«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ՄԱՆՈՒՇԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒՆՋԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ

Մեր կյանքը սրընթաց փոխվում է: Փոխվում են սերնդի նախընտրություններն ու ճաշակները, փոխվում են ընդօրինակման արժանի կերպարները: Այս փոփոխություններին անմասն չէ հայ կինը, եւ ուզենք թե չուզենք` կնոջ նոր կերպար է ձեւավորվում վերջին տարիներին: Չենք ասում` սա լավ կամ վատ է, չենք ասում` հատկապես հայ կնոջ ո՞ր կերպարն է նախընտրելի: Կլիշեներն անցյալում են, ուղղակի արձանագրում ենք` հայ կնոջ կերպարը քսան տարի առաջվա համեմատ էական փոփոխություններ է կրել: Ի՞նչ գործոնների ազդեցությամբ եւ ո՞ր պատճառներով` դա այլ խնդիր է: Եվ արդյո՞ք այդ փոփոխությունները զուտ ժամանակի պարտադրանք են, թե՞ մետամորֆոզները շատ են` անհարկի ազդեցությունների պատճառով: Չենք էլ ասում, որ չպետք է փոխվի` հասարակությունը փոխվում է, կինը բացառություն չէ: Հայ կնոջ ներկա միջինացված կերպարի վրա իրենց կնիքն են դրել եւ ընտանեկան արժեքների ու ավանդույթների դերի նվազումը, ե՛ւ ազատականացված բարքերը, եւ համացանցով ամեն օր նրա վրա թափվող տեղեկությունների բեռը, ե՛ւ տղամարդկանց հետ հավասար կամ գուցե նրանցից ավելի փող վաստակելու հնարավորությունները: Այժմ ոչ մեկին ոչինչ չի պարտադրվում, ոչ ոք չի քարոզում կնոջ` որպես ընտանիքի հնազանդ անդամի կարգավիճակ, ինչպես առաջ, երբ կնոջ ստերեոտիպ-կերպարի` չգրված օրենքով պարտադրանք կար: Այժմ օրինակներ մատուցում է ինքը` կյանքը, իսկ մեր կյանքն այսօր հակադրությունների մի ողջ շղթա է, ու այնտեղ կգտնես եւ Սիլվա Համբարձումյանի նման էպոտաժային, եւ Անժելա Սարգսյանի նման բոհեմական կերպարներ, որոնք, իհարկե, հետեւորդներ կարող են գտնել, քանի որ հետեւելով հասարակության վերաբերմունքին առ այդպիսի կերպարները, կինը կարող է մտածել, որ ընդունելի է բոլոր միջոցներով հայտնի դառնալն ու ճանապարհ հարթելը, եւ միջոցների առաջ խտրություն չդնելով բիզնեսում եւ կարիերայում հաղթանակի հասնելը (Անժելայի դեմ ոչինչ չունենք, այլ ավելի շուտ` նրանից բոհեմուհի սարքող եւ այդ վիրուսով իգական սեռին վարակելու փորձ անող լրատվամիջոցների պահվածքից ենք հոգնել): Եվ քանի որ մեծ հաշվով հասարակությունը չի մերժում սկանդալներով եւ ուզած միջոցով ճանապարհ հարթող կանանց, չի դատապարտում կարելին ու ոչ կարելին, թացը խառնում է չորի հետ` կարող է այլ եզրահանգման գալ առհասարակ: Ասենք մի անգամ ծեծվելով ու այդպես հայտնի դառնալով` կինը կարող է մտածել պատգամավոր դառնալու մասին, առեւտրի երեւույթ մտցնելով այդ բոլորի մեջ, ու ոչ ոք հարց չի տա` ո՞ւր էր նա մինչ այդ, ի՞նչ գործեր է արել ոչ թե միայն իր, այլ հանրության համար: Այսինքն` այս ձեւը կարող է ճարպկություն համարվել եւ անգամ, աստված մի արասցե, ընդօրինակելի դառնալ:

Մանավանդ որ հիմա օրենք էլ ունենք գենդերային հավասարության մասին, ու չնայած այդ օրենքը վերաբերում է հավասարապես երկու սեռերին, բայց դրանով կանանց իրավունքներն ավելի հավասար են ստացվում, քան տղամարդկանցը: Իսկ ընդհանրապես` գենդեր բառը լավ զգացողություններ չի առաջացնում, քանի որ մեր իրականության մեջ դա նույնացվում է որոշ կազմակերպությունների կողմից կանանց թեմայով գրանտ «լվանալու» հետ, մինչդեռ հայ կնոջ խնդիրները վեր հանելը ոչ թե սկանդալների եւ սենսացիաների մասին պատմելը պիտի լիներ ԶԼՄ-ներով, այլ խորրքով եւ հետեւողականորեն, պետական ծրագրով, ոչ կառավարական կազմակերպությունների օգնությամբ այդ խնդիրները կամաց-կամաց լուծելը: Դրանց մեջ եւ կանանց անհավասար վարձատրությունն է, եւ երիտասարդ մայրերի համար առավել լայն հնարավորությունների ստեղծումը, եւ 45-ից բարձր տարիքի կանանց աշխատանքի չվերցնելը բացառելուն ուղղված քայլերը (Սաակաշվիլին, օրինակ, օրենքով սոցվճարից ազատել է այն գործատուներին, որոնք ավագ տարիքի աշխատողներին չեն ազատում), եւ ղեկավար աշխատանքի նշանակելիս տղամարդկանց գերադասելու սովորույթից հրաժարվելը, ասպիրանտներին ընտրելիս իգական սեռի հանդեպ խտրականության չկիրառումը` անվերջ կարելի է թվել կանանց հանդեպ աննկատ կիրառվող խտրականության տեսակները:

Խորացա` մարտի 8-ի, պայծառ օրվա մասին էի, ախր, նյութ գրում. օր, որ շատերի համար առաջին սիրո խոստովանության, մանուշակի առաջին փունջը ստանալու կամ նվիրելու օր է հաճախ, գարնան սկզբի ուրախության հետ գիրկընդխառն օր: Չնայած նաեւ գալիս է հաջորդ միտքը, որ սոցիալական այս դժվար ժամանակի մեջ հաճախ հայ տղամարդկանց համար ծանր բեռ է դառնում այս տոնը հաճախ, բայց ընդհանուր առմամբ` մերոնք ելքը գտնում են, ու նվազագույնը ծաղիկ գոնե իրենց սիրելիներին նվիրում են:

Երեկ տարբեր մամուլի ասուլիսներում հնչում էին գնահատականներ կանանց դերի վերաբերյալ: Միայն ինչ արժեր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում անցկացված քննարկման վերնագիրը`«Կանանց առաջխաղացման միջոցով դեպի կայուն զարգացում»:

Իրենք, հասարակությանը հայտնի կանայք գնահատականներում միասնական չէին: Միայն երկուսը ներկայացնենք. Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշում է, որ կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքին հարստացնում է տվյալ երկիրը, չնայած այժմ արական քաղաքականության շրջանում ենք ապրում եւ քաղաքական կյանքում ներգրավվածությունը անպատվաբեր միջին մակարդակում է: Իսկ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը համոզված է, որ կանայք, ովքեր կարողանում են խոհանոցից դուրս գալ եւ իրացնել իրենց իրավունքները, հաջողության են հասնում: Համենայն դեպս` գոնե պատգամավոր կանանց թիվն այս անգամ կմեծանա, քանի որ օրենսդրությունն ավելի լայն քվոտա է նախատեսել` համամասնական ցուցակների յուրաքանչյուր վեցերորդը կին լինելու, այնպես որ այս անգամ 11 պատգամավորի փոխարեն գուցե մի 15-16-ն ունենանք: Այսպես թե այնպես, մեր հասարակության մեջ տարբեր ոլորտներում կայացած կանանց պակաս չկա, ամեն մեկը կարող է իր նախընտրելի կերպարից օրինակ վերցնել, աշխարհի հայտնի կանանց անցած ճանապարհն ու բնութագրերն էլ միշտ աչքն ի տես են: Օրինակ, մեր խորհրդարանի կին պատգամավորները բոլորն էլ այս կամ այն առումով ավելի ընդունելի պատգամավորի տիպար են, քան տղամարդ պատգամավորների մեծամասնությունը (խոսքը խորհրդարանական- պրոֆեսիոնալների մասին չէ, այլ գորշ մեծամասնության), մեր 11-ը եւ ավելի մոբիլ են, ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող` համարյա բոլորն էլ տարբեր առիթներով աչքի են ընկել: Հայ երիտասարդ կանանց մեջ բավական շատ գործարարներ կան, թեեւ նրանցից շատերը բողոքում են, որ իրենց մուտքը մեծ բիզնես հայ տղամարդիկ ամեն կերպ խոչընդոտում են: Վերջին շրջանում շատ են միջազգային ասպարեզ դուրս եկած երիտասարդ գիտնական հայ կանայք, կառավարության միջին օղակներում բավական պրոֆեսիոնալներ ունենք, թեեւ նախարարներից միայն երկուսն են կին:

Աչքալուսանք` գենդերային հավասարության առումով Հայաստանն իր հարեւաններից ավելի նպաստավոր դիրքում է` մի միջազգային կազմակերպություն կա, «Միջազգային ժամացույց», որն ամեն տարի հետազոտում եւ հրապարակում է կրթական, տնտեսական եւ քաղաքական ոլորտներում գենդերային հավասարության ինդեքսը. այս տարվա հետազոտությամբ Հայաստանի երիտասարդ տղամարդիկ եւ կանայք կրթական ոլորտում` 100 տոկոսանոց հավասարություն ունեն, տնտեսական եւ քաղաքական ասպարեզներում` 74:38 հարաբերակցություն է: Հայաստանի ցուցանիշը, փաստորեն, շատ քիչ է զիջում միջին եվրոպականին, մինչդեռ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը բավական ցածր միավորներ են ստացել, այսինքն` այստեղ գենդերային հավասարությունը Հայաստանից բավական ցածր մակարդակի է, բա:

Իսկ ընդհանրապես` մարտի 8-ը մի տեսակ դեմոկրատական տոն է, որ վերաբերում է բոլոր կանանց` ահել ու ջահել, հարուստ ու աղքատ, ազգական ու հարեւան, ու այդ իմաստով մի տեսակ հավասարության զգացումով է համակում բոլորին, նրանք հավասարապես կարող են շնորհավորանքի սուբյեկտ դառնալ ու այդ օրը գոնե մոռանալ դժվար կյանքի անհավասարությունը: Եվ այդ տոնը հատկապես սիրելի է ամեն օր կյանքի հետ կռիվ տվող, իրենց հոգսը մի կերպ եւ հրաշքով հոգացող հայ կանանց` ազգի իգական կեսի մեծամասնությանը, որովհետեւ մի օր կարող են իրենց տոնի մեջ զգալու շռայլություն թույլ տալ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4