Հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կանցկացվի «Ազգային կինոյի մրցանախաբաշխություն», որը հավակնում է դառնալ հայկական Օսկար: «Ազգը» անդրադարձել է այդ մրցանակաբաշխությանը, որը միտված է զարգացնելու ազգային կինոարտադրությունը եւ բացահայտելու նոր անուններ: Անդրանիկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում:
«Ազգը» զրուցեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն, մրցանակաբաշխության նախագահ Գեւորգ Գեւորգյանի հետ եւ տեղեկացավ, որ մրցույթի մասնակցության ներկայացված 103 ֆիլմերըՙ հեղինակների հայեցողությամբ առաջադրվել են 12 անվանակարգերում, որոնցից 36-ը ժյուրիի կողմից գաղտնի քվեարկությամբ ընտրվել են որպես մրցանակի հավակնորդ: «Կինոն խմբակային աշխատանքի արդյունք է եւ հարկ է, որ ֆիլմի ստեղծմանը մասնակցածները նույնպես գնահատվեն ըստ արժանվույն: Կինոն ցուցադրելուց զատ, փառատոներին մասնակցելուց զատ, հարց առաջացավ, ժամանակն է, որ հանդիսատեսը գնահատի այն մարդկանց աշխատանքը, որոնք ստեղծում են կինոն: Եվ դրա լավագույն ձեւը «Ազգային կինոյի մրցանակաբաշխությունն է», որով կարժեւորվի հայկական կինոյի ստեղծողների աշխատանքը: Քանի որ առաջին անգամն է, որոշեցինք մեր անկախության 20 տարիներին ստեղծված ֆիլմերը ամփոփել, իսկ հետո կանդրադառնանք ամեն տարվա ընթացքում ստեղծված ֆիլմերին»:
Բացի 12 անվանակարգերից, «Հայակ» արձանիկը կտրվի նաեւ «Կինոյում 20 տարվա ներդրման համար» լրացուցիչ մրցանակը: «Ազգային կինոկենտրոնի», «Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի» եւ Orange ընկերության հետ համատեղ իրականացվելու է այսպես կոչված հայկական Օսկար «Հայակ» անդրանիկ մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է վերջին 20 տարիներին արտադրված ֆիլմերի 90 տոկոսը: Իսկ դրանցից լավագույն երեքըՙ կներկայացվի եւ ինչպես ընդունված է, հանդիսատեսի ներկայությամբ կբացվի գաղտնի ծրարը եւ կհայտարարվի, թե այդ երեքից որ մեկն է արժանացել «Հայակ» արձանիկին: Իսկ երկրորդ եւ երրորդ տեղեր գրավածներին կհանձնվի դիպլոմներ ու հուշանվերներ: Միջոցառման ռեժիսոր Արամ Սուքիասյանը վերջին նախապատրաստական աշխատանքներն է անում: Ի դեպ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը այդ մրցույթի համար գրել է հատուկ երաժշտություն: Ինչպես տեղեկացրեց պրն Գեւորգյանը, մրցանակաբաշխությանը մասնակցելու են հրավիրվել Կարեն Շահնազարովը, Արմեն Մեդվեդեւը, Արա Աբրահամյանը եւ շատ ուրիշներ ոչ միայն կինոաշխարհից, այլեւ տարբեր բնագավառներից ու տարբեր երկրներից:
Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, որը գլխավորում է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Լավագույն խաղարկային ֆիլմ անվանակարգում հաղթելու հավակնորդ են ընտրվել ռեժիսորներ Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ Վիգեն Չալդրանյանի «Որտե՞ղ էիր մարդ Աստծո», «Ժանո» եւ «Ձայն բարբառո...» ֆիլմերը: Լավագույն ռեժիսոր անվանակարգում ներկայացված 15 հայտից ընտրվել են Հարություն Խաչատրյանը «Սահման», Դմիտրի Կեսայանցը «Անիծվածները» եւ Վիգեն Չալդրանյանը «Ձայն բարբառո...» ֆիլմերով: Լավագույն օպերատոր անվանակարգին են հավակնում Լեւոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը եւ Վրեժ Պետրոսյանը: Լավագույն սցենարի հեղինակՙ Առնոլդ Աղաբաբովը, Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան-Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան-Ա. Այվազյան-Ա. Ստեփանյան: Լավագույն նկարիչՙ «Քրմուհին», «Ժանո» եւ «Մի նայիր հայելուն» ֆիլմերի նկարիչներ Վիգեն Չալդրանյան-Վարդան Սեդրակյան: Լավագույն կոմպոզիտորՙ Վահագն Հայրապետյան, Վաչե Շարաֆյան, Յուրի Հարությունյան: Լավագույն դերասանուհիՙ Աննա Էլբակյան, Անահիտ Հարությունյան եւ Ռուզան Վիթ Մեսրոպյան: Լավագույն դերասանՙ Ժան Պիեռ Նշանյան, Նիկոլայ Ծատուրյան, Միքայել Պողոսյան: Լավագույն կարճամետրաժ ֆիլմՙ «Յարխուշտա», «Մեծ տոն» եւ «Ցատկերթ», իսկ վավերագրական ֆիլմՙ «Արարատից Սիոն», «Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին» եւ «Նարեկացի որոնելիս»: Լավագույն անիմացիոն ֆիլմՙ «Հայրեններ», «Սասունցի Դավիթ» եւ «Տարաշխարհիկներ» ֆիլմերը: Լավագույն դեբյուտ անվանակարգում ներկայացված 13 հայտերից ընտրվել են Հովհ. Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Գուժ Թադեւոսյանի «Մարգար պապ» եւ Արտակ Իգիթյանի ու Վահան Ստեփանյանի «Վանա ծովում արշալույսը» ֆիլմերը: Սցենարիստ եւ ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի կարծիքով, վերջին տարիներին նկարահանած ֆիլմերում բացակայում է դրամատուրգիան ու նկարահանման թերի տեխնիկայով են դրանք արվել, որը մասնագիտական մոտեցում չի կարելի համարել:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ