«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


«ԱՆԽՈՐՀՈՒՐԴ» ՄԻԱՄՍՅԱԿԸ

Թե կանանց նվիրված միամսյակն ուժի մեջ մտնելուց հետո ի՞նչ փոխեց կանանց կյանքում, պատասխանել չեն կարող ոչ կանայք, ոչ տղամարդիկ, ոչ էլ հորինողները: Թերեւս պատասխան չունենալն ավելի լավ է, քան բացասական պատասխանը:

Միամսյակի պատմությունն, ավելի ճիշտՙ նախապատմությունը սկսվեց ապրիլի 7-ից, որը եկեղեցական տոնից զատ դարձավ աշխարհիկ տոն: Նրանց համար, ում թյուրըմբռնման մեջ է գցել տոնական միամսյակը ու ստվերել բուն տոների խորհուրդը, տեղեկացնենք, որ մարտի 8-ին նշվում է կանանց տոնը, իսկ ապրիլի 7-ին` մայրության, գեղեցկության եւ սիրո տոնը: Կանանց տոնը համարվում է միջազգային տոն, իսկ ապրիլի 7-ը հայերիս գնահատանքն է:

Սակայն մինչ մայրության, գեղեցկության տոնի հռչակումը եւ այսօր էլ ապրիլի 7-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ավետման տոնը, այդ օրը նաեւ հռչակվել է մայրության օրհնության օր:

Կանանց ու աղջիկներին շնորհավորելու համար հայերիս 2 օրը բավարար չէին, միամսյակ հորինվեց, մի ամբողջ ամիս տղամարդկանց առջեւ է, կարող են շնորհավորել, երբ ուզենան: Նույնիսկ չգիտես ի՞նչ մտածես` այսպես թեթեւացրի՞ն տղամարդկանց ծախսերը, թե՞ հակառակը: Իսկ կանայք` սպասեն շնորհավորանքի մարտի 8-ի՞ն, թե՞ 10 օր անց: Իրականում 2 տոների հանդեպ անտարբերության ավելի լավ ձեւ հնարավոր չէր գտնել:

Երբ խոսում ենք կանանց միամսյակից, անմիջապես միտքս են գալիս նաեւ լոտոների ու վիճակախաղերի գովազդներն ու դրանք ցույց տվող հեռուստաընկերությունները, որոնք միամսյակի անունից ու մեր համբերությունից օգտվելով ամսվա մեջ հազարավոր անգամներ պարզապես չարչրկում են գեղեցկության տոնն էլ, մայրության միամսյակն էլ: Իսկ երբ զանգում ես համապատասխան հեռուստաընկերություն ու հայտնում գովազդի մասին կարծիքդ, պատասխանողը ոչ միայն հաշվի չի նստում կարծիքիդ հետ ու չի հասկանում քեզ նվիրված տոնի իմաստը, այլեւ կոպիտ պատասխանում է` Ձեզ դուր չի գալիս, փոխեք ալիքը:

Եվ ամեն տարի միամսյակ-միամսյակ ասելով անցկացնում ենք միամսյակը, որը նաեւ դառնում է հրաշալի ժամանակ «գենդերային հավասարությունից» նորից խոսելու, այդ թեմայով վիճելու եւ բանավիճելու համար: Որոշ հասարակական կազմակերպություններ էլ իրենց հերթին են օգտվում, կազմակերպում իրենց ասած «կլոր սեղանները», սակայն «կլոր սեղանից» միամսյակը չի արժեւորվում, ոչ էլ կնոջ իրավունքներն են դրանից ավելանում:

Իրականում կանայք եւ աղջիկները շնորհավորանքի սպասում են հենց այսօր, իսկ գնահատանքի ու սիրո` ոչ թե մի ամիս շարունակ, այլ ամեն օր:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4