«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


«ԷՐԿՈՒ ՏՂԱ, ԷՐԿՈՒՍՆ ԷԼ` ՄԻ ԽԵԼՔԻ»

Թե ինչո՞ւ Միխեիլ Սաակաշվիլին որոշեց «պաշտոնական այցով» ուղեւորվել Բաքու, հատկապես` այս «խառը ժամանակներում», երբ պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե հակաիրանական «կոալիցիան» ոչ այն է` Վրաստանն է «պլացդարմ» ընտրել, ոչ այն է` Ադրբեջանը, հավանաբար «մտոք» վերլուծաբանների իմանալիքն է: Կամ` թեմա, որի շուրջը նրանք պիտի «նիզակներ փշրեն»: Ավելի առարկայական է թվում, որ Սաակաշվիլին Բաքու ուղեւորվեց գրեթե Վազիանիի ռազմափորձադաշտից, որտեղ անձամբ էր փորձարկել «վրաստանյան արտադրության «Լազիկա» զրահամեքենան եւ համազարկային կրակի «հայրենական արտադրության» ցուցանմուշը:

Ըստ հարկի, կարելի է երեւույթը տեղափոխել նաեւ սյուրռեալիզմի հարթություն, եթե բատոնո Միխեիլի հանգրվանը ոչ թե Բաքուն, այլ` Երուսաղեմը լիներ: Այդքան «պլոճիկ», ըստ երեւույթին, Սաակաշվիլին չունի: Այդ իսկ պատճառով Թիֆլիս-Ավետյաց երկիր ճանապարհին ընտրել է «միջանկյալ կետ»` հարավկովկասյանի մայրաքաղաք, որ, ճիշտ է, անվանապես դեռ անկախ երկիր է նշում, բայց փաստացիորեն «գրավված է» Իրանով շահագրգռված պետությունների գաղտնի ծառայություններից:

Հատուկ ցինիզմ պետք չէ, որ Վրաստանի նախագահը հյուրընկալվի Բաքվում, իսկ Թուրքիա-Իրան-Ադրբեջան եռյակի արտգործնախարարներին «մեծահոգաբար» հանդիպման վայր թողնվի Նախիջեւանը: Իբր` այդպես ավելի «ցցուն է դառնում Հայաստանի բացակայությունը», բայց ի՞նչ գիտես` ով եւ ինչ զգացողություններով է Նախիջեւան ոտք դնում:

Բայց պետք էր, չէ՞, որ բատոնո Միխեիլն ու Իլհամ-«բեյը» նման «չարաճճիությունների» համար գտնեին «հոդաբաշխ բացատրություն»: Թե չէ մեկ էլ տեսար` «բռնվեցին», ինչպես «տղայական արարքի վրա» դեռահասներ: Ու ահա խելքներին փչել է աշխարհով մեկ տարածել, որ «մտադիր են «Եվրո-2020թ. ֆուտբոլային մրցաշարը հյուրընկալել»: Այն էլ` «օրթախ»` մի խաղը` Թիֆլիսում, մյուսը` Բաքվում: Կամ` ընդհակառակը: Տարբերություն իրենք չեն տեսնում:

Աշխարհում, իհարկե, նման «չարաճճիություններ» երբեմն լինում են: Ոչ էլ ուզում ենք, որ «միասնական հայտը» մերժվի: Ընդհակառակը` ինչքան Ադրբեջանը մարդկայնանա, շահը միայն իրենը չէ, մերն էլ է դառնում: Հաճելի է, ի վերջո, գործ ունենալ քաղաքակրթվելու բուռն ցանկություն դրսեւորողի, քան թե բռի մարդու հետ:

Այդուհանդերձ, մի՞թե երկու երկրների համապատասխան կառույցները չէին կարող քննարկել «համատեղ հայտի» խնդիրը: Պե՞տք էր, որ դրա համար բատոնո Միխեիլը ժամանակ ծախսեր եւ հասներ Բաքու: Իհարկե` ոչ: Բայց որ վեր կացել-եկել է, ուրեմն խնդիրը «Եվրո-2020»-ը չէ: Վրաստանի նախագահը նոր է Բարաք Օբամայի ընդունելությանն արժանացել, իսկ Իլհամ Ալիեւը դեռ նախապատրաստվում է դրան:

Ոչ ոք նրան Վաշինգտոն իհարկե չի հրավիրել: Սեուլում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով խորհրդաժողովի «կողասրահներում» է ենթադրվում Օբամա- Ալիեւ «հանդիպումը»: Նախորդին, որ Վաշինգտոնում էր, Իլհամ Ալիեւը հրավիրված չէր: Այս անգամ միստր Օբաման կարծես «ներելու» մտադրություն ունի: Եվ Միխեիլ Սաակաշվիլին Բաքու էր մեկնել, որպեսզի «թյուրիմացությունները հարթի»:

Չէ՞ որ երկուսն էլ անհամբեր սպասում են, որ «Իրանը պատժվի»: Երբ ասում են` «սպորտը քաղաքականություն է»,- թերահավատներն ուսերն են թոթվում: Մինչդեռ Միխեիլ Սաակաշվիլին եւ Իլհամ Ալիեւը, թվում է, բոլոր տարակուսանքների պատասխանը տվեցին` «բանակցում ենք, որպեսզի «Եվրո- 2020»-ի միասնական հայտ ներկայացնենք»: Բայց քաղաքականությունը «լակոտություն» չէ: Եվ հարկ էր ամեն ինչ այնպես անել, որ գոնե Թուրքիա-Ադրբեջան-Իրան` արտգործնախարարների մակարդակով բանակցությունները նախորդեին կամ հաջորդեին Ալիեւ-Սաակաշվիլի դեմ առ դեմ հանդիպմանը:

Նաեւ` կարելի էր Վրաստանի նախագահին մի ինչ-որ Գուրամ Մարխուլիայի հարցով չանհանգստացնել, մի «պրոֆեսորի», որին վերջերս համալսարանից հեռացրել են: Իսկ Բաքվում վերցրել- երկու տասնյակից ավելի ակադեմիկոս-դոկտորների ստորագրությամբ բատոնո Միխեիլին են դիմել, թե «ինչո՞ւ պիտի եղբայրական Վրաստանում գործից ազատվի Իլհամ Ալիեւից շքանշանի արժանացած Մարխուլիան»:

Ահա եւ Սաակաշվիլիին տված Իլհամ Ալիեւի պատասխանը. «Եթե, բատոնո Միխեիլ, քո երկրում հայերի ու Հայաստանի դեմ խոսող մարդուն զրկում են պրոֆեսորական ամբիոնից, եւ դու լռում ես, ես քեզ ինչպե՞ս հավատամ»: Ի՞նչ է պատասխանելու Միխեիլ Սաակաշվիլին` իր գործն է: Մի «մարխուլիա» ավել կամ պակաս` ոչինչ չի փոխվում: Մինչդեռ երբ երկու իբր թե «հասուն» տղա նստում, աշխարհի աչքի առաջ իրենց «խաղը» խաղում են այնպես, կարծես Թիֆլիսի մի «դուքանում» են, ոչ ոք իրենց չի տեսնում եւ «ստավկան» էլ չգիտի` ահա դրանից հետո մնում է մեր ժողովրդական երգի բառերը, հանուն առիթի, մի փոքր ձեւափոխել.

- Էրկու տղա, էրկուսն էլ` մի խելքի:- Տեսնես ով է ում իր «դամբը» քաշելու:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4