Երեք երեխաների մայր եւ ենթասպա Անահիտ Առաքելյանը Քանաքեռի զորամասի ճաշարանի պետն է: Ծնունդով գորիսեցի Անահիտը 27 տարեկան էր, երբ զինվորական համազգեստ հագավ ու դիրքեր բարձրացավ: Թեեւ որոշ խոհարարներ նախընտրում են չբացահայտել իրենց գաղտնիքները, սակայն Անահիտ Առաքելյանը «Ազգ» օրաթերթի համար բացառություն արեց ու բացահայտեց իր կյանքի հետաքրքրական դրվագներն ու խոհարարական հաջողության գաղտնիքը:
- Ե՞րբ ներգրավվեցիք ռազմական գործողություններում:
- Առաջին իսկ օրվանից` 1988 թվականից: Գորիսում էի բնակվում, սկզբնական շրջանում ակտիվորեն մասնակցում էի հանրահավաքներին, հետագայում անդամագրվեցի Գորիսի ինքնապաշտպանական ջոկատին: Մասնակցել եմ Շուռնուխի, Կոռնիձորի ինքնապաշտպանական մարտերին ու միեւնույն ժամանակ զգաղվել եմ բռնագաղթածների տեղավորման հարցերով:
- Կպատմե՞ք մի դեպք այդ տարիներից:
- Հիշում եմ, 1989 թ. դեկտեմբերն էր, դեռ անփորձ էի, զենքի հետ ընդհանրապես չէի շփվել, կրտսեր աղջիկս երեք տարեկան էր, մեծ տուփով տիկնիկ էի առել նրա համար: Այդ տարիներին անվտանգության աշխատակիցները ստուգումներ էին անցկացնում, մեր ջոկատի տղաները պետք է նռնակներ տեղափոխեին, տուփից տիկնիկը հանել էին, նռնակներ լցրել, ու ես այդ նռնակներով լի արկղը ձեռքիս կանգառում սպասում էի, հետո որ տեսա տուփի մեջ տիկնիկը չէ, անակնկալի եկա, վտանգը չէի գիտակցում: Լավ կրակում եմ, սակայն այդ տարիներին զենք չեմ օգտագործել, մեր շրջանում պետք չեղավ զենք վերցնել: Երբ Խնձորեսկ գյուղի ջոկատները գալիս էին, հաճախ էինք զրուցում հրամանատարների հետ, նրանք միշտ կրկնում էին. «Քանի դեռ մենք կանք, հայ կինը չպետք է զենք վերցնի»: Սակայն հարկ եղած դեպքում ես միշտ պատրաստ եմ եղել զենքը ձեռքիս մարտի դաշտ գնալ:
- Այժմ զինված ուժերի զորամասերից մեկի ճաշարանի պետն եք: Ընդհանրապես խոհարարները չեն բացահայտում պատրաստելու գաղտնիքը, բայց այս պարագայում բացառություն անենք: 2011-ին Քանաքեռի զորամասի Ձեր ղեկավարած ճաշարանը ճանաչվեց լավագույնը: Ո՞րն է ձեր գաղտնիքը:
- Այդ գնահատականը արձանագրվել է հանկարծակի ստուգումներովՙ զորքերի տարբեր ծառայությունների կողմից: Տարվա արդյունքների ամփոփմամբ ճաշարանը ճանաչվեց լավագույնը, անցյալ տարի ինձ ներկայացրին մեդալի: Այն ճաշարանները, որտեղ աշխատել եմ, միշտ արժանացել են լավագույնի կոչմանը: Բանակում էական չէ, թե ինչ կոչում ունես: Նա, ով հրաման է տալիս, պետք է տեսնի դրա արդյունքը, այսինքնՙ պետք է կարողանալ հրաման տալ, ես կարողանում եմ պահանջել: Եվ երկրորդՙ պետք է սիրել աշխատանքը ու սրտացավ լինել: Այժմ մայրս ծեր է, բայց ժամանակին իմ խնդրանքով նա կանաչի էր չորացնում, որ զինվորների ճաշի մեջ լցնեմ, ավելի համեղ լինի: Պետք է սրտացավ լինել, գործը հարկավոր է սիրով անել. զինվորներիս միշտ ասում եմ. «Ես ձեզ համար ամեն ինչ անում եմ, սակայն իմ երեխաների համար անգամ ճաշ չեմ հասցնում պատրաստել»: Աղջկաս էլ մի քանի օր առաջ ասում էի, որ մեր ճաշարանի կաթսաներն ավելի մաքուր են, քան տանը: Իսկ իմ խոհարարներին հորդորում եմ. «Արեք այնպես, ինչպես կանեիք ձեր երեխայի համար»: Զինվորը նույնպես իմ երեխան է, եկել եմ որդիներիս համար ճաշ պատրաստելու: Իհարկե, կան խոհարարական հմտություններ, որոնք նույնպես կիրառում եմ:
- Ընհանրապես ընդունված է ասել, որ բանակը տղամարդու գործն է: Ինչպե՞ս կգնահատեք կնոջ դերը այս համակարգում:
- Պատերազմի ժամանակ շատ կարեւոր էր կնոջ ներկայությունը: Հիշում եմ, 1991 թվականի նոյեմբերի 20-ն էր, երբ ժամանեցինք Կոռնիձորի շտաբ, տեսանքՙ տղաները սոված են, անմիջապես ինքնաեռ բերեցինք, սուրճ եւ թեյ պատրաստեցինք, գյուղացիները կարտոֆիլ տվեցին, որ կերակուր պատրաստենք: Միջանցքում լսեցինք Վազգեն Սարգսյանի ձայնը, քաջալերում էր տղաներին, նրանցից մեկն ասաց, որ իրավիճակը վատ է, պահն էլ` չափազանց անհարմար (մենք պատրաստվում էինք հարձակման): Վազգենը դուռը բացեց, մենք այդ պահին թեյ էինք լցնում, նայեց մեզ ու ասաց. «Բա ասում եքՙ վտանգավոր է, վատ վիճակ է, հիմա այստեղ կանայք կան, եթե նրանց համար վտանգավոր չէ, էլ ի՞նչ վտանգի մասին եք խոսում»: Կնոջ ներկայությամբ տղամարդիկ ավելի զգաստ են լինում, կան բաներ, որ ավելի գեղեցիկ են կատարում, առավել խիզախ են եւ զուսպ: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ այժմ կնոջ դերը չափազանց կարեւոր է: Երբ ես ճաշարանում եմ, զինվորը չի համարձակվում գլխարկով ճաշարան մտնել կամ այլ կարգապահական նորմ խախտել: Սիրում եմ կարգապահությունը: Միշտ զինվորներին ասում եմ. «Դրսում ով ուզում եք եղեք, ճաշարան մի մարդու պես մտնում եք ու դուրս գալիս»:
ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ