«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ԳՅՈՒՂՎԱՐԿԵՐԻ ՍՈՒԲՍԻԴԱՎՈՐՈՒՄԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Կառավարության երեկվա որոշմամբ լրացուցիչ 7,5 մլրդ դրամ կտրամադրվի գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար: «Գործընթացն սկսվելու է ապրիլին: Սա սպասված որոշում է, մանավանդ գիտեք, որ մենք էժան գնով դիզվառելիք եւ պարարտանյութ ենք առաջարկում մեր գյուղացիներին, եւ այս ֆինանսական օժանդակությունը նրանց հնարավորություն կտա նաեւ այդ վճարումներն իրականացնել», ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նոր թաղամասերի եւ շինությունների համար` 113 մլն դրամ

Վերաբաշխում կատարելով 2012-ի պետբյուջեումՙ երեկ կառավարությունը գումար հատկացրեց քաղաքաշինության նախարարությանը` Մարալիկ քաղաքի 9 կիսակառույց բնակելի շենքերի շինարարության ավարտի, Գյումրու Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի, Լոռու մարզի Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվան միջնակարգ դպրոցի, Երեւանի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, Արարատի մարզի Վեդի քաղաքի մշակույթի տան եւ մի շարք այլ օբյեկտների հիմնանորոգման եւ կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար: Մեկ այլ որոշմամբ 113 մլն դրամ է հատկացվել աղետի գոտում կառուցված բազմաբնակարան շենքերի, բնակարանների, բնակելի տների եւ վերջիններիս կառուցապատման հողատարածքների պետական գրանցումն ապահովելու նպատակով:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ Հայաստանում հաշվառված է 311 երեխա, որից 111-ն առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են, 200-ը` մանկատան շրջանավարտներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց խնդրի լուծման համար օգտագործել անբնակ պետական շենքերը, ինչպես նաեւ անավարտ շինարարությունները: «Շիրակի մարզում ընդհանրապես այդ անավարտ շենքերը շատ են, պետք է դրանցով էլ զբաղվել, նաեւ մասնավոր հատվածին տրամադրված շենքեր կան, անավարտ են մնացել, բնակիչները լքել են երկիրը, բայց շենքերը մնացել են»:

Նոր ավտոմայրուղի` Ծովակալ Իսակովի պողոտայից դեպի Լենինգրադյան փողոց

Կառավարությունը երեկ հավանություն տվեց Երեւանի քաղաքապետի` «Սահակյանշին» ընկերությանն ուղղակի վաճառքի ձեւով Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Ծովակալ Իսակովի պողոտային հարող հատվածում 5,3 հա հողամասի օտարման առաջարկությանը պայմանով, որ հողամասի օտարումից ստացված միջոցներն ուղղվելու են Ծովակալ Իսակովի պողոտայի եւ Լենինգրադյան փողոցի միջեւ ընկած հատվածում 2,6 կմ երկարությամբ ավտոմայրուղու եւ շուրջ 1,9 կմ ուղետարների կառուցմանը: Հավանության արժանացավ նաեւ ավտոմայրուղու կառուցման ներդրումային ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել 3-7 տարում:

Արդարադատության նախարարության այրված շենքի փոխարեն` նախարարությունների նոր շենք

Երեւանի քաղաքապետին կառավարության երեկվա որոշմամբ լիազորվել է իրականացնել Երեւանի Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող արդարադատության նախարարության այրված շենքի եւ Զաքյան 2/1 հասցեում գտնվող կաթսայատան եւ լաբորատոր շենքի քանդման աշխատանքները: Դրանց տեղում կառուցվելու է նոր շենք: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ նոր շենքի ճարտարապետական լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը. «Մենք նաեւ մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչություններից մի քանիսը` արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տարածքային կառավարման նախարարությունները: Այնպես որ, առաջին քայլն ենք անում այդ ուղղությամբ, պետք է նոր շենքի ճարտարապետական լուծումները հաստատենք: Երկու անգամ ավելի շատ տարածք կստանանք եւ կբարելավենք վիճակը»:

Անշարժ գույքի օտարման ժամանակ չարաշահումները կբացառվեն

Մի քանի օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններով կկարգավորվեն կառուցվող շինությունների նկատմամբ իրավունքների գրանցման իրավական հիմքերը: Դրանով կբացառվեն դեպքերը, երբ նույն բնակարանը վաճառվում էր մի քանի անգամ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4