«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2012-03-08 | #44, 2012-03-13 | #45, 2012-03-14


ՈՐՈՇՎԵՑԻՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Երեւանում գտնվող Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստության կենտրոնում ավարտվեց մինչեւ 18 տարեկանների հանդբոլի պատանիների եւ աղջիկների հանրապետական առաջնությունների առաջին շրջանը:

Առաջինը մրցասպարեզ դուրս եկան պատանիները: Պայքարի ոլորտը ներգրավված 7 թիմեր վիճարկեցին 2-րդ շրջանի 6 ուղեգրերը: Թիմերը բաժանվել էին 2 խմբի: Առաջինում ընդգրկված էին հանդբոլի մասնագիտացված մարզադպրոցի (ՀՄԴ), Վանաձորի, Արցախի եւ Գյումրիի հավաքականները, 2-րդում մրցավեճի էին բռնվել Շենգավիթի, Աջափնյակի եւ Ալավերդու ընտրանիները:

Բոլորից հաջող հանդես եկավ եւ առաջին շրջանի հաղթող ճանաչվեց Վանաձորի հավաքականը, որը հաղթեց իր բոլոր մրցակիցներին: Մեկնարկում վանաձորցիները պարտության մատնեցին Արցախի (34-22) եւ Գյումրիի (30-16) հավաքականներին: 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում 2 առաջատարներիՙ Վանաձորի եւ ՀՄԴ-ի հավաքականների մրցավեճն էր: Վերջինս մինչ այդ եւս 2 հաղթանակ էր տոնել Գյումրիի (34-8) եւ Արցախի (31-17) հավաքականների նկատմամբ: Նախորդ 2 տարիների ՀՀ չեմպիոնների մրցավեճն անցավ դիտարժան պայքարում եւ ավարտվեց վանաձորցիների հաղթանակով (32-27):

Մրցաշարային աղյուսակում թիմերը տեղաբաշխվեցին հետեւյալ հերթականությամբ. Վանաձոր, Աջափնյակ, ՀՄԴ, Շենգավիթ, Արցախ, Ալավերդի, Գյումրի: Առաջին 6 թիմերը պայքարը կշարունակեն չեմպիոնի տիտղոսի համար:

Մրցաշարի արդյունքներով կազմավորվեց Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի Բելգրադում մարտի վերջին կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարին: Մեր հավաքականը կմրցի Բելգիայի եւ Սերբիայի հավաքականների հետ:

Մինչեւ 18 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության առաջին շրջանում հանդես եկան 4 թիմեր: Մրցակիցների նկատմամբ իր գերազանցությունը դրսեւորեց Շենգավիթի հավաքականը, որը 3 խաղերում էլ հաղթեց: Առաջին օրը շենգավիթցիները 35-17 հաշվով պարտության մատնեցին վանաձորցիներին: 2-րդ խաղում Հայաստանի գործող չեմպիոնը մեծ առավելությամբ հաղթեց Արցախի հավաքականին (25-5):

Առաջին տեղի հարցը որոշվեց Շենգավիթի եւ ՀՄԴ-ի հավաքականների մրցավեճում: Վերջինս մինչ այդ հաղթել էր Արցախին (35-15) եւ Վանաձորին (24-15): Վճռորոշ խաղում էլ շենգավիթցիներն իրենց լավագույն կողմերով դրսեւորեցին ու մրցակցին պարտության մատնեցին 19-15 հաշվով:

Աղջիկների մրցաշարի արդյունքներով էլ կազմավորվեց Հայաստանի հավաքականը, որը մարտի 21-ին մասնակցելու է Բուլղարիայում մեկնարկելիք «Չելենջ տրոֆի» մրցաշարին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4