, երբ կանայք ինկվիզիցիայի էին ենթարկվում, ողջ-ողջ այրվում խարույկի վրա, մի հասարակ բանի համարՙ մտային ունակություններ դրսեւորող կանայք համարվում էին դիվային ուժերի ենթակա, կամ զուտ բուժելու նպատակով խոտաբույսեր հավաքող կանանց կապում էին չար ուժերի, դիվային ոգու հետ եւ սոսկալի կտտանքների ենթարկում, բռնադատվում էր նրանց կամքը, կանայք զուրկ էին կրթության իրավունքից, կրոնա-եկեղեցական կյանքից առհասարակ վտարված ու մերժված էին (ի սկզբանե էր, Աստվածաշունչ մատյանում է ասված: Ի տարբերություն նախորդող շրջանի, երբ կին-էությունը աստվածացված էր գերագույն աստիճանի, ընդհուպ ռազմի եւ իմաստության):
Մարդկության պատմության մեջ XX դարը, իհարկե, շրջադարձային եղավ, ոչ միայն աշխարհաքաղաքականորեն, այն հեղափոխական էր թե՛ մշակույթի, արվեստի, թե՛ գիտության, թե՛ հասարակական, թե՛ սեռական ազատագրման, ամեն առումով, եւՙ կանանց իրավունքների ձեռքբերման նաեւ:
Հիմա մարդկային հասարակության բնույթը փոխված է: Կանանց էմանսիպացիոն շարժումը լիովին ազատագրել է իրենց, գուցե փոքր-ինչ ավելի: Բայց եւ կարծես պատասխանն է նախորդ դարաշրջաններում նրանց բռնադատման եւ դաժան կապանքների: Երբեմն մտածում եսՙ եթե կանանց տրվեր աշխարհը ղեկավարելու մենաշնորհը, մարդկության ճակատագիրը միանգամայն այլ ընթացք կունենար, գուցե գութը, խիղճը այսքան ցամաքած չլինեին, գոնե պատերազմները կպակասեինՙ հենց միայն կնոջ բնությունից ելնելով, որովհետեւ մայրությունը, այն ինստինկտները, որ մայրացող կնոջ մեջ են հայտնվում, նրան դարձնում են ավելի հոգատար, ջերմ, մեղմ, բայց եւ ավելի դիմացկուն, իր դյուրաբեկ փխրունությամբ հանդերձ, զավակին պաշտպանելու ֆիզիկական ու հոգեկան անբացատրելի կորովով: Մայրությունը ինքը կյանքի խորհրդանիշն է, կինըՙ ինքը երկրային էներգիայի կրողն է, մայր հողը: (Այդուհանդերձ, մարդկային քաղաքակրթության պատմությունը ստեղծում եւ գրում է այր մարդըՙ կյանքի բոլոր ասպարեզներում: Չնայած նրանք սիրում են կրկնել, թե կանայք զարդարում են իրենց կյանքը, թե կինը գեղեցկացնում է մարդկային աշխարհը, ինչպես ծաղիկըՙ բնությունը: Սեղանների շուրջը մայրերն ու կանայք անպայման հիշատակվում ենՙ հաճախ բառերի այնպիսի ճոխ շարանով, որ գլուխդ պտտվում է, բայց իրականության մեջ կանայք անպաշտպան ենՙ հատկապես տղամարդկանցից):
Հայ կանայք, իհարկե, առանձնահատուկ որակներ չունեն, նրանք էլ կանացի բնության ընդհանուր կրողներ են: Սակայն օրերի ներկա հոսքում նրանք անհամեմատ ոչ միայն տոկուն, նաեւ արժանապատիվ են, ավելի առաջադեմ հայացքների կրող, ավելի ճկունՙ սոցիալ-տնտեսական այս նեղ լաբիրինթոսից որեւէ ձեւով իրենց ընտանիքը, զավակներին ապրեցնող: Մաշտոցի պուրակի բնապահպանական վերջին իրադարձություններին կանացի ձայնը ոչ միայն ավելի ակտիվ էր կամ հնչեղ, նաեւ ավելի սուր, համարձակ, խելացի ու նպատակային: Այգի եկած մի պաշտոնյայի երեւանցի բնակչուհին, թեեւ լարված, գրգռված ձայնով, բայց այնպես դիմեց, որ նա գետինը մտներ, ավելի լավ էր. «Տեսեքՙ ինչի եք վերածել մեր երկիրը. հայ տղամարդուն անողնաշար-փալաս եք դարձրել: Կանայք էլ որ չլինեն, երկիրը վաղուց թուրքերին էիք տվել»:
Որքան փորձեցի մի կնոջ կերպար առանձնացնել, չհաջողվեց, բոլորն այնքան նման են իրար, ինչպես մեր կյանքը, մեր ամենօրյա զբաղմունքը (առեւտրային սեղանների շուրջը կանգնած հազարավոր կանայք): Աչքերիս առաջ հայտնվեց մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնուղում երեկոյան հաճախ հայտնվող աղջիկը: Անօթեւան մեկն է, մտացիր, անլվա, կիսափնթի. կանգնում է պատերին հենված, անկանոն տոպրակները կողքը շարած, ասես ուր որ է, մեկնելու է: Փակ կրպակների շուրջը խմբված տղաներ կան, գարեջրի շիշը ձեռքներինՙ երեւանյան կեցվածքով, կիսածուռ կանգնած, սեւ հագնված, մյուս կողմում հսկիչ-ոստիկանների խումբն է, գրեթե ոչնչով նախորդից չտարբերվող: Աղջիկը սրանց շրջապատում ասես ֆիլմի պերսոնաժ լինի, չնայած անխնամ արտաքնին, դժվար չէ նկատել կանոնավոր դիմագծերը, մարմնի բարեձեւությունը: Դառնում է շրջապատի տղաների ծաղրանքի կամ «ուրախության» առարկան, սրանց անվայելուչ խոսքերին քթի տակ մրթմրթալով, պատասխանում է նույնքան անվայելուչ: Մենակ է, լքված:
Եթե նայենք մեր շուրջը, դժվար չէ տեսնել սոցիալական այն խավըՙ խոցելի, որ միայնակ կանայք են կազմում: Եվ նրանք շատ ենՙ այրիացած կամ ամուսնալուծված եւ կամ էլ արտագնա աշխատանքի մեկնած արդեն չեղած ամուսիններով, որոնց մի զգալի մաս վաղուց մոռացել է իրենց էլ, զավակներին էլ: Այս անօրեն պայմաններում, անկարեկից մթնոլորտում նրանց փխրուն ուսերին է ընկնում մենակ երեխա մեծացնելու, դաստիարակելու, ուսման տալու, այսինքնՙ ապագա հասարակությունը պատրաստելու դժվարին պատասխանատվությունը: Եվ ինչպիսի՜ ճակատագիր, ի՜նչ ճանապարհ են անցնում նրանք, մանավանդ երբ արժանապատիվ են ուզում ապրել եւ արժանապատիվ զավակ մեծացնել, հաճախ հայտնվում են կյանքի ոչ միայն սոցիալական, նաեւ բարոյական ածելու եզրագծերին, միմիայն իրենց հայտնի ներքին երկընտրանքներով, ցավով ու պայքարով, արհամարհանքով ու ներողամտությամբ: Եվ սա իրոք այդպես է, սա մի փակ աշխարհ է, որտեղ տղամարդկային հայացքը թափանցել անկարող է, սա զուտ կանացի հուզաշխարհին, հոգեկերտվածքին, իր բնույթին ներհատուկ ինտիմ վիճակ էՙ սեփական առավելությունը, հարստությունը, պարտությունն ու... ժպիտը:
Շուրջը եթե լավ նայենք, կանայք են մեր հասարակության առաջ մղող ուժը, կրթության ոլորտում այդպես է, առողջապահության մեջՙ նույնպես, ընտանիքում էլ: Նրանք ավելի ներկայանալի են, ավելի ինքնավստահ, զարգացած եւ ուսանող-երիտասարդության մեջ էլ այդպես է: Գուցե այս պատճառով է, որ միայն մեր երկրում, մեր հասարակության մեջ է կնոջ պատվո միամսյակ հռչակված. Մարտի 8-ից ապրիլի 7-ը: Ժամանակային այս հատվածի սկիզբը սոցիալիստների առաջադրած ու ընդունած կանանց միջազգային օրն է, եզրափակողը կրոնա-եկեղեցական Ավետման խորհրդի տոնըՙ հռչակված որպես մայրության եւ գեղեցկության օր: Որտեղի՜ց որտեղ: (Հայ տղամարդկանց չարչարանաց միամսյակը. իբր թե սկսվեց):
Այնպես որ սիրելի կանայք. շարունակեք լինել դիմացկուն, ի հեճուկս տղամարդկանց հայացքների ու արարքների, իհարկե, գեղեցիկ եւ ամենակարեւորըՙ խորհրդավոր: Բայց ոչ երբեքՙ կեղծ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ