2011 թվականին լրատվամիջոցների դեմ քաղաքացիական հայցերն անհասկանալիորեն ավելացան: Կարծիքին համամիտ է նաեւ փաստաբան Դավիթ Թումասյանը : Անցյալ տարի «Առավոտ» թերթի դեմ եղել է մեկ քաղաքացիական հայց, «Ժամանակ» թերթի դեմ` եւս 1 հայց, «168 ժամ»-ի դեմ` 4 հայց, եւ ամենաշատ հայցերն ուղղված են եղել «Հրապարակ» օրաթերթի դեմ` 6 հայց:
Դավիթ Թումասյանը, սակայն, ընդգծում է` հայցերի մեծ մասն ավարտվել են հաշտությամբ, ինչի համար հաճախ հիմք է դառնում դատական պրոցեսների ժամկետը, որը երբեմն մի տարուց ավելի է տեւում: Հետեւաբար, 2 կողմերը մի հայտարարի են գալիս եւ հրապարակում արդեն հերքման տեքստը:
Սակայն հերքումն էլ չպետք է շահարկվի: Օրինակ` լրագրողը կարող է գրել զրպարտություն ու վիրավորանք պարունակող հոդված, որը կհրատարակվի, իսկ հետո առանց երկար պատմության ու դատարան հասնելուՙ համաձայնության գալ հերքման շուրջն ու հրապարակել հերքումը:
Երեկ «Հենարան» ակումբում բացի փաստաբանից հրավիրված էր նաեւ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, որի կարծիքով զրպարտության ու վիրավորանքի ապաքրեականացումից հետո սկսվեց հայցերի ալիքը. «Հիմնականում իշխանավորները, օլիգարխները, բայց ոչ միայն նրանք ոգեւորվեցին, թե իրենց հայցերով կարող են այս կամ այն թերթը սնանկացնել»:
Թե ի՞նչ կանխատեսումներ կան նախընտրական շրջանի ու ընտրությունների օրվա վերաբերյալ, Արամ Աբրահամյանը պատասխանեց, որ ընտրությունների օրն ավելի վատ բան է սպասվում, երբ լրագրողները նկատեն ու նկարահանեն լցոնման դեպքերը, ապա լցոնող «հաստ վիզ ունեցողները կհարձակվեն լրագրողների վրա ու կխոչընդոտեն նրանց աշխատանքը, իսկ ոստիկանությունը կլինի նրանց, ոչ թե լրագրողների կողմը»: Սակայն նախընտրական արշավի ժամանակ, Արամ Աբրահամյանը կարծում է, զրպարտության ու վիրավորանքի առումով հայցերը չեն ավելանա: Իսկ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ փաստաբանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ դա քրեորեն պատժելի արարք է:
Ի. Պ.