«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2012-03-13 | #45, 2012-03-14 | #46, 2012-03-15


ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ, ՈՐ ԱՅՍՕՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՄԱՇՏՈՑԻ ԱՅԳՈՒ ԽՆԴՐԻՆ

Պայթյունավտանգ վիճակ ոստիկանների եւ բողոքավորների միջեւ

Մաշտոցի այգու համար արդեն մեկ ամիս կռիվ տվող ակտիվիստները քաղաքացիական նախաձեռնություններն ու բնապահպանները երեկ նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին` պահանջելով այսօր կայանալիք կառավարության նիստի օրակարգից հանել «Երեւանի քաղաքապետին լիազորություն վերապահելու մասին» որոշման նախագծի 3-րդ կետը, որով Մաշտոցի այգու կրպակները կապամոնտաժվեն եռամյա ժամկետում: «Սրդեն մեկ ամսից ավելի է, ինչ շարունակվում է Երեւանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային կանաչ տարածքի սեփականության պաշտպանության մեր քաղաքացիական պայքարը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է մեր հարցադրումներին եւ պահանջներին տալ ոչ լիարժեք, միեւնույն ժամանակ իրարամերժ պատասխաններ: Կրկին շեշտում ենք, որ վերը նշված տաղավարների/կրպակների կառուցումն ու տեղադրումն ապօրինի է եւ հակասում է Երեւանի գլխավոր հատակագծին», գրված է վարչապետին ուղղված հաղորդագրությունում:

Ակտիվիստները ներկայացրել են օրենքի խախտման մի շարք կետեր, որոնք թույլ է տվել քաղաքապետարանը Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները այգում տեղադրելիս:

Այսօր ժամը 13-ին Ուսանողական այգու մոտից կմեկնարկի նաեւ ինքնորոշված քաղաքացիների երթը ի փրկություն Մաշտոցի այգու: Երթը կընթանա Օղակաձեւ զբոսայգով, Հյուսիսային պողոտայով, օպերայի տարածքով եւ կավարտվի Մաշտոցի պուրակում: «Տարիներ շարունակ քաղաքային եւ պետական իշխանություններից հանրային տարածքները խլվել են ու շարուակվում են օտարվել` ի շահ մասնավորի: «Մաշտոցի այգու մեկամսյա պայքարով հանրությունը ցույց է տալիս, որ գիտակից է իր իրավունքներին, տեր է կանգնում իր հանրային ունեցվածքին եւ պատրաստ է պահպանել ու ազատագրել հանրային ունեցվածքը մասնավոր բիզնեսից: Սա է մեր գերակա հանրային շահը», ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ակտիվիստները շուրջօրյա հերթապահություն են սկսել այգում: Նրանք մինչեւ ուրբաթ ժամանակ են տվել քաղաքապետին` ապամոնտաժելու կրպակները, հակառակ պարագայում պայքարի քաղաքակիրթ ձեւը կփոխվի, եւ ակտիվիստները սեփական ուժերով այգին «կազատագրեն» կրպակներից: Մաշտոցի պուրակի հարցն արդեն գտնվում է դատարանում: Բնապահպան ակտիվիստները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել, որին մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանց զորակցություն են հայտնել բազմաթիվ արվեստագետներ, դերասաններ, երգիչներ:

Երեկ գիշեր ժամը 9-ի մոտակայքում Մաշտոցի այգում կրքերը բորբոքվեցին ծայր աստիճան, երբ շուրջ 100 ոստիկաններ քաշքշելով քանդեցին ցուցարարների լարած վրանը, որն այդ պահին լեցուն էր քնած եւ արթուն բողոքավորներով: Սկսվեց քաշքշոց, իրարանցում, բազմապատկվեց ոստիկանների քանակը, նրանց տեսքը դարձավ առավել սպառնալից եւ ագրեսիվ: Մոտակա շենքերից եկած բնակիչների հաշվին շատացավ նաեւ ցուցարարների թիվը, որոնք միահամուռ վանկարկում էինՙ «ամոթ, ամոթ»:

Ավելի ուշ, ժամը 23:30-ին մոտ, տարածվեց ոստիկանության հայտարարությունը, որ վրանների տեղադրումը..հասարակական վայրերում խստիվ արգելված է եւ, որ իրենք ժամը 21:30-ի սահմաններում ստիպված են եղել «ապամոնտաժել» վրանը:

Այդ պահին այգում արդեն պայթյունավտանգ իրավիճակ էր:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4