Հայաստանի ոստիկանությունն այսօր կառավարության հաստատմանը կներկայացնի օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք կոչված են պարզեցնելու տրանսպորտային միջոցների պետական գրանցման եւ հաշվառման ընթացակարգը:
Ներկայումս, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի համաձայն, արգելվում է առանց ԱՊՊԱ պայմանագրի եւ գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանuպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանuպորտային միջոցների uեփականության իրավունքի գրանցում իրականացնելը: Հետեւաբար, տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս, ԱՊՊԱ պայմանագրի ստուգման եւ դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն է սահմանված: Այդ գործընթացը պահանջում է բավականին ժամանակ, որն էականորեն ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների ծառայությունների որակի վրա` վերջիններիս ծանրաբեռնելով ավելորդ պարտականություններով, իսկ քաղաքացիների համար առաջացնելով զգալի բարդություններ:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի առաջարկվող փոփոխությամբ, սահմանվում են այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան վերը նշված ոլորտի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:
Տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու են հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները: Իսկ նշված ոլորտում իրավախախտումները հայտնաբերվելու են տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից:
Նախագծերի ընդունմամբ տրանսպորտային միջոցի պետական գրանցման եւ հաշվառման կարգի պարզեցումից բացի, ակնկալվում է, որ կպաշտպանվեն քաղաքացիների իրավունքները` նրանց ձերբազատելով լրացուցիչ խնդիրներից:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ