Մինդեռ տրանսպորտային սպասարկման վիճակը շարունակում է անտանելի մնալ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչապետի առաջարկով երեկ, մայրաքաղաքում տրանսպորտի աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն առնչվող մի խումբ գիտնականների կողմից ներկայացված առաջարկությունների վերաբերյալ քննարկում էր կազմակերպել։ Քննարկմանը ներկա են եղել ԱԺ ՀՅԴ խմբակցության, տրանսպորտի եւ կապի նախարարության, քաղաքապետարանի եւ գիտնականների ներկայացուցիչները:
Ներկայացնելով հանդիպումը կազմակերպելու նպատակըՙ Տարոն Մարգարյանն ասել է, որ ծանոթ է Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության կողմից բարձրացված տրանսպորտային բարեփոխումների վերաբերյալ գիտնականների առաջարկությանը: Նա նշել է, որ առաջարկների վերաբերյալ տրվել է մասնագիտական եզրակացություն, որին ծանոթ է նաեւ առաջարկությունների հեղինակային խումբը։ Սակայն, հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու դրա վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել եղած առաջարկությունները մեկ անգամ եւս ներկայացնել մասնագիտական համակողմանի քննարկման: Այդ նպատակով քաղաքապետն առաջարկել է կարճ ժամկետում ձեւավորել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ աշխատանքային խումբ: Դրան համամիտ է եղել նաեւ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը:
Ավելացնենք, որ չնայած քաղաքապետարանում երեւանցիների տրանսպորտային սպասարկման բարելավման վերաբերյալ քննարկումների պակաս չի լինում, սակայն վիճակն այստեղ անտանելի է մնում: Մայրաքաղաքի բնակիչները շարունակում եմ պայքարել երթուղայիննների մեջ խցկվելու եւ ծռմռված տուն կամ աշխատանքի գնալու համար:
Ա. Մ.