Մարտի 9-ին լրանում է հայտնի լեզվաբան, մանկավարժ-դասախոս, հրապարակախոս, հայոց լեզվի մեծ պաշտպան, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 90-ամյակը: Մեր թերթի համար, որի էջերում հանգուցյալ լեզվաբանն ու լեզվաշինարարը տասնյակ հոդվածներ է ստորագրել, պարագայական առիթ չէ այս հոբելյանը, այլՙ նման մտավորականի, մարտնչող հայագետի կարիքը մեր օրերում եւս շեշտադրելու պատեհություն: Ռաֆայել Իշխանյանի մեծագույն ստեղծագործությունը, մեր համոզմամբ, նրա մշակած եւ պայքարների գնով ընդունել տված ՀՀ լեզվի մասին օրենքն է: Օրենքՙ որ ամեն օր բռնաբարվում է մեր նորելուկ գործարարների, գավառամիտ չինովնիկների ու տգետ երիտասարդների կողմից: Ահա թե ինչու մենք այսօր էլ, ինչպես իր ժամանակին, փնտրում, կարիքն ենք զգում Ռ. Իշխանյանի նման մարտիկների:
Հոբելյանի առիթով առայժմ բավարարվում ենք մեր ժամանակների լավագույն հետաքննող լրագրողներիցՙ գրող-էսսեիստ Մարգո Ղուկասյանի անտիպ այս նամակով, որի հաստատումներն այնքան բնորոշիչ են:
Սիրելի Ռաֆայել, թանկագին բարեկամս.
Այսօր ավարտեցի գրքիդ ընթերցումը: Ընդամենը 50-60 էջ էի կարդացել, որ քեզ նամակ գրելու միտք հղացա:
Տպավորությունն այնքան ուժեղ էր եւ ստացած բավականությունը մեծ, որ որոշեցի այս կերպ արտահայտել վերաբերմունքս:
Սկզբում այնքան էլ որոշակի չէի պատկերացնում, թե ինչն է հատկապես դրա պատճառը: Սակայն, աստիճանաբար, գրքի ընթերցանության ավարտին մոտ, հասկացա` մի քանի հանգամանք կա, որոնց մասին էլ ուզում եմ խոսել քեզ հետ:
Նախ. քո խոսքի՛ եւ քո գործի՛ ներդաշնակությունը: (Դա երեւում է առաջին իսկ էջերից): Այս տեսակետից քո գիրքը կարող է բացառիկ օրինակ ծառայել: Իմ կարծիքով, այսօր արմատացած բազմաթիվ թերությունները, գիտության ասպարեզում լինի, տնտեսության մեջ, թե իշխանության բարձր ոլորտներում, սկիզբ են առնում նրանից, որ ասվում է մի բան, արվում է մեկ այլ բան: Կամ` գրում են մի բան, իսկ կյանքում վարվում գրածին հակառակ: Էլ չեմ խոսում ընդունված օրենքների մասին` ճիշտ եւ օգտակար օրենքների, որոնք շատ անհրաժեշտ են, սակայն... չեն իրագործվում, չեն կիրառվում:
Երկրորդ. քո անաչառ եւ ազնիվ մոտեցումը քննարկվող հարցին:
Քո անհամաձայնությունը որոշ լեզվաբանների հետ չափազանց համոզիչ է եւ անշահախնդիր: Մնում ես ապշած, թե ոմանք ինչքան անսիրտ մոտեցում կարող են ունենալ գիտության խնդիրներին, որքան կարող են հեռանալ փաստից, հետեւաբար եւ իրականությունից, որ, օրինակ, բազմաթիվ ուսանողներ, ու նաեւ այլք, Չամուռճյան հարգարժան ազգանունը կարող են բառացի հասկանալ: Եվ, ընդհանրապես այս կարգի որքան բան պարզվեց ինձ համար, որ երբեք էլ չէր իմացվի, եթե քո գիրքը չհրատարակվեր: Ուղղակի կարելի է ասելՙ գլխիվայր կանգնած ահագին բան շրջել ես եւ հիմնավոր դրել ոտքերի վրա:
Երրորդ. «Արեւելահայ բանաստեղծության լեզվի պատմություն». այս գիրքդ է, որ մղեց գրելու այս տողերը: Ըստ իս, վերնագիրը նեղ է գրքի համար, քանզի ընդգրկումը շատ ավելի մեծ է:
Սիրելիդ իմ Ռաֆայել, էջ առ էջ, գլուխ առ գլուխ իմ մեջ ամբողջանում էր մի գեղեցիկ պատկեր. հոսում է առուն եւ ճանապարհին իր մեջ է ներառում անթիվ առվակներ, դառնում է գետակ, եւ որքան առաջանում է, զուլալվում է, հոսքը սահուն ու ինքնավստահ է ընթանում, աստիճանաբար դառնում է գետ ի հաշիվ նույնիսկ լեռներից, ձորերից, քարակարկառներից, մինչեւ իսկ անձրեւի եւ ստորգետնյա ջրերից հարստանալով: Սա՛ է ազնվացած, սրբացած այդ ջուրը` Հայերենը, տերյանականությամբ հագեցված...
Չափազանց հպարտ եմ, որ ա՛յդ է իմ լեզուն:
Իմ կարծիքով, գրքի ամենամեծ արժանիքն այն է, որ սիրո եւ գնահատանքի նոր ալիք է բարձրանում ընթերցողի մեջ ի նպաստ մայրենի լեզվի: Հավանաբար, հոսող ջուրը եւ լեզուն մի շատ կարեւոր նույնություն ունեն` ինքնամաքրման եւ հարստացման հատկություն:
Գրքի մի քանի հատվածներ հատկապես գրավիչ էին: Օրինակ. արեւմտահայերենի քո արժեւորումը եւ համեմատումը արեւելահայերենի հետ: Նրբաբան էիր, երբ խոսքը վերաբերում էր հակառակ տրամադրություն արտահայտող բառերին:
«Տերյանի բանաստեղծական խառնվածքի որոշ գծեր». այս գլուխն ամբողջությամբ շատ մեծ նորություն էր պարունակում: Ինձ հատկապես հուզեց քո բացատրությունը Տերյանի տխրության եւ թախիծի վերաբերյալ` «Պարզ չէ՞, արդյոք, որ խոսքը բանաստեղծական ներշնչանքի մասին է»: Ընդհանրապես Տերյանի պոեզիայի վերլուծությունը սքանչելի էր սկզբից մինչեւ վերջ, եւ սիրով այդ գլուխը կարդացի երկրորդ անգամ:
Սիրելիդ իմ Ռաֆայել, թանկագին բարեկամս, մշտապես հիացել եմ քեզնով, քո ազնվականությամբ եւ անկաշառությամբ, քո տարողունակությամբ, գիտելիքների պաշարով, մայրենի լեզվի հանդեպ քո խանդոտ սիրով: Վաղուց ի վեր այս է իմ համոզմունքը, որ եւ վերջապես հանձնեցի թղթին:
Բարեկամուհիդ`
ՄԱՐԳՈ ՂՈՒԿԱՍՅԱՆ, 14 հունիսի, 1978 թ.