ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Մենք այսօր պետք է ամփոփենք տարվա ընթացքում մեր գերատեսչությունների կատարած աշխատանքը, ինչը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին: 2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսեւորում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարի գրանցվել է 1525 դեպք, եւ նախորդ տարվա համեմատ աճ չի արձանագրվել, եթե առգրավվել է 128 կգ թմրանյութ, ապա նախորդ տարվա հետ կապված որեւիցե բացասական դինամիկա մենք չունենք: Աճի բացակայությունն այս ոլորտում կատարվող իրավախախտումների արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ նրանց ծավալները հետեւողականորեն նվազեն: Ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք եւ անելիք, եւ մենք պետք է կարողանանք ակտիվ աշխատել»:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:
Քննարկվել է Եվրոմիության ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական եւ խորհրդատվական աջակցություն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակվել է մի շարք երկրների փորձի եւ օրենսդրության ուսումնասիրությամբ: Կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելու, մասնագիտական վերապատրաստումներով եւ աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը:
Քննարկվել են նաեւ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով Ռուսաստանի եւ Եվրոմիության հատուկ կառույցներում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր: