Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ դարձյալ անդրադարձավ գրքերի թանկացմանը, հիշեցնելով, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին առաջարկվել էր ուսումնասիրել հարցը եւ ներկայացնել վերլուծության արդյունքը: Ի պատասխանՙ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ գրքերի գնի բարձրացումը հիմնականում պայմանավորված էր այս ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների սխալ ընկալմամբ: «Ֆինանսների նախարարությունն արդեն տվել է համապատասխան պաշտոնական պարզաբանում, որն ամբողջությամբ կարգավորում է խնդիրը: Տնտեսվարողները գոհ են պաշտոնական պարզաբանումից, որի արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարեն իրենց հաշվառման ընթացակարգերում, եւ դրա արդյունքում առաջիկա մի քանի օրերի ընթացքում այն գրքերի գները, որոնք բարձրացել էին այս մի քանի օրերի ընթացքում, կվերադառնան նույն մակարդակ: Այդուհանդերձ, օգտվելով առիթից` կոչ եմ անում բոլոր սպառողներին` եթե կտեսնեն, որ գրքերի գները, որոնք այս խնդրի կապակցությամբ բարձրացել են, չեն փոխվի, կմնան նույն մակարդակին, անպայման դիմել հանձնաժողովին», նշեց նա:
Ա. Մ.