«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2012-03-08 | #44, 2012-03-13 | #45, 2012-03-14


«ՀԱՅ ՀՐՈՍԱԿԱԽՄԲԵՐԸ 518 ՀԱԶԱՐ ՄԱՐԴՈՒ ԵՆ ՍՊԱՆԵԼ»

Հայտարարում է Հալաչօղլունՙ ընդգծելով, որ մինչեւ 1915-ի մայիսը սպանել էին նաեւ 128 հազար թուրքի

Փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում վարչապետ Էրդողանի կառավարությունը կազմակերպել էր Խոջալուի «կոտորածի» ոգեկոչման հանրահավաք, որը վերածվեց հայատյացության ցույցի: Հանրահավաքի մասնակից թուրք-ադրբեջանական հրոսակների շուրջ 100-հազարանոց խառնամբոխը ոչ միայն հայերին վիրավորող, հանգուցյալ Հրանտ Դինքի հիշատակն անարգող ցուցապաստառներն էր բարձրացրել, այլեւ բացականչություններով փառաբանել էր մարդասպան Օգյուն Սամասթին եւ կրել սպիտակ բերետ, ինչպիսին Դինքին սպանելու պահին իր գլխին էր դրել Սամասթը:

Այլ կերպ, հանրահավաքում հրոսակաբարո թուրք խառնամբոխը շարունակել է հիանալ վարձու մարդասպանով: Հաշվի առնելով, որ ադրբեջանցի հրոսակն էլ հային սպանելու համար Ռամիլ Սաֆարով կոչված տականքին ազգային հերոս է հռչակել, ապա կարելի է ասել, որ հրոսակաբարո թուրք խառնամբոխն ու ադրբեջանական ոհմակը հիրավի մեկ ազգ են, եւ սրանց միավորում է մարդ սպանելու անասնական բնազդը:

Խնդիրը, սակայն, թուրքական խառնամբոխի եւ ադրբեջանական ոհմակի հայատյացությունը չէ, այլ հանրահավաքում Խոջալուի այսպես կոչված կոտորածի ոգեկոչման պատրվակով հայ ժողովրդին վիրավորելու, թուրքական պետական կառույցների մասնակցությամբ սպանված Հրանտ Դինքի հիշատակը անարգելու ստորության օրինականացումը, որն արեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Շահինըՙ ակտիվորեն մասնակցելով «ոգեկոչման» հանրահավաքին:

Ստամբուլի այս հանրահավաքն իրականում Ֆրանսիայի Սենատի ընդունած ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի արձագանքն էր, թուրքական ժխտողականության դիրքերի սպառումը կասեցնելու անզորության խոստովանություն, ինչպես նաեւ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի յուրահատուկ պատրաստություն, այլապես Էրդողանի կառավարությունը հանձն չէր առնի դրա կազմակերպումը:

Այս ամենի առումով չափազանց հատկանշական է Քյոթահիայի «Դումլուփընար» համալսարանի մարտի 11-ին «Թուրք-հայկական հարաբերություններ» թեմայով կազմակերպված միջոցառումը, որին իբրեւ բանախոս մասնակցել է Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ եւ Մեջլիսի Ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն:

Հալաչօղլուի դասախոսության մասին, ինչպես նշում է «Սոնդաքիքա» կայքէջը, հաղորդագրութամբ տեղեկացրել է համալսարանի ռեկտորատը: Համաձայն դրա, Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Հալաչօղլուն ասել է. «Հայ հրոսակախմբերը 518 հազար մարդու են սպանել: 1914-ի մայիսից մինչեւ 1915-ի մայիսը, այսինքն մինչեւ տեղահանություն նրանք սպանել էին եւս 128 հազար թուրք մահմեդականի: Այս 128 հազարը խաղաղ բնակիչներ եւ գյուղացիներ էին: Այդ նույն կոտորածը իրականացրին նաեւ Խոջալուում: Սարգսյանը որպես պատերազմի հանցագործ անհապաղ պետք է կանգնի միջազգային դատարանի առջեւ: Նրանք, ովքեր «ցեղասպանություն չի եղել» ասելու համար դատապարտում են թուրքերին, չգիտես ինչու անտեսում են իրենց աչքի առջեւ տեղի ունեցած եւ բազմիցս տեսագրված իրողությունը: Միայն Վանում սպանվել է 80 հազար մարդ: Հայերը նրանց միջից վերցրել էին 50 երիտասարդ կանանց, որ տանեն Աղթամար կղզի, սակայն այս կանայք իրենց պատիվը փրկելու համար խեղդամահ եղան Վանա լճում»:

Ակամա հարց է ծագում. ի՞նչ առնչություն ունեն Հալաչօղլուի ասածները «թուրք-հայկական հարաբերություններ» թեմայով կազմակերպված դասախոսության հետ, թե Հալաչօղլուն ակամա խոստովանում է, որ այդ հարաբերությունների ընթացքը Թուրքիայումՙ օսմանյան թե քեմալական, մշտապես կանխորոշել է բռնության նկատմամբ թուրք մարդասպանի հակվածությունն ու հայերին բնաջնջելու նրա մոլուցքը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4