«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2012-03-06 | #42, 2012-03-07 | #43, 2012-03-08


ԱԿՑԻԱՙ ՆՎԻՐՎԱԾ ԱՆԱՀԻՏ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒ ԱՐՁԱՆԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒՆ

Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից ստացված տեղեկության, երեկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա, որին մասնակցում էին հարյուրավոր երիտասարդներ: ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչին են փոխանցել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստըՙ հիմնադրամի նախաձեռնությանը միացած ավելի քան 20.000 երիտասարդների ստորագրությամբ:

Մայրության աստվածուհու արձանի մասունքները վերադարձնելուն նվիրված ստորագրությունները հանձնվեցին խորհրդանշական օրՙ մարտի 7-ինՙ կանանց մեկամսյակի մեկնարկի նախօրեին: Համահայկականի վերածված այս ակցիային միացել են նաեւ մի շարք սփյուռքահայ երիտասարդներՙ լոսանջելեսաբնակ Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Նրանք ուղարկել են տարբեր երկրներից հավաքած 1063 ստորագրություն:

Ըստ Ա. Աշոտյանի, այս գործընթացը կարող է հաջողվել միայն հետեւողական լինելու պարագայում. «Ես անձամբ պատրաստվում եմ ե՛ւ որպես պաշտոնյա, ե՛ւ որպես քաղաքական գործիչ, ե՛ւ որպես քաղաքացի այս հարցը բոլոր պատեհ առիթներով բարձրացնել բրիտանական մեր գործընկերների առջեւՙ հույս տածելով, որ մեր պատմության թանգարանում կունենանք ոչ թե արձանի պատճենը, այլ բնօրինակը»:

Ըստ դեսպան Քեթրին Ջեյն Լիչի տեղեկության, Բրիտանական թանգարանից արդեն կա դրական արձագանքՙ Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավոր ցուցադրել Հայաստանում: Այն կդիտվի որպես հայ-բրիտանական հարաբերությունների խորացման եւ թանգարանների միջեւ համագործակցման քայլ:

Արմեն Աշոտյանը, շնորհակալությամբ նշել է, որ հայկական կողմը չի բավարարվելու ժամանակավոր ցուցադրությամբ. «Այս քայլը դիտարկվում է որպես Հայաստանի հասարակությանն ընձեռված հրաշալի առիթՙ վերադարձնելու մեր հպարտությունը, մեր մշակութային արժեքները»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4