Մանկավարժական համալսարանում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց «Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը: Փոխնախարարը ուսանողներին մանրամասն ներկայացրեց ներկայիս կենսաթոշակային համակարգն ու բաշխողական կենսաթոշակային համակարգից բազմաստիճան կենսաթոշակային համակարգին անցնելու անհրաժեշտությունը:
Նրա հավաստմամբՙ կուտակային համակարգի առավելությունները բազմաթիվ են: Այն հնարավորություն կտա յուրաքանչյուրին ունենալ անհատական կենսաթոշակային հաշիվ, ուր կկուտակվեն մասնակցի եկամտից գոյացած եւ պետության կատարած վճարները, ու հետո թույլ կտա ինքնուրույն ծրագրել իրենց ապագա թոշակը, կուտակել եւ գումար խնայել ապահով ծերության համար:
«Հայաստանում բազմաստիճան կենսաթոշակային համակարգը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից` բաշխողական եւ կուտակային: Կառավարությունը բաշխողական համակարգի միջոցով բարձրացնելու է կենսաթոշակները առանց վտանգելու երկրի ֆինանսական կայունությունը»,- ասաց Վարդան Արամյանը, ավելացնելով, որ արված կուտակումները կապահովեն արժանապատիվ կենսաթոշակ եւ բարեկեցիկ ծերություն քաղաքացիների համար:
Հատուկ կրթության ֆակուլտետի շտկող մանկավարժության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Մնացականյանը կարեւորում է կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը: Ասում է, որ արժանապատիվ թոշակ ունենալու համար այս տարիքից արդեն կմիանա ծրագրին, եւ հավելում, որ ավելորդ չէ ապրելով այսօր` մտածել նաեւ վաղվա մասին:
Հիշեցնենք, որ 2011 թվականից հանրապետությունում գործում է բազմաստիճան համակարգի կամավոր կուտակային բաղադրիչը, իսկ պարտադիր կուտակային բաղադրիչը կգործի 2014 թվականից: