Ադրբեջանի պաշտպանության նախարարը Իրանում
Իրան է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Թեհրանում նա ասել է, թե «ոչ ոք չի կարող Ադրբեջանին տրամադրել Իրանի դեմ»: Եթե Իսրայելի վարչապետը չբացահայտեր, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Իրանին հարվածելու հրեական պետության ծրագրին, Սաֆար Աբիեւը կլիներ Թեհրանո՞ւմ, թե՞ Երուսաղեմում: Հավանաբար նրան հենց այդ երկմտանքով էլ Թեհրանում ընդունել են:
Ինչ վերաբերում է Իրանի «դեմ տրամադրելուն», ապա այստեղ Բաքուն բոլորովին այլ տեսակետ ունի: Այն պարզեիպարզ հնչեցրել է Իլհամ Ալիեւի աշխատակազմի բաժնի վարիչ Ալի Հասանովը, որի կարծիքով Իրանում «40 միլիոն ադրբեջանցի է ապրում», եւ Բաքվում չեն ցանկանում, որ իրենց «եղբայրների գլխին ռումբեր պայթեն»: Ստացվում է, որ եթե Իրանում ադրբեջանցիներ չապրեին, ապա Իլհամ Ալիեւի վարչախմբի համար հարեւան երկրի ճակատագիրը որեւէ հետաքրքրություն չէր ներկայացնի:
Բայց տվյալ դեպքում պաշտոնական Բաքվի հայտարարություններում խիստ անհամաձայնություն կա: Բանն այն է, որ Իրանում «40 միլիոն ադրբեջանցիների ապրելու» մասին ընդգծումն արդեն իսկ վկայում է, որ Ադրբեջանն իր հարեւանի հանդեպ կանխատրամադրված է: Քանի որ այդ կերպ Իլհամ Ալիեւի ներկայացուցիչը կարծես թե ակնարկում է, որ Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիների ճակատագիրն ավելի շատ պաշտոնական Բաքվին, քան թե Թեհրանին է հուզում: Գաղտնիք չէ, որ Բաքվում հաստատված տոնացույցի համաձայն դեկտեմբերի 31-ը հռչակված է «աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»:
1989թ. դեկտեմբերի 31-ին Նախիջեւանի հատվածում ավերվել է խորհրդա-իրանական սահմանը, եւ տասնյակհազարավոր մարդիկ, անցնելով Արաքսը, «միավորվել են իրենց եղբայրների հետ»: Նման խայտառակ փաստի բարձրացումը պետական-համազգային տոնի մակարդակի վկայում է, թե որքանով է Ադրբեջանը «չեզոք» վերաբերվում հարեւան երկրի ներքին խնդիրներին: Ասվածին թերեւս արժե ավելացնել նաեւ, որ «համերաշխության օրվա» առթիվ պարտադիր տարածվում է Ադրբեջանի նախագահի` աշխարհի բոլոր ադրբեջանցիներին հղված դիմումը, որտեղ նա իրեն նույնացնում է «նրանց առաջնորդի հետ»:
Նախանցյալ տարվա այդ ուղերձն այնքան անպատշաճ էր, որ Իրանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ պատգամավորներ ստիպված եղան Իլհամ Ալիեւին ցույց տալ իր իսկական տեղը: Չպետք է տեսք ընդունել, ինչպես Բաքվում են անում, թե նման «մանրուքները» մոռացվում են: Ընդհակառակը:
Այսօր ադրբեջանական կողմի «կառուցողականությունը» մի պատճառ ունի. Բաքվում հասկանում են, որ Իրանի դեմ բացահայտ թշնամական գործողությունները կարող են կործանարար լինել հենց Ադրբեջանի համար: Իլհամ Ալիեւը պարզապես չի կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ են իրադարձությունները զարգանալու Իրանի շուրջը: Նա տեղեկացված չէ, ուստի ընտրել է «կառուցողականության» տարբերակը: Իրականում Ադրբեջանն ամեն պահ սպասում է, որ Իրանը «խորտակիչ հարված ստանա»: Բաքվում կարծում են, թե Իրանը շահագրգռված չէ «ուժեղ Ադրբեջանի ներկայությամբ», ուստի իրենք էլ ամեն ինչ անում են, որ Թեհրանը «մշտապես անհանգիստ լինի»:
Սա է իրանա-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս պատկերը: Եվ նման իրավիճակում ավելորդ է ասել, թե «ոչ ոք չի կարող Ադրբեջանին Իրանի դեմ տրամադրել»: Քանի որ արդեն իսկ տրամադրվածին էլ ի՞նչ տրամադրեն: Խնդիրն այն է, որ իրանական կողմը, հակառակ Բաքվի սպասելիքների, բավական սառնասրտորեն է գնահատել պահը եւ կանխարգելիչ քայլերով հասկացրել, թե ով կարող է իրականում տուժել, եթե ֆորս մաժոր առաջանա:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ