Մարտի 13-ին լրանում է հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան 115-ամյակը, նոյեմբերի 27-ինՙ մահվան 75-րդ տարելիցը եւ գրական գործունեության 100-ամյակը: Տարին հայտարարվել է Չարենցյան:
«Ազգը» զրուցեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենուհի Լիլիթ Հակոբյանի հետ եւ տեղեկացավ, որ ամբողջ տարվա ընթացքում հանրապետությունում եւ Արցախում անցկացվելու են բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ: Արդեն կազմվել է միջոցառումների մի մեծ փաթեթ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության, ՀԳ միության, ՀՀ կրթության, գիտության նախարարության եւ Չարենցի տուն-թանգարանի համատեղ առաջարկներով: Միջոցառումների մեկնարկը կտրվի մարտի 13-ինՙ Չարենցի տուն-թանգարանից (ժամըՙ 11:00-ին): 115 գանգրահեր երիտասարդների, մտավորականների, Երեւանի դպրոցների սաների, բուհերի ուսանողների, գրողների, չարենցապաշտ-չարենցասերների շքերթը կանցնի Երեւանի փողոցներով եւ կանգ կառնի Չարենցի հուշարձանի մոտ: Հուշարձանի տարածքում կկայանա «Պոեզիայի տոն», որը մինչեւ ուշ երեկո կշարունակվի Չարենցի տուն-թանգարանում:
Միջոցառումների ցանկում ծրագրված է թանգարանում եւ դպրոցներում անցկացնել բաց դասեր, թեմատիկ դասեր, չարենցյան ընթերցումներ (ուսուցիչների եւ դպրոցականների մասնակցությամբ), լավագույն շարադրության, լավագույն նկարների մրցույթներ: Կլինեն նաեւ ցուցահանդեսներ, որոնց առանցքը կլինեն չարենցյան թեմաները:
Այս տարի, ավանդույթի համաձայն, կանցկացվի «Եղիշե Չարենցի անվան» հանրապետական ասմունքի փառատոնը: Ի դեպ, այդ փառատոնը նույնպես հոբելյանական էՙ լրանում է 10-րդ տարին եւ ամբողջովին նվիրվում է Չարենցի ստեղծագործություններին: Թանգարանը պատրաստվում է տպագրության հանձնել Եղիշե Չարենցին նվիրված երեք գիրք: Դրանք ենՙ «Չարենց-115»ՙ օժանդակ գրականության ձեռնարկ աշակերտների եւ ուսուցիչների համար, աշխարհի 26 լեզվով տպագրված Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հավաքական գրքույկը, եւ երրորդըՙ անգլերեն լեզվով Չարենցի ստեղծագործությունների ընտրանին: Նախատեսվում են նաեւ գիտաժողովներ, դասախոսություններ, զեկուցումներ թանգարանում, ԳԱԱ գրականության ինստիտուտում եւ ԵՊՀ-ում, որոնց կմասնակցեն գրականագետներ, ասմունքողներ եւ այլն:
Չարենցյան միջոցառումները կեզրափակվեն նոյեմբերի 27-ին, գրողի մահվան տարելիցի օրը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք մեծ համերգով, որը նույնպես նվիրվում է Չարենցին:
Չարենցյան տարին սկսված է եւ գրողին նվիրված բոլոր ձեռնարկները կընթանան ողջ տարվա ընթացքում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ