Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Թեեւ մրցաշարը վարկանիշային չէ, սակայն հավաքականները մրցաշարին ներկայացել են իրենց ուժեղագույն կազմերով: Այնպես որ մեդալների համար բավականին լուրջ մրցակցություն է ծավալվել:
Առաջինը մրցասպարեզը տրամադրվել է ազատոճային ըմբիշներին: Մրցումների առաջին օրը մրցագորգ դուրս եկան մինչեւ 66 եւ մինչեւ 96 կգ քաշային ըմբիշները: Մեկնարկը հաջող էր հայ ըմբիշների համար, որոնք առաջին մեդալը նվաճեցին: Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր դարձավ մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը:
Առաջին գոտեմարտում Դավիթը մրցեց ավստրիացի Գեորգ Մարչլի հետ: Հայ ըմբիշի առավելությունը նկատելի էր: Առաջին մրցափուլը նա շահեց 3-0 հաշվով, 2-րդում եւս 4 միավոր վաստակեց: 3-րդ մրցափուլում մրցակիցներին չհաջողվեց միավոր վաստակել: Այսպիսով, հաղթելով 3-0 հաշվով, Դավիթ Սաֆարյանը մտավ քառորդ եզրափակիչ: Այդ փուլում նրա մրցակիցն ադրբեջանցի Էմին Ազիզովն էր: Առաջին մրցափուլում Ազիզովը հաղթեց 2-0 հաշվով, մյուս երկուսում մրցակիցները մեկական միավոր վաստակեցին: Սակայն քանի որ այդ մրցափուլերում վերջինը միավոր էր վաստակել Դավիթը, ուստի նրա օգտին գրանցվեց գոտեմարտը:
Կիսաեզրափակիչում Սաֆարյանը գոտեմարտեց ռուսաստանցի Ալան Գոգաեւի հետ: Առաջին երկու մրցափուլերը միեւնույն 2-0 հաշվով շահեց Գոգաեւը, 3-րդն ավարտվեց 0-0 հաշվով: Եզրափակիչի ուղեգիրը նվաճեց Գոգաեւը, որը հաղթելով բուլղարացի Լեոնիդ Բազանին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Իսկ Սաֆարյանն իրավունք ստացավ վիճարկելու բրոնզե մեդալը թուրք Յակուպ Գոռի հետ գոտեմարտում: Հաջողությունն ուղեկցեց հայ ըմբիշին:
Մինչեւ 96 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանն առաջին գոտեմարտում պարտվեց հունգարացի Թամաշ Ֆոդորին ու դուրս մնաց հետագա պայքարից: Չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Աբդուսալամ Գադիսովը, որը եզրափակիչում պարտության մատնեց ուկրաինացի Վալերի Անդրիտցեւին: