Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում նախորդ օրը տեղի ունեցավ Գարեգին Գեւորգյանի «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը:
Այն 77 էջից բաղկացած բանաստեղծությունների ժողովածու է:
«Ժամանակակից հայ գրականությունը ողողված է ոչինչ չասող, մեծածավալ պոետական ժողովածուներով: Ներկայիս պոեզիայի բազմազանության մեջ «Ապրելու իրավունքը» առանձնահատուկ երեւույթ է: Հետեւելով Գարեգինի ստեղծագործական ուղուն` կարող ենք ասել, որ այս գիրքը բացառիկ երեւույթ է ոչ միայն նրա ստեղծագործություններում, այլեւ արդի քնարերգության դաշտում»,- բացման խոսքում ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Գրքի յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ պատասխանատվությամբ եւ բծախնդրությամբ: Երեք բաժիններն էլ մի հետաքրքրական ամբողջություն են, որում ներկայացված են ժամանակի ամբողջ խռովքը, ներկայիս հակասությունները: Բանաստեղծություններում նաեւ սասունցու ապաստարանն է, տունը, մանկությունը, որոնց մասին հիշողությունները օգնում են այլ կերպ վերապրել ոչ հաճելի հուշերը:
Շատ գրքերում բացակայում է այսօրվա ռիթմը, շունչը, իսկ «Ապրելու իրավունք»-ում առկա է այն տագնապը, որը բնորոշ է հայրենիքի ճակատագրով մտահոգ գրողին:
Գրքի խմբագիր Թադեւոս Տոնոյանը գիրքը խմբագրելիս կարեւորել է բանաստեղծի մտածողության եւ հոգեկան ապրումների փոխանցումը ընթերցողին:
«Պետք է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն ուզում, որ հայն իր երկրում գաղթականի կարգավիճակ ունենա, որ ստրուկները հաղթեն արքաներին: Դժվար երկունքով այս հրաշալի ծնունդը պիտի գնահատվի, այսօրվա շնորհանդեսը պիտի խթանի այլ գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու իրավունքը»,- հավելեց Լեւոն Անանյանը:
Խեղված արժեհամակարգի ու բարքերի դեմ Գարեգին Գեւորգյանը պայքարում է իր վճիտ պոեզիայով:
Արվեստագիտության դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը շնորհավորեց գործընկերոջն ու հավաստեց. «Ընթերցողները սիրում են պոեզիան, երբ հասկանում են ամեն ինչ: Խոսքը պետք է լինի պարզ ու պատկերավոր: Գարեգինի ստեղծագործություններից ընթերցողներիս է հասնում այն միտքը, որով նա ապրում է, հուզվում»:
Մանկագիր Սուրեն Մուրադյանը նույնպես կարեւորում է գրքի լույս ընծայումը. «Պոեզիայի հեղեղի մեջ այս գիրքը կարծես մարգարիտ լինի: Գրքում հրաշալի են ներկայացված հատկապես գյուղական պատկերներն ու մանկության օրերի կարոտը»:
Գարեգին Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` ընդգծելով. «Եթե ծնվելու իրավունքը ստանում ենք ի վերուստ, ապա ապրելու իրավունքը վաստակում ենք ժամանակի ընթացքում: Ես սիրում եմ իմ երկիրը, քան այլ երկրի պսպղուն քարերը: Ես իմ ազգի զավակներից եմ եւ ապրում ու ստեղծագործում եմ իմ երկրում իմ ժամանակին համընթաց»:
Շնորհանդեսին ներկա էին համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Գարեգին Գեւորգյանի գրական ընկերները: