«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2012-03-08 | #44, 2012-03-13 | #45, 2012-03-14


ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈԳՍ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԴՊՐՈՑ ՀԱՍՑՆԵԼԸ

Ընտրությունների օրը նրանք ուշադրության կենտրոնում են, սակայն մինչ այդ կամ դրանից հետո նույն թեկնածուներին նրանց հոգսերը լսելի չեն: Խոսքը Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչների մասին է, որոնք ապրում են տարբեր աստիճանի վթարային 5 շենքերում: Միայն այս հասցեում շուրջ 500 ընտրող կա, եւ ընդհանուր հաշվով` շուրջ 1000 բնակիչ, որոնք մեծ մասամբ սոցիալապես անապահով, աղքատ ու ծայրահեղ աղքատ ընտանիքներից են:

Այստեղ շենքային պայմանները, մեղմ ասած, անմխիթար են, անձրեւի ու հալոցքի ջրերը կաթում են տանիքներից ներս, պատուհանների ապակիների փոխարեն ամրացված են ցելոֆաններ, մի խոսքով` շենքերով շրջելիս կարելի է տեսնել այնպիսի պայմաններ, ինչպիսիք երբեմն հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել:

Թշվառության այս միջավայրում մեծանում են նաեւ երեխաներ ու պատանիներ` 97 դպրոցահասակ եւ ավելի քան 30 նախադպրոցական տարիքի: Դժբախտաբար, նրանց կրթություն ստանալը եւս խնդրի է վերածվել, պատճառը տրանսպորտն է:

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի ուղղությամբ միայն մեկ երթուղային տաքսի է աշխատում` 38 համարը, ինչը բավարար չէ առավոտյան երեխաներին դպրոց ու մանկապարտեզ, իսկ մյուսներին էլ աշխատանքի եւ ինստիտուտ տանելու համար: Երբեմն բնակիչները ստիպված են իրենց ուզած տեղը հասնել 2 երթուղային տաքսի փոխելով: Իսկ եթե դպրոցականը փոքր է, ասենք, առաջին կամ երկրորդ դասարանցի, ծնողը ստիպված ինքն է նրան դպրոց տանում ու վճարում 2 հոգու համար:

Արցախի 4-րդ նրբանցքին ամենամոտը Վ. Տերյանի անվան համար 60 դպրոցն է, ապա` համար 34-ն ու 6-ը, սակայն միայն Տերյանի անվան դպրոց կարելի է հասնել մի երթուղային տաքսիով, մյուսների դեպքում պետք է 2 երթուղային նստել, մինչդեռ Տերյանի անվան դպրոց հաճախում է երեխաներից միայն 40-ը:

Խնդիրն այստեղ ոչ միայն փոխադրամիջոցների սակավությունն է, այլեւ շատ ընտանիքներ չեն կարողանում վճարել երեխաների ու պատանիների ճանապարհածախսը: Եվ այդ պատճառով շատերը բացակայում են դասերից:

9-ամյա Սարգսին դասի ժամին հանդիպեցի հարեւանի տանըՙ երեխաների հետ խաղալիս, որոնք եւս դպրոց չէին գնացել: Սարգիսը սովորում է Վ. Տերյանի անվան դպրոցում, իսկ հարեւանի տանը, որտեղ տեսա նրան, 7 երեխա է ապրում, մեծը 15 տարեկան է, փոքրը` 2 ամսական: Նրանցից երեքը սովորում են գիշերօթիկ դպրոցում, չնայած այդ օրը բոլորն էլ տանն էին:

13-ամյա Սասունը դասի ժամին եւս տանն էր, չնայած Սասունի հայրը հավաստիացնում է` շաբաթական գոնե 2 անգամ տղային դպրոց ուղարկում է:

Շենքային պայմանների ու տրանսպորտի վիճակից բնակիչները բազմիցս բողոքել են տարբեր գերատեսչությունների, սակայն դրանից ոչինչ չի բարելավվել:

Բնակիչները մինչեւ հիմա սարսափով հիշում են, որ 7 տարի առաջ տուն գալուց 6 տարեկան մի երեխայի ճանապարհին շները հոշոտել են. տեղի անվտանգությունն էլ մի ուրիշ խնդիր է:

Արմեն Ավետիսյանը նշում է. «Նույնիսկ տղամարդիկ չեն համարձակվում երեկոյան ոտքով տուն գալ. այս տարածքում լիքը շներ կան: Իսկ 38 համարը ժամը 19-ից հետո հազվադեպ է հանդիպում»: Զրուցակիցս պատմում է` 38 համարի երթուղայինին հաճախ 1,5 ժամ սպասել է կանգառում, ապա ստիպված տուն գնացել տաքսիով:

Վթարային այս 5 շենքերի բնակիչները, հնարավորության սահմաններում, փորձել են «լուծում» գտնել: Օրինակ` ծնողներն ամսական 700-ական դրամ գումար են հավաքում, ավտոբուս վարձում, որն օրական միայն մի անգամ երեխաներին տանում է դպրոց : Սակայն սա հարցի լուծում չէ, քանի որ ավտոբուսում տեղավորվում են միայն 40 երեխա, բացի դրանից` հետ գալուց ավտոբուսն այլեւս նրանց տրամադրության տակ չէ, իսկ 38 համարի երթուղային տաքսիների վարորդները, որոնք ճանաչում են երեխաներին, հաճախ նրանց համար չեն կանգնում: Իսկ կանգնելուց, երբ երեխան չի վճարում, վարորդների վերաբերմունքն ավելի քան անհանդուրժող է:

Արցախի 4-րդ նրբանցքին ամենամոտ դպրոցի հեռավորությունը 6,5 կմ է, մինչդեռ «Սուրբ Սանդուխտ» տիկնանց միության նախագահ Արտեմիս Լեփեջյանը տեղեկացնում է, որ «Կրթության մասին» օրենքում նշված է` 5 կմ-ից ավելի հեռու գտնվող հանրակրթական դպրոցների դեպքում պետությունը պետք է փոխհատուցի փոխադրամիջոցի ծախսերը:

«Սուրբ Սանդուխտ» միությունը ձեռնամուխ է եղել Արցախի 4-րդ նրբանցքում ապրող երեխաներին օգնելու հարցին: Տիկին Լեփեջյանը դիմել է տարբեր նախարարությունների, հիմնադրամների ու մարդկանց` ներկայացնելով տրանսպորտի խնդիրը, եւ թե ինչքան են դրանից տուժում առաջին հերթին երեխաները:

«Երեխաների համար առանձին ավտոբուս է հարկավոր, որը նրանց կտանի իրենց դպրոցներն ու մանկապարտեզները, ապա հետ կբերի», ավելացնում է Արտեմիս Լեփեջյանը:

Կազմակերպության դիմումներին առաջինն արձագանքել է պաշտպանության նախարարությունը եւ օգնելու պատրաստակամություն հայտնել: Երեւանի քաղաքապետարանից, Համաշխարհային եկեղեցիների կլոր սեղանից, հիմնադրամներից նույնպես խոստացել են օգնել:

«Դիմել ենք նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, մինչեւ այս ամսվա վերջ նրանից պատասխան կստանանք», նշում է տիկին Լեփեջյանը:

Խոստումները շատ են, սակայն յուրաքանչյուրի տրամադրած գումարի չափը դեռեւս պարզ չէ: Տիկին Լեփեջյանը սպասում է նրանց գրավոր պատասխաններին, թեեւ համոզված է` բոլոր խոստացողները կպահեն իրենց խոստումը:

Տրամադրված գումարով երեխաների համար գնելու են ավտոբուս, որն ամբողջ օրը լինելու է նրանց տրամադրության տակ: Եվ նրանց ամեն օր տանելու է դպրոց, մանկապարտեզ եւ հետ բերելու տուն, ինչի համար ծնողներն այլեւս չեն վճարելու:

Նախընտրական այս շրջանում, հուսով ենք, խնդիրը կլուծվի, եւ դա նախընտրական մյուս խոստումների նման չի հնչի միայն օդի մեջ: Իսկ բնակիչների հանդեպ այսուհետեւ մեր պաշտոնյաներն ու թեկնածուներն ուշադիր կլինեն ոչ միայն ընտրությունների օրերին, երբ նրանց հետեւից մեքենաներով գալիս են Արցախի 4-րդ նրբանցք եւ մեքենաներով տանում ընտրության, այլեւ նրանց հոգսերն ուշադրության կարժանանան գոնե նախընտրական շրջանում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Նկար 1. Արցախի 4-րդ նրբանցքի «բնակարաններից» մեկում


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4